Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել էր, որ «Յունիբանկն» իրեն առաջարկել է 4 միլիոն դոլարով գնել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը: Բռնցքամարտիկի այս հայտարարությունը էլ ավելի թեժացրեց շուրջ մեկ ամիս առաջ «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ ծագած հակամարտությունը: Երեկ «Առավոտը» «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանին խնդրեց մեկնաբանել Արթուր Աբրահամի ասածները՝ հատկապես որ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում էլ պնդել էր, որ «Յունիբանկի» տնօրինությունը նախապես ծրագրել էր ռեստորանի վաճառքը: Մեր հարցին ի պատասխան, պարոն Աթայանը պատասխանեց. «Մեր կողմից ինչ որ արվում է՝ օրինական գործողություններ են եւ ոչ մի անօրինական բան չկա, եւ մենք պաշտպանում ենք մեր բաժնետերերի շահերը»:
Մ. Տեր-Առաքելյանն էլ, անդրադառնալով Ա. Աբրահամի հայտարարությանը՝ ասաց. «Եթե մինչ օրս «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ ծավալված հակամարտության ժամանակ մենք պնդում էինք, որ Վարդան Աթայանն աչք ունի «Հին Էրիվանի» վրա, որը ինքը հերքում էր, եւ իր տարածած հաղորդագրության մեջ էլ բանկը մեզ հորդորում էր դադարեցնել ստահոդ տեղեկատվություն տարածելը եւ կատարել պայմանագրերով ամրագրված պարտավորվածությունները, ապա այսօր անվանի մարզիկը, որի անունը այս ամենի մեջ հեչ տեղին չէ արծարծելը, չի հերքում, որ իրեն առաջարկվել է «Հին Էրիվանը», ընդ որում՝ թղթակցի հարցին Արթուր Աբրահամը ճշտում է մտցրել, ասելով՝ ոչ թե 7, այլ 4 միլիոնով է առաջարկվել, եւ նշել է, որ այժմ բանակցություններ են ընթանում, եւ չի բացառվում, որ գնեմ: Այսինքն՝ այս ամենից կարելի է հետեւություններ անել, որ «Հին Էրիվանը» երբեւէ ստահոդ տեղեկատվություն չի տարածել, այս հայտարարությունը մեկ անգամ եւս փաստում է այն հանգամանքը, որ իրականում «Յունիբանկի» տնօրենը մեր շենքի վրա աչք ունի եւ զավթողական քաղաքականություն է վարում, քանի որ հենց իրենք չեն ժխտում դա»: