Ինչի արդյունքում, ըստ կինոգետ Դավիթ Մուրադյանի՝ «Կինոշոկ-2011» կմեկնեն ընտրյալները
Անապայում սեպտեմբերի 11-20-ը կայանալիք հոբելյանական 20-րդ «Կինոշոկ» փառատոնին Հայաստանը կներկայանա Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմով: Այն ընդգրկված է հիմնական՝ լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի համար ընտրված 14 նկարների շարքում: Ընդ որում, «Թափառումը» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
«Առավոտը» կապվեց կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ: Մինչ կինոակադեմիայի ստեղծումը՝ Կինեմատոգրաֆիստների միությունն ու Կինոկենտրոնն են զբաղվել արտերկրում Հայաստանը ներկայացնող ֆիլմերի ընտրությամբ: Սակայն վերջերս էլեկտրոնային թերթերը տարածել են մի հայտարարություն, թե իբր Դ. Մուրադյանն ասել է, որ այսուհետեւ այդ լիազորությունը վերապահվում է կինոակադեմիային: Հայտարարությունն առաջացրել է մասնագետների տարակուսանքը: Այդ առիթով պարոն Մուրադյանը նախ ասաց. «Ես նման միտք չեմ հայտնել: Հետեւելով տարբեր էլեկտրոնային թերթերի հրապարակումներին, եկել եմ այն եզրակացության, որ տարբեր ոլորտներին վերաբերող զանազան ասեկոսեները, այդ թվում՝ մշակութային, դուրս են գալիս հենց էլեկտրոնայիններից»: Ինչ վերաբերում է «Թափառում» ֆիլմի ընտրությանը, հայտնեց հետեւյալը. «Կինոշոկին» մասնակցության պաշտոնական հրավերը եկել է դեռեւս գարնանը: Փառատոնի գեղարվեստական ծրագրերի պատասխանատու Սերգեյ Զեմլենուխինը եւ այլք ժամանակին այցելել են Հայաստան՝ ֆիլմեր ընտրելու նպատակով: Այս փառատոնին, օրինակ, բացի հիշյալ լիամետրաժ նկարից, «Լավագույն կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընտրվել է Շատյանի «Բեռնելով կյանքս» եւ «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում՝ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը»: Հավելեց նաեւ, որ ի դեմս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, մեր երկիրն այսօր ավելի հաճախ ու ներկայանալի կարող է հանդես գալ միջազգային մրցանակաբաշխություններին, նշելով, որ այդ առիթով Երեւան են ժամանում միջազգային կինոոլորտում հայտնի տարբեր միջոցառումներ անցկացնող պրոդյուսերներ, ուսումնասիրում եղած արտադրանքը, հարցուփորձ անում… Ըստ Դ. Մուրադյանի ձեւակերպման՝ «արտերկրից ժամանած մասնագետները կարծես գալիս են փեսատեսի»: (Հետաքրքիր է՝ ինչո՞ւ փեսատեսի եւ ոչ հարսնատեսի, ինչպես ընդունված է հայերի մոտ- Ս. Դ.): Երբ խնդրեցինք մասնագետի խոսք ասել «Թափառումի» մասին, մեր զրուցակիցը հրաժարվեց: Ասաց միայն. «Հայկական կինոյի պատմության մեջ սա առաջին ռոք օպերա-ֆիլմն է, փաստորեն, առաջին փորձը՝ ժանրը էկրանավորելու, ավելին՝ ճանաչված մասնագետների կարծիքը լսելու համար: Անապայից վերադառնալուն պես կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ ես ու իմ գործընկերները կհայտնենք մեր մասնագիտական կարծիքը եւ կպատասխանենք փառատոնի հետ կապված ցանկացած հարցի»:
Մեր հետաքրքրությանը, թե «Կինոշոկ-2011»-ում կազմակերպված է ոչ մրցութային կարգով հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին եւ ընդգրկվածներն էլ իբր կինոակադեմիայի կողմից առաջարկվել են այս կամ այն ռեժիսորի հանդեպ ունեցած համակրանքի արդյունքում, Դ. Մուրադյանը պատասխանեց. «Հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրություն կազմակերպելը կինոփառատոնի նախաձեռնությունն է: Ֆիլմերը մենք ենք ներկայացրել, սակայն ընտրությունը կատարել են կազմակերպիչները: Կցուցադրվեն Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Երիցյանի «Վերջին լարախաղացը», Խզմալյանի «Դեպի Արարատ», Օհանյանի «Կնոջ երեք գույնը», Մանարյանի «Սասունցի Դավիթ» եւ այլ ֆիլմեր»: