Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՄՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵԼ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը WikiLeaks-ի հրապարակած հեռագրում մեջբերել է 2008թ. հոկտեմբերի 21-ի հանդիպման ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանի արտահայտած հետեւյալ միտքը. «Նա ասաց. «Եթե դուք ասեք ինձ, որ Սերժ Սարգսյանը կարող է լուծել ԼՂ հակամարտությունն ու Թուրքիայի հետ խնդիրը եւ Հայաստանից դուրս բերել ռուսական զորքերը՝ ես կլինեմ նրա թիվ 1 աջակիցը: Նա կասկածում էր, որ Սարգսյանը կարող է հասնել դրան»:
Այս հանդիպումից 3 տարի անց՝ 2011 թվականի հունիսի 23-ին, «Մոսկովսկիե Նովոստի» թերթը հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ նա ոչ միայն միանգամայն դրական էր արտահայտվել այն քայլերի մասին, որոնք Սերժ Սարգսյանը ձեռնարկել էր՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները՝ ասելով. «Նա ամեն ինչ արեց ճիշտ եւ նորմալ», այլ նաեւ փաստորեն հիմնավորել էր Հայաստանում ռուսական զորքերի մնալու անհրաժեշտությունը՝ լրագրողի այն հարցադրմանը, թե Գյումրիում ռուսական ռազմահենակայանը Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի մի մա՞սն է՝ արձագանքելով «100%-ով», եւ համաձայնելով, թե ճիշտ արեցին, որ երկարացրին ռազմահենակայանի պայմանագիրը:
Հիշո՞ւմ է արդյոք որեւէ մեկը, որ ՀԱԿ-ի որեւէ անդամ դրանից հետո հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնած լիներ վերոհիշյալ երկու տեսակետներին: «Առավոտն» այն ժամանակ նույնիսկ մի փորձ արեց մեկնաբանություններ լսել ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանից, որը մինչ այդ ռուսական ոազմահենակայանի տեղակայման ժամկետի երկարացման խիստ ընդդիմախոսներից էր: Սակայն նա սահմանափակվեց «Յուրաքանչյուրն իրավունք ունի սեփական կարծիք արտահայտելու։ Ես լիարժեք օգտվում եմ իմ այդ իրավունքից» պատասխանով:
Հիմա էլ, իհարկե, կարելի էր Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվել, թե ինչպե՞ս ստացվեց, որ չնայած պատրաստ էր Սերժ Սարգսյանի թիվ 1 աջակիցը դառնալ, եթե նա լուծեր Թուրքիային եւ ռուսական զորքերին առնչվող խնդիրները, սակայն լռեց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս կապակցությամբ փաստացի աջակցություն հայտնեց գործող նախագահին: Սակայն ենթադրելի է, որ կա՛մ կստանանք այնպիսի պատասխան, ինչպիսին արդեն տվել էր Երջանիկ Աբգարյանը, կա՛մ էլ գուցե ընդհանրապես չլինի մեկնաբանություն: Հենց այդպես էր արձագանքել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ «Ընդհանրապես ինչ վերաբերում է Wikileaks-ին՝ no comment», երբ «Ա1+»-ը խնդրել էր նրան անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանին Մարի Յովանովիչի տված բնութագրին՝ «խորամանկ»: Սակայն, ի դեպ, նույն Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ բավական ծավալուն մեկնաբանություններով Wikileaks-ի մեկ այլ հեռագրի վերաբերյալ, թե 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի ստացած քվեների քանակը անհամեմատ ավելի բարձր է եղել պաշտոնական 21.5%-ից՝ «Ազատություն» ռ/կ-ին մասնավորապես ասելով, թե ԱՄՆ դիվանագետները հաստատել են այն, ինչ ՀԱԿ-ը հայտարարում է 3.5 տարի։
Վաղուց է ակնհայտ, որ լռելու կամ մեկնաբանելու հարցում եւս վճռորոշ է քաղաքական նպատակահարմարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել