Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 07,2011 00:00

\"\"Մոտ 70 տարվա պատմություն ունեցող Դալարիկ գյուղում (Արմավիրի մարզ) գտնվում է մի կիսակառույց, որը հին է թե իր պատմությամբ, թե տարիքով:
Այսօր կիսատ շինությունը դալարիկցիներին հայտնի է «քանդած դպրոց» անունով, որը մեծ ջանքերով եւ ուրախությամբ կառուցվեց, բայց մնաց անավարտ ու իր նպատակին չծառայեց: Լայն ու ընդարձակ տարածք էր նախագծված, ուր մանկան կրթություն եւ խաղ պետք է լիներ, սակայն եղավ հակառակը. շինությունը դարձավ ամայի մի կառույց, որի շուրջը կանաչ է բուսնել ու դարձել արոտավայր:
Դպրոցի շինաշխատանքները սկսվել են 1987 թվականին, շենքը նախատեսված է եղել 784 աշակերտի համար: Նոր դպրոցը ունենալու էր ընդարձակ ու լուսավոր դասասենյակներ, մարզադահլիճ, լաբորատորիա, հրաձգարան, կինոդահլիճ: Դպրոցի համար նախատեսված է եղել կատարել 1,324 խորհրդային ռուբլու շինարարական աշխատանքներ:
Մինչեւ 1988-ի երկրաշարժը՝ աշխատանքները ընթացել են շատ արագ, հետո դադարեցվել. որոշել են ստուգել սեսմակայունությունը: Ստուգել են, հետո շարունակել աշխատանքները, բայց ավարտին չեն հասցրել: Շինարարությանը մասնակցածների գրեթե կեսը Դալարիկի կանայք են եղել: Այժմ շինարարներից քչերն են կենդանի:
Գեւորգ Մանուկյանը կարոտով է հիշում իր հորը՝ Թանգինով Մանուկյանին, ով եղել է աշխատանքի ղեկավարը: «Երբ արդեն դադարեցվել էին դպրոցի աշխատանքները, եւ հայրս աշխատում էր գյուղից դուրս՝ ամեն անգամ տուն վերադառնալիս դուրս էր գալիս, գնում էր իր իսկ կառուցած դպրոցի շուրջ պտտվում ու վերադառնում: Հորս սիրտը շատ էր ցավում, որ դպրոցը այդ վիճակում էր»,- ասում է Գեւորգ Մանուկյանը:
Մարուս տատիկի թոռները հիշում են, թե ինչպես էր նա ափսոսում դպրոցի այդ վիճակի համար, հիշում են նաեւ իրենց տատիկի խոսքերը. «Ոգեւորվածությունս այնքան մեծ էր՝ շինարարության ծանրությունն ու տքնաջանությունը չէի նկատում: Անավարտ մնաց երազանքս՝ թոռներիս ձեռքը բռնած տանել իմ կառուցած դպրոցը»:
Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետարանը չունի բավականաչափ բյուջե, որպեսզի ավարտին հասցնի դպրոցի շինարարությունը: Ու հավելեց, որ Դալարիկը արդեն ունի բարեկարգ ու վերանորոգված դպրոց, որը կարող է ծառայել գյուղի երեխաների համար կրթադաստիարակչական այլ նպատակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել