Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՍՊԱՆ ՄԱՅՐԸ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆ ԷՐ

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"Նախորդ օրը՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր 2 դեռահաս երեխաներին եւ փակելով դուռը՝ հեռացել է: Նշված բնակարանում հայտնաբերվեց 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները՝ խեղդամահ վիճակում:

\"\"

Ոստիկանության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատ քաղաքի դեռահասներ Վարդան Ալոյանի եւ Հայկ Ալոյանի սպանության դեպքի առթիվ: Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել:
Մայրը՝ Ռոզա Ալոյանը, ծնվել է Արարատ քաղաքում՝ 1977թ. սեպտեմբերի 24-ին: Վերջինիս մայրը՝ Շողիկ Ալոյանը, տարբեր ամուսնական հարաբերություններից ունեցել է 2 դուստր: Դեռեւս մանկահասակ տարիքում մանկասպանի հայրը լքել է ընտանիքը: Այնուհետեւ նրա մայրը, երրորդ անգամ ամուսնանալով Հ. Թադեւոսյանի հետ, ունեցել է եւս 2 երեխա:
1989թ. Հ. Թադեւոսյանը սպանել է մանկասպանի մորը՝ տանը կացնահարելով նրան, որից հետո Ռոզա Ալոյանը հարազատների կողմից տեղավորվել է Գավառի մանկատուն եւ այնտեղ մնացել մոտ 7 տարի: 1995թ. մանկասպան մայրը ընդունվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական քոլեջ եւ 1997թ. ավարտելով այն՝ ստացել բուժքրոջ որակավորում: Հիշյալ քոլեջում ուսանելու ընթացքում նա ամուսնացել է եւ ամուսնու ծնողների հետ անհաշտության եւ կենցաղային խնդիրներ ունենալու պատճառով ամուսնու հետ տեղափոխվել ու վարձով բնակվել է Երեւանի տարբեր մասերում: Ամուսնական կյանքում եղել է անհաշտ, հաճախակի վիճել ամուսնու հետ:
2003թ., որպես մանկատան սան, նրան բնակարան է հատկացվել Արարատ քաղաքի Շահումյան 69/7 հասցեում:
Շուրջ 6 տարի առաջ բանակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ռ. Ալոյանի խորթ եղբայրը:
Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Ալոյանի ամուսինը հաճախ է լքել ընտանիքը, իսկ երեխաները մնացել են Ռ. Ալոյանի խնամքին, սակայն նրանց կարիքները հոգալու համար Ռ. Ալոյանի ամուսինը պարբերաբար ֆինանսական օգնություն է ցույց տվել ընտանիքին:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան, Ռ. Ալոյանն երեխաներին կերակրել է, որից հետո որոշել է խեղդամահ անել նրանց, այնուհետեւ վերջ տալ իր կյանքին՝ պատճառաբանելով, որ իրեն միայնակ է զգում եւ իր կյանքն անիմաստ է համարում: Այդ նպատակով սեպտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ռ. Ա.-ն շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա հանգույց անելով, ավագ որդուն՝ Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից, խեղդամահ է արել: Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ՝ դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն՝ Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իր կյանքին վերջ տալ, սակայն իր մտադրությունը չի իրագործել: Երեխաներին վերմակով ծածկել է եւ տնից հեռացել՝ ավտոբուսով մեկնելով Երեւան:
Սեպտեմբերի 6-ին ուշ երեկոյան մանկասպանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Ա.-ն «Արարատ քաղաքի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական կաբինետներում հաշվառված չէ: Որոշ տեղեկություններով՝ նրա տանը բազմաթիվ կրոնական գրքեր են հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել