Անցած շաբաթ Իտալիայի Բանյատիկա քաղաքում անցկացված $10 հազար մրցանակային ֆոնդ ունեցող «Itf Femminile Bagnatica» միջազգային մրցաշարում հայաստանցի 17-ամյա թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, տանելով չորս հաղթանակ, մտավ եզրափակիչ եւ միայն այնտեղ համառ պայքարում 4:6, 4:6 հաշվով զիջեց նորվեգացի Ուլրիկե Էյկերիին: Վերջին երկու տասնամյակում, թերեւս, առաջին անգամ է, որ մեր հանրապետության ներկայացուցիչը նման հաջողություն է ունենում արտագնա մրցապայքարում:
Վերադառնալուց հետո «Առավոտը» խմբագրությունում զրուցեց մարզուհու եւ նրա հոր՝ Ռուբեն Ամիրաղյանի հետ, ով նաեւ Անիի մարզիչն է:
Հարցին, թե վերջին տարիներին հայ թենիսիստները գրեթե չեն մասնակցում արտասահմանում անցկացվող միջազգային մրցաշարերին, հետեւաբար, հաղթելը կամ մրցանակային տեղ գրավելը Սարգիս Սարգսյանից հետո, թերեւս, անիրականանալի էր թվում, Ռուբեն Ամիրաղյանը պատասխանեց. «Թենիսում ամեն շաբաթ տարբեր երկրներում բազմաթիվ միջազգային մրցումներ են անցկացվում: Ու եթե դրանց մասնակցելու ցանկություն ունես, ճիշտը հաջորդաբար մի քանիսին մասնակցելն է: Իսկ դա համապատասխան ծախսեր է պահանջում, ինչը չունեն ոչ մեր ֆեդերացիան, ոչ էլ իրենք՝ թենիսիստները: Սա բացասաբար է անդրադառնում հայ թենիսիստների մրցափորձի կուտակման վրա: Այս բացը լրացնելու նպատակով մեր ֆեդերացիան ի վերջո հասավ այն բանին, որ արդեն Երեւանում միջազգային մրցումներ է կազմակերպում: Դա անչափ օգտակար է մեր թենիսիստների, հատկապես՝ պատանիների ու երիտասարդների համար: Իսկ ինչ վերաբերում է Անիին, ֆեդերացիան, չնայած իր սուղ միջոցներին, նրան աջակցելու հնարավորություն գտնում է»:
– Անի, ո՞րն էր Բանյատիկայում քո հաջողության գրավականը:
– Կարծում եմ՝ տեխնիկաս արդեն բավականացնում է այդպիսի մրցաշարերում պայքար մղելու համար: Բայց մինչ Բանյատիկա մեկնելը, սկսեցի մարզվել նաեւ ֆիզպատրաստականության մարզիչ ընկեր Վահանի մոտ: Դա շատ օգնեց:
– Իսկ Բանյատիկայից ընդամենը երկու օր հետո Սան Ռեմոյի միցաշարի հենց մեկնարկում պարտվեցիր անգլիացի Լյուսի Բրաունին:
– Ինչ-որ բան էի կերել ու երեւի թունավորվել էի: Եթե դա չլիներ, նպատակ ունեի այնտեղ էլ գոնե եզրափակիչ հասնել, որպեսզի, ինչպես Բանյատիկայում, բարձրանար մեր եռագույնը, հնչեր Հայաստանի օրհներգը:
– Պարոն Ամիրաղյան, կարծես արդեն շեշտը դրել եք արտագնա միջազգային մրցումների վրա: Գումարներ ինչպե՞ս եք հայթայթում:
– Այս տարի հովանավոր ունենք: Հիմնականում նա է օգնում:
– Բայց հովանավորները դրա համար որոշակի պահանջներ են ներկայացնում, ասենք՝ իրենց գովազդելը:
– Մեր հովանավորը նման խնդիր չունի: Պարզապես՝ սիրում է թենիսը, տեսել է Անիի խաղը եւ հավատում է նրա առաջընթացին: Նրա պահանջներն ավելի շատ մարզական են եւ համընկնում են մեր նպատակներին:
– Անի, իսկ ո՞րն է քո նպատակը:
– Այս տարի մտնել WTA-ի վարկանիշային դասակարգման առաջին 400-ի մեջ, իսկ հաջորդ տարի գրոհել TOP 100-ը: Ուզում եմ պրոֆեսիոնալ թենիսիստուհի դառնալ: Իսկ վերջնական նպատակս՝ մասնակցել «Մեծ սաղավարտի» մրցաշարերին եւ հաղթել:
– Առաջիկայում նոր մրցաշարերի մասնակցելո՞ւ ես:
– Այո: Սեպտեմբերի 12-ին՝ Վրաստանի մայրաքաղաքում, որը Բանյատիկայի մակարդակի մրցաշար է, 19-ին՝ կրկին Թբիլիսիում, բայց ավելի բարձր կարգի, մեկ շաբաթ անց՝ Թելավիվում, որտեղ մրցաշարի կարգը եւս մեկով բարձր է եւ հոկտեմբերի 3-ին եւ 10-ին՝ Երեւանում: Կարծում եմ, այդ հինգ մրցաշարերի արդյունքով կկարողանամ իրականացնել այս տարվա ծրագիրս՝ մտնել WTA -ի առաջին 400-ի մեջ:
– Իսկ հիմա ո՞րերորդն ես:
– Նոր ցուցակը դեռ չի հրապարակվել: Բայց Իտալիայից հետո պիտի որ ավելի քան 300 աստիճան բարձրանամ ու լինեմ մոտավորապես 650-րդը:
Ռուբեն Ամիրաղյանը հիշեցրեց, որ Հայաստանի թենիսիստուհիներից միայն Աիդա Խալաթյանն է եղել WTA-ի առաջին 600-ի մեջ: Բայց դա ավելի քան քսան տարի առաջ էր:
Արդյո՞ք նախանշած ծրագրերը իրենց իսկ սահմանած ժամկետներում իրատեսական են՝ մեր հետաքրքրասիրությանը, մարզիչ Ռուբեն Ամիրաղյանը պատասխանեց. «Թենիսը շատ է երիտասարդացել: Բարձունքների հասնելու համար առաջ ընկնել հնարավոր չէ: Կարիերա ստեղծելու ժամանակը խիստ սահմանափակ է: Անին մեզ համար դեռ 17 տարեկան է: Բայց մարզաձեւում՝ «արդեն» է: Սա է սպորտի չգրված, բայց իրական օրենքը: Այսօր մենք մեր ապագան տեսնում ու հաշվարկում ենք: Իսկ դրան հասնելու համար պիտի անենք հնարավոր ամեն ինչ՝ Աստծո օգնությամբ»: