Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ՆԵՂՆ ԵՆ ԳՑՈՒՄ

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"Որ զզվեն ու տաքսի վարելու մտքից հրաժարվեն

Նախօրեին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները մոտեցել են Տիգրան Մեծի փողոցում կայանած մի քանի տաքսու վարորդների եւ տեղեկացրել, որ այսուհետեւ պետք է տարեկան 10 հազար դրամ վճարեն Երեւան քաղաքում տաքսի վարելու իրավունք ստանալու համար:
Այս «բարի լուրը» պարզապես վրդովեցրել է տաքսիստներին: Նրանց կարծիքով, ՀՀ կառավարությունը դեռ մի խնդիրը չլուծած՝ նոր խնդիրներ է ստեղծում տաքսի վարողների համար: Ըստ նրանց, առանց այն էլ այսօր շատ անհատ եւ դեղին պետհամարանիշով տաքսիներ անհավասար պայմաններում են աշխատում, այժմ էլ քաղաքապետարանը տաքսիստների համար նոր հարկատեսակ է սահմանում:
«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանն ասաց, որ «ավետաբերները» վարորդներին հորդորել են մինչեւ տարվա վերջ վճարել այդ 10 հազարական դրամները: Վարորդների դժգոհություններին ի պատասխան, վարչական շրջանի աշխատակիցները փորձել են արդարանալ, ասելով՝ «դե, քաղաքապետարանի որոշումն է, տարեկան 10 հազար դրամ ա, էլի, էղածը մեծ բան չի»:
Մեզ հետ զրույցում վարորդներն ու հ/կ-ի ղեկավարը դժգոհեցին, որ նման որոշումները գոնե նախապես քննարկեն շահագրգիռ կողմերի հետ, բացի այդ, նաեւ նախապես հայտարարեն, ոչ թե գան, վարորդներին ստիպեն վճարել: Նշենք, որ տաքսիստները, երբ լիցենզիա են ստանում, դա արդեն նախատեսում է իրավունք՝ տաքսի վարելու համար, ուստի այս նոր հարկատեսակի հիմնավորումն անտրամաբանական է:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի անհատ տաքսիները դաշտից դուրս գան, եւ ոլորտը մնա խոշոր տաքսի-սերվիսներին: Այսօր մայրաքաղաքի բանուկ հատվածներն առանց այն էլ գրավել են սերվիսների տերերը եւ թույլ չեն տալիս անհատ տաքսիները կանգառեն այդ հատվածներում: Օրինակ՝ «Տաշիր» հանրախանութի մոտ «Z» տաքսի սերվիսը տարածք է վերցրել, որտեղ միայն իրենք իրավունք ունեն կայանելու: Գ. Դոստուրյանի խոսքերով՝ «Քաղաքապետը նախ թող այդ հարցը կարգավորի, իր տեղակալին՝ Տարոն Մարգարյանին հրահանգի իր տաքսիները «շրջանայինից» հանի, ու թույլ տա անհատ տաքսիներ էլ կանգնեն, հետո նոր հարկեր սահմանի: Բացի այդ, եթե տարածք են հատկացնում սերվիսների մեքենաների համար, դրանց կողքին քաղաքապետարանը գոնե նման տարածքներ էլ հատկացնի անհատ տաքսիստներին: Այսինքն՝ սկզբում պայմաններ ապահովեն աշխատելու համար, հետո նոր որոշումներ կայացնեն»: Հ/կ-ի ղեկավարի խոսքերով՝ տաքսիների «տարիքային» հարցն էլ դեռեւս մնում է օդից կախված. «Մեզ վստահեցրել էին, որ մեքենաների տարիքային սահմանափակման հարցը կլուծվի շուտով, բայց առյաժմ ոչ մի բան չի եղել: Այսինքն՝ թույլ չեն տալիս 10 տարուց հին մեքենաներ վարել որպես տաքսի, բայց անհատ տաքսիներ կան, որ գերմանական արտադրության են եւ 10 տարուց հին, բայց շատ ավելի լավն են, քան 5 տարվա ռուսական արտադրության ավտոմեքենաները»:
Նոր հարկատեսակի առնչությամբ՝ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» խոստացան պարզաբանել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել