Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԲԱՑՎԵՑ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Երեւանում երեկ տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի ուղարկած հաղորդագրությունից՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի, այնպես էլ Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացման առումով: Բանկն առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետական-մասնավոր համագործակցության գաղափարախոսության ներքո: Բանկի նպատակն է՝ ստեղծել արդյունավետ եւ թափանցիկ մեխանիզմներ՝ հնարավորություն ընձեռելով ողջ հայության համար մասնակցել համահայկական նշանակության բիզնես նախագծերի ֆինանսավորմանը: Բանկը, համագործակցելով տարբեր տեղական եւ միջազգային ֆինանսական կառույցների եւ խոշոր ներդրողների հետ, իրականացնելու է ներդրումներ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում: Չնայած որ նշված ներդրումային ոլորտները ունեն մեծ բիզնես պոտենցիալ, այսօր դրանք գրավիչ չեն առեւտրային բանկերի համար՝ իրենց մեծության, ներդրումների երկարաժամկետ բնույթի կամ ոլորտի նորարար եւ այդ պատճառով ռիսկային դիտարկվելու հետեւանքով: Բանկի գործունեության արդյունքում հաջողված նախագծերը նախադեպ կհանդիսանան ֆինանսական ինստիտուտների համար՝ նոր ներդրումային ոլորտներ մուտք գործելու տեսանկյունից: ԿԲ նախագահը մատնանշել է, որ Համահայկական բանկը, գործելով առեւտրային սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ չի մրցելու այն ոլորտներում, որտեղ ներկայումս հաջողությամբ գործում են ՀՀ տարածքում գործող բանկերը, այդ թվում՝ ավանդների ներգրավման, հաշիվների բացման, ինչպես նաեւ առկա վարկային պրոդուկտների գծով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել