Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրվեժ՝ Սուրբ Սարգիսի դիմաց

Սեպտեմբեր 08,2011 00:00

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու եւ Երեւանում գեղատեսիլ վայր ստեղծելու համար Գրիշա Պետրոսյանը մի հետաքրքիր առաջարկ ունի: Նա Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ արհեստական ջրվեժ կառուցելու առաջարկ է անում քաղաքային իշխանություններին: Ըստ նրա, այդ վայրը շատ հարմար է ջրվեժի համար, քանի որ կիրճում արդեն գոյություն ունի հսկայական ջրամբար. «Եկեղեցու եւ կոնյակի գործարանի միջեւ ընկած հատվածում, ջրանցքի վրա պետք է պոմպ տեղադրվի, որով ջուրը կմղվի վերեւ: Իսկ ջրանցքից մինչեւ եկեղեցու հարող տարածքը՝ 22 մետր է բարձրությունը: Ձորի, այսպես ասած՝ բերանին բետոնե կիսախողովակ է տեղադրվում, պոմպով բարձրացող ջուրը այդ կիսախողովակից նորից թափվելու է ջրանցքը եւ ոչ մի կաթիլ ջուր չի կորչելու: Այսինքն՝ ջրանցքից ջուրը բարձրանալու է եւ ջրվեժի պես նորից թափվելու է ջրանցքը: Շատ գեղեցիկ տեսարան է լինելու՝ հանգստի գոտի ու քաղաքի տեսարժան վայրերից մեկը կդառնա»: Դեռեւս 2009-ին Գ. Պետրոսյանը դիմել է քաղաքապետարան, որտեղից նրան պատասխանել են՝ «Ձեր առաջարկին անդրադառնալը հնարավոր է կոնկրետ նախագծային առաջարկի, դրան համապատասխան կատարված տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկների ներկայացման մեխանիզմների ընտրության պարագայում»: «Ես ինժեներ չեմ, բայց հասկանում եմ, որ դա շատ պարզ մեխանիզմ է եւ ցանկության դեպքում իրենց մասնագետները կարող են նախագծել», ասում է Գ. Պետրոսյանը: 2011-ի հունվարին էլ այս նույն առաջարկի կապակցությամբ քաղաքապետարանից վստահեցրել են, որ այն ընդունվել է ի գիտություն եւ կուսումնասիրվի Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով նախատեսված՝ Հրազդանի կիրճի վերակառուցման եւ վերականգնման ծրագրի շրջանակներում: Սակայն, որոշ ժամանակ անց, պարոն Պետրոսյանին հորդորել են դիմել Կենտրոն վարչական շրջան, որտեղից էլ նրան, ընդամենը մի քանի օր առաջ, պարզապես ցրել են, պատասխանելով, որ իրենց չանհանգստացնի:
Գաղափարն իրականացնելու համար, գուցե մեծ գումարներ կպահանջվեն, սակայն Գ. Պետրոսյանը հույս ունի, որ հանուն զբոսաշրջության զարգացման՝ քաղաքային իշխանությունները գումարներ կգտնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել