Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հ/կ նախաձեռնությամբ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ (մոտ 20 հազար դոլար) Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում մեկ տարի իրականացվել է «Հզորացնելով գյուղական համայնքը» ծրագիրը, որի նպատակն է տեղական եւ ազգային մակարդակներում որոշումներ կայացնելու գործում մեծացնել գյուղի կանանց դերը: Ամեն մարզից երեքական քաղաք է ընտրվել, ընդհանուր ծրագրին մասնակցել է 120 կին, ում համար կազմակերպվել են դասընթացներ, բարձրացրել նրանց իրազեկվածության աստիճանը:
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հ/կ նախագահ Սվետլանա Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսկերպ փորձում են վերականգնել ավանդույթը, երբ համայնքը պետության մեջ դեր ուներ: «Մեր կանայք նվիրյալ են, աշխատում են կամավորության սկզբունքներով: Մեր ծրագրերին մասնակցող կին կա, որ ասաց. ինչ ԽՍՀՄ-ը փլուզվել է՝ խալաթս հագիցս չեմ հանել: Մենք ուզում ենք, որ կանայք համայնքի կյանքում դեր ունենան, եթե որոշել են քաղաքականությամբ զբաղվել, թող ՏԻՄ ընտրություններից սկսեն, որ պառլամենտում իրենց աշխատանքը արդյունավետ լինի եւ ձեւական չլինի: Այսօր խորհրդարանում ոչ բոլոր կանայք են, որ աշխատում են այնպես, ինչպես հարկ է, որ աշխատեն»,- ասաց տիկին Ասլանյանը:
Իսկ հավաքված կանանց տիկին Ասլանյանը հիշեցրեց, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում պառլամենտի անդամ կնոջը անվանում են «Մայր մեղու» ու ամեն մեղու չէ, որ կարող է Մայր դառնալ:
ՀՀ քաղաքացի կնոջ ակտիվացմանն ուղղված ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը Հայաստան պետությանը հետաքրքիր չէր, պետական որեւէ կառույցի որեւէ ներկայացուցիչ ներկա չէր: