Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"Նա գալիս է կատարյալ ժողովրդավարություն ստեղծելու

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ վերջերս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մի քանի նամակներ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Իր նամակներից մեկով Հայրիկյանը նախագահի՝ այս դեպքում ոչ թե հանրապետության, այլ Հանրապետական կուսակցության, քննարկմանն էր առաջարկել իր տարիների աշխատանքի արդյունքը, որ վերնագրել էր «Կատարյալ ժողովրդավարության մոդել»: Երեկ Հայրիկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ օրն իրեն է զանգահարել կարկառուն հանրապետական Գալուստ Սահակյանը եւ ավետել, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ կուսակցությունում «շատ լուրջ՝ 40 րոպե» քննարկվել է Հայրիկյանի առաջարկը, եւ որ մի օր դրան անպայման կանդրադառնան: Հայրիկյանը հակադարձել է, որ իր գրավոր լուրջ առաջարկին ակնկալում է համապատասխան արձագանք: Հայրիկյան-Սահակյան ջերմ-եղբայրական զրույցն այդքանով ավարտվել է: Ի դեպ, ժողովրդավարության իր առաջարկած մոդելի քննարկման առաջարկ Հայրիկյանն ուղարկել էր նաեւ մյուս կուսակցություններին, իր խոսքով՝ «նույնիսկ ՀՀՇ-ին», որը դեռ իր լռությամբ է «արձագանքել»: Հայրիկյանը տպավորված է Գեղամյանի, Արամ Գ. Սարգսյանի, ՍԻՄ-ի, Գագիկ Ծառուկյանի համագործակցության պատրաստակամությունից: Մեր զրույցից նաեւ պարզվեց, որ Պարույր Հայրիկյանն այս համատեքստում բավականին լուրջ ծրագրեր ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առումով եւ արդեն իսկ սկսել է դրանք կյանքի կոչել:
Ներկայացնում ենք մի հատված Հայրիկյանի հետ զրույցից.
– Երկխոսության առկախումն, ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում:
– Գործընթացները բնականոն ընթացք ստացան:
– Այսի՞նքն:
– Բնականոնը ՀԱԿ-իշխանություն հարաբերություններում առկախվածությունն է: Ես արդեն ասել եմ, որ այդ երկխոսությունը հակասահմանադրական էր. կամ իշխանություններն օրինական չեն, կամ նրանք, ովքեր որ Սահմանադրության պահանջները շրջանցելով՝ ուզում են նոր հարթություններ ստեղծել, հակասահմանադրական են գործում: Այս առկախված, բնականոն վիճակով, փաստորեն, սկսել է գործել սահմանադրական կարգը:
– Ամսի 9-ին ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրել, քաղաքական աշնան բացումն  անելու է եւ սպառնում է, որ հանրահավաքային պայքարի փուլը վերսկսելու է: Այսպիսով Կոնգրեսը նախընտրական փո՞ւլ է մտնում:
– ՀԱԿ-ը ի սկզբանե նախընտրական փուլում էր, հիմա ավելի գրագետ է մոտենում: Հանգամանքներն են դրան նպաստում, քանի որ գրագիտությունը պահանջում էր նախագահական ընտրությունների վրա ժամանակին չծանրանալ: Արկածախնդրությունն ու Սահմանադրությունից չհասկանալը, իհարկե, կարող էին պառլամենտական մեծամասնություն չունենալով նախագահականում հավակնություններ դրսեւորել: Հիմա այնպիսի ժամանակ է, որ ամեն տեսակի անակնկալներ սպասելի են մեր կյանքում, եւ ՀԱԿ-ի հանրահավաքային փուլը կարող է նպաստել ուրիշ երեւույթների: Շատ ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ երկու հիմնական բեւեռ է լինելու, բայց ոչ ոք թող վստահ չլինի, որ ինքն է հիմնական կամ առաջատար բեւեռ լինելու, որովհետեւ Հայաստանում շատ որոշիչ ուժեր կան, որոնք կարող են կշեռքի ծանրությունն այս կամ այն կողմ փոխել: 1998-ով ես դրա փորձն ունեմ: Այնքան էլ երջանիկ չեմ դրանով, բայց ես իմն արեցի՝ սահմանադրական բարեփոխումն արեցի, իսկ թե ով կդառնար նախագահ, ինձ չէր հետաքրքրում: Այնպես որ, հիմա էլ են շատ բաներ հնարավոր: Այդ խնդիրը մենք շատ հստակ դրել ենք՝ պառլամենտում ստանալ 51 տոկոս: Ոչ թե որպես կուսակցություն, Հայրիկյան, այլ թիմ, որը հանուն կատարյալ ժողովրդավարության կկազմակերպի ժողովրդին եւ կստանա 51 տոկոս: Այս գաղափարը կընդունի՞ Սերժը՝ մենք նրան թույլ կտանք մեզ հետ լինել, կընդունի՞ Լեւոնը՝ նրան թույլ կտանք մեզ հետ լինել: Նոր բեւեռի ձեւավորումը կամ որեւէ բեւեռի հզորացումը շատ բան կարող է փոխել:
– Կուսակցական մասնակցության համար կարծես ֆինանսական խնդիրներ կային, դրանք անցա՞ն:
– Դա նախնական փուլում կազդի, բայց կյանքն այնպես է, որ գործողությունների ընթացքը հարցերի լուծում է բերում իր հետ:

Հ. Գ. Հայրիկյանի տեսությամբ՝ որեւէ ընտրողի ձայն անտեսված չի մնալու: Խորհրդարանականները քվեարկելու են եւ պատասխանատու են լինելու իրենց ստացած ձայների չափով: Ավելի հանրամատչելի ասած՝ քվեարկելու են բաժնետիրական ընկերությունների սկզբունքով: Դա եւ համամասնականի, եւ մեծամասնականի տարբերակում է գործելու: Հայրիկյանը պնդում է, որ այսպիսով քաղաքացին արժեք է դառնում, եւ քաղաքական ուժերին առաջարկում է՝ ամեն ինչ մի կողմ դնել, երկիրը կարգի բերել՝ նոր առաջ անցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930