Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցրի եւ գտա ինձ

Սեպտեմբեր 07,2011 00:00

\"\"7 տարի առաջ Հայաստանից ԱՄՆ մեկնեց իրավաբան  Նաիրի Սահյանը՝ բանաստեղծ Համո Սահյանի որդին:

– Ինչո՞ւ գնացիր ԱՄՆ,- այս հարցից էլ սկսվեց մեր զրույցը:
– Այդ տարիներն իմ կյանքի ամենածանր շրջանն էին: Կորցրի մորս, եղբորս, մոտիկներիս: Չունեի աշխատանք, վիճակս ծանր էր, կինս էլ գնացել էր Ամերիկա:
– Ինչո՞վ զբաղվեցիր:
– Լոս Անջելեսի Բրբանք քաղաքի հեռուստատեսությունում սկսեցի վարել հոգեբանական հաղորդաշար: 3 տարի: Հետաքրքիր հաղորդումներ էին, դրական գնահատականներ ստացա, բայց ինձ ոչինչ չտվեց, ապահովություն, որպեսզի կարողանայի ապրել դրանով: Վերադարձա:
– Ի՞նչ ես մտադիր անել:
– Հիմա վարձակալել եմ բնակարան, ուզում եմ ուժերս փորձել այլ բնագավառում՝ գյուղատնտեսության:
– Քաղաքո՞ւմ:
– Ոչ: Հասցրել եմ գնալ ծննդավայրս՝ Սյունիքի մարզ:
– Ձեր մտադրությունների մասին հայտնե՞լ եք որեւէ մեկին: Պետական այրերի հետ հանդիպե՞լ եք:
– Իմ մտադրությունները հնարավոր է իրականացնել աջակցության շնորհիվ: Իսկ միակը՝ ում հետ հանդիպել եմ, Սյունիքի մարզպետն էր:
– Ի՞նչ տվեց ԱՄՆ-ն եւ ի՞նչ ձեռք բերեցիք այնտեղ:
– Կորցրել եմ նյութական առումով, բայց ինքս ինձ գտա: Ինձ գտա՝ որպես մարդ, որպես հայ, հասկացա, որ սա է իմը՝ հայրենիքը: Հայրենիքը երբեմն համեմատում եմ մոր հետ: Լինում է, որ ծննդաբերելուց հետո երեխային գցում են փողոց կամ մանկատուն: Այդ մորը սիրել չի լինի…
– Իսկ քեզ ինչպե՞ս ընդունեց հայկական համայնքը:
– Զարմացած էին, որ հատկապես ես էլ գնացի: Այնտեղ էր Հրաչյա Հովհաննիսյանի դերասանուհի աղջիկը՝ Թամարան, Պարույր Սեւակի բժիշկ որդին՝ Կորյունը, Հովհաննես Շիրազի տաղանդավոր որդիներից՝ Թադեւոսը, որը տաքսի է վարում, որպեսզի ընտանիքը պահի: Սարսափելի է, երբ տեսնում ես, թե մեր գեները որտեղ են եւ ինչով են զբաղված: Շատ վիրավորական է բոլորի՝ ցանկացած հայի համար: Կան մարդիկ, որոնք վերադարձի մասին չեն մտածում, որովհետեւ մի-մի տրագեդիա են թողել Երկրում: Վերադառնալն էլ ծանր է. պայմաններ պիտի լինեն: Հայրենիքը պիտի սպասի նրանց:
– Ի՞նչ տեսար 7 տարի հետո:
– Տեսա սակավ մարդկանց, որոնք Սիրտ ունեն, սրտացավ են: Իսկ քաղաքը փոխվել էր եւ տաք երակը կտրվել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել