Երեկ իրավապաշտպան 10 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` կապված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրների հետ
Ըստ նրանց, 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ: «Մենք՝ ներքոհիշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակով եւ հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից, անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականությունը՝ ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ՝ քննչական մարմինների եւ արդարադատության կառույցների կողմից, գնահատում ենք ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության եւ/կամ հովանավորչության հետեւանք եւ պահանջում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել՝ 1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում՝ սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը՝ վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները՝ ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երաշխիքներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար, զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը՝ հանդես գալով օրենսդրական առաջարկություններով եւ ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին, հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցումը:
Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ՝ մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջում նրա հրաժարականը»:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»,
«Հայաստանի հելսինկյան կոմիտե»,
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ»,
«Լրագրողները հանուն մարդու իրավունքների»,
«Փաստաբանները հանուն մարդու իրավունքների»,
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,
«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության»,
«Հույս»,
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպություններ: