Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴՐԱՆՔ Wikileaks-ի «ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ» ՏԱՐԲԵՐԱԿՆ ԵՆ»

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համոզված է, որ Wikileaks-ի հրապարակումները միտումնավոր թարգմանվում են անորակ եւ սխալ՝ տարընթերցումների պատճառ դառնալով:

– «Վիկիլիքսի» թեման այսօր դարձավ թիվ մեկ թեման: Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ աղմկահարույց բաներ հրապարակվեցին, այդ թվում եւ Ձեր անունը շոշափվեց, ասվեցին բաներ, որ Դուք կամ ուրիշները հնչեցրել եք մասնավոր զրույցներում: Ինչո՞ւ ոչ մեկը, այդ թվում եւ Դուք, ոչ հերքում եւ ոչ էլ հաստատում եք ասվածները:
– Ողջ աշխարհում լուրջ քաղաքական գործիչները ձեռնպահ մնացին Wikileaks-ի հրապարակումների մեկնաբանություններից: Նույնը կատարվում է նաեւ Հայաստանում: Կարծում եմ, որ այս մոտեցումը արդարացված է: Ինձ վերաբերող նյութերից հրապարակվել են երկուսը, որոնք իրենց մեջ կոնֆլիկտածին էլեմենտներ են պարունակում եւ մտնում են միջանձնային հարաբերությունների դաշտ: Հիմա ինձ համար պարզ է դառնում, թե ինչու է այդպիսի վերաբերմունք ձեւավորվել տարբեր երկրներում Wikileaks-ի հրապարակումների նկատմամբ: Հանրության տարբեր շրջանակներում եւ մամուլում շրջանառվող լուրերին արժանահավատ տեսք տալու համար նրանք այդ լուրերը վերագրում են տարբեր պաշտոնատար անձանց՝ «համեմելով» դրանք այդ իսկ պաշտոնատար անձի կողմից իսկապես արտահայտված որոշ մտքերով: Բնականաբար, որեւէ քաղաքական գործիչ, այդ թվում եւ ես, իրեն թույլ չի տա օտարերկրացի դիվանագետի հետ քննարկել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ միմյանց հետ ունեցած միջանձնային հարաբերությունները: Անկեղծորեն ասեմ նաեւ, որ ինձ արգելված է եղել մտնել այդ դաշտ՝ խոսել նման թեմաներով: Այնուամենայնիվ պիտի նշեմ լրատվամիջոցների Wikileaks-ի հրապարակումների անորակ կամ միտումնավոր անորակ թարգմանությունների մասին, մասնավորապես անգլերեն բնօրինակում Գագիկ Ծառուկjանին վերաբերող վիրավորական արտահայտությունները նշված են ոչ թե իմ, այլ դիվանագետի հնչեցրած հարցում, սակայն, ցավոք սրտի, հայերեն թարգմանության մեջ դրանք վերագրվում են ինձ: Այնինչ նույնիսկ միջին մակարդակի անգլերենի իմացությունը բավարար պետք է լիներ այդ տեքստը ճիշտ թարգմանելու համար, եթե, իհարկե, չկար փաստերը խեղաթյուրելու միտում՝ հասկանալի նպատակներով: Անկեղծ ասած՝ ես չեմ հիշում որեւէ դեպք, որ իմ ներկայությամբ օտարերկրյա դիվանագետը վիրավորական արտահայտություններ թույլ տա Գ. Ծառուկյանի կամ այլ պաշտոնյաների հանդեպ: Ինձ թվում է, եւ այդ կարծիքը աստիճանաբար ձեւավորվում է իմ մեջ, որ այս հրապարակումները Wikileaks-ի «վերամշակված» տարբերակն են:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակի համար են դրանք «վերամշակվում»՝ ինչպես ասացիք, եւ ո՞ւմ դեմ են դրանք ուղղված:
– Ակնհայտ է, որ այս «բացահայտումները» ուղղված են ոչ այնքան իշխանությանը, ընդդիմությանը կամ էլ որեւէ պետական գործչին, այլ ուղղված են պետական, քաղաքական, տնտեսական համակարգի քայքայմանն ընդհանրապես, եւ փորձ է արվում հասարակության մեջ ներդնել դանդաղ գործող ինքնաոչնչացման մեխանիզմ: Այդ պատճառով ես այլեւս չեմ կարդալու, չեմ մեկնաբանելու եւ լուրջ չեմ վերաբերվելու այդ կարգի հրապարակումներին:

Հ. Գ. Ըստ էության, Wikileaks-ում հայաստանյան քաղաքական գործիչների մասին միայն «վատ-վատ» բաներ չէ, որ գրվում են, մասնավորապես, նույն Սամվել Նիկոյանի մասով հետեւյալ մեջբերումը. «Ըստ ընդդիմադիր շփումների, քաղաքական հակամարտություններ կային փաստահավաք խմբի հետ՝ սկսած նրա ստեղծման օրից՝ հոկտեմբեր 23, 2008: Ընդդիմությունը պնդում է, որ երկու իշխանամետ նշանակվածներն էլ բազմիցս փորձել են խոչընդոտել խմբի աշխատանքներին: Սամվել Նիկոյանը՝ իշխող Հանրապետական կուսակցությունից, ով նաեւ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, հունիսի սկզբին ասել է դեսպանատան աշխատակցին, որ ծայրահեղ վատ կլինի դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը։ Երբ խումբը ուղարկել է իր եզրակացությունը ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին, Նիկոյանը նշել է, որ նա կկարողանա ներառել դրանք իր եզրափակիչ զեկույցում՝ առանց մեղադրանքներ նետելու իր հանրապետական գործընկերների կողմը»։ Կամ այն, որ մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը եւ աշխատանքը որակվել են որպես «Հայաստանի կառավարության սակավաթիվ պայծառ կետերից մեկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել