Լեռնային Ղարաբաղի ծնողազուրկ երեխաներն այսուհետեւ կունենան իրենց սեփական օթեւանը: ԼՂՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ բարերար Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ Շուշի քաղաքում նախատեսվում է երեխաների խնամքի գիշերօթիկ նոր հաստատության կառուցում: «Հայաստան» հիմնադրամի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանի փոխանցմամբ, գիշերօթիկ հաստատության նախաձեռնությունը ԼՂՀ կառավարությանն է. «ԼՂ-ում 1-ից 15 տարեկան մոտ 100 ծնողազուրկ երեխա է ապրում: Նրանցից 50-ը ներկայումս հանգրվանել է Ստեփանակերտի մանկատանը: Մնացածը օթեւան են գտել հարազատների ընտանիքներում: Գիշերօթիկ հաստատության նոր շենքը նախատեսված կլինի 80 երեխայի համար: Նորակառույց հաստատությունը կունենա նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների բնակության եւ ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, համակարգչային գրադարան, հանդիսության սրահ: Լուծված է նաեւ երեխաների կրթության կազմակերպման հարցը: Նորակառույց հաստատությանը զուգահեռ, կկառուցվի նաեւ պրոֆտեխուսումնարան, որտեղ հետագայում գիշերօթիկի երեխաները կստանան մասնագիտական կրթություն»: