Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետն ընդդեմ գյուղափրկիչ շոուների

Սեպտեմբեր 07,2011 00:00

\"\"Լեռնային, փոքր գյուղերը կործանումից փրկելու նպատակով դեռեւս մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարությունը պաշտոնապես աղքատ ճանաչեց հանրապետության որոշ մարզերի մի շարք գյուղեր: Շիրակի մարզից էլ 15 բերքազուրկ համայնք ընդգրկվեց աղքատների ցանկում՝ սրտատրոփ սպասելով կառավարության օգնությանը: Սակայն կարգավիճակ ստացած գյուղերի բնակիչները մինչ օրս ոչնչով չեն զգում իրենց ընչազուրկ լինելը: Ախուրյանի տարածաշրջանի աղքատ ճանաչված համայնքներից մեկի՝ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանի բնութագրմամբ, ավելի շատ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, քան իրականում օգնում են: «Հայտարարեցին, որ վարկեր են տրամադրելու, կառավարությունը սուբսիդավորելու է բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսաչափը, գարու ու ցորենի սերմացուով պիտի օգնեն, պետությունը պիտի աջակցի, որ էդ աղքատ գյուղերը ոտքի կանգնեն, սակայն առ այսօր ոչինչ չեն արել, միայն ամոթալի անունը շալակեցինք՝ աղքատ: Եթե կարգավիճակ ես տալիս, ուրեմն մի բան պիտի անես, չէ՞, կոնկրետ մեր տարածաշրջանում 2 աղքատ համայնք կա՝ Կարմրաքարն ու Լեռնուտը, որոնց համար բացարձակապես ոչ մի բան չեն արել: Նույնիսկ տեխնիկասարքավորումներ գնելու հարցում չեն օգնում, արդյունքում ստացվում է այն, որ եթե մարդը որոշակի գումարներ խնայել է, կուտակել է, հանրապետությունից անմիջապես հեռանում է: Կոնկրետ իմ համայնքում էլ արտագաղթ կա, ճիշտ է՝ մեծահասակները մնում են, բայց հիմնական աշխատուժը հեռանում է, վերջին 2-3 տարիներին 62 հոգանոց գյուղից 7-8 բնակիչ հեռացել է»,- ասաց գյուղապետը: Նա հատկապես վրդովված է այն փաստից, որ փորձել է կաթի փոքր արտադրամաս ստեղծել գյուղում, կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել մինչեւ 3 մլն դրամանոց ծրագրերը, սակայն բանկերում «չլչլոցի» են սարքել՝ գրավի ապահովագրում չլինելու պատճառաբանությամբ: «Գրավ են վերցնում սուպերմարկետ, բենզալցակայան կամ արտադրամաս ու բնակարան՝ քաղաքում, անիմաստ է նույնիսկ մտածել, որ աղքատ գյուղացին այդպիսի կառույցներ կունենա: Եթե բնակարան ունենա քաղաքում՝ էլ ի՞նչ գյուղացի, խոշոր անասնաքանակը անգամ գրավի դիմաց չի անցնում: Կոնկրետ իմ համայնքում մի երիտասարդ ընտանիք, որը 15 տարի է՝ քաղաքից տեղափոխվել է գյուղ, դիմեց վարկ ստանալու համար, սակայն մերժեցին, ասելով՝ գրավ չունես: Բայց էս ընտանիքի անասունների քանակն ավելացել էր ու ուզում էին վարկով անասնագոմ սարքել: Կարելի՞ է հարցնել, եթե անասունները, անասնագոմը, գյուղական տները, նույնիսկ հողը գրավի ենթակա չեն, ապա ո՞րն է գրավի առարկան, ո՞ւմ համար են այդ վարկերը: Եթե մարդը սեփական միջոցներով գոմ կառուցի, շինանյութն էնքան թանկ է, որ ստիպված կլինի անասնագլխաքանակը մոտ 50%-ով պակասեցնել, իսկ այդ դեպքում նրան եւս 5 տարի է անհրաժեշտ պակասեցրածը վերականգնելու համար»,- դժգոհեց գյուղապետը: Գյուղապետի խոսքը գյուղատնտեսական այն վարկերի մասին է, որով այդքան հիացած է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նա անցած շաբաթ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ գովում էր պետության աջակցության ծրագիրը՝ այգաբացցիների երեսով տալով, թե էլ ի՞նչ են ուզում, լեռնային գյուղերի բնակիչներին տրամադրվող 14%-անոց վարկի 6%-ը պետությունն է սուբսիդավորում: Մեր զրուցակիցը նաեւ կիսաշոու է համարում գյուղատնտեսական շուկայի ստեղծումը: «Ովքե՞ր են այդ ապրանքների գնորդները, վերավաճառողները չե՞ն: Գյուղնախարարը հայտարարում է, որ պիտի ուշադրություն դարձնենք, որ դալալները չգնեն այդ ապրանքը, ինչու մարդու ճակատին գրվա՞ծ է, որ ինքը դալալ է: Դու որտեղի՞ց ես ճանաչում՝ ես վերավաճառո՞ղ եմ, թե՞ սեփական կարիքներիս համար 100 կգ գնում եմ: Գյուղացին երբեւիցե չպիտի վաճառի իր ապրանքը, էդ ժամանակը նա պիտի ծախսի արտադրելու վրա, ոչ թե շուկայում կանգնելու ու վաճառելու վրա: Դու պայման ստեղծի գյուղերի համար, գյուղացին էնքան շատ կարտադրի, որ վաղը-մյուս օրը շուկադ կլցվի, դու պայման չես ստեղծում, ասում ես՝ ստեղծածդ քիչը մեծ ծախսերով բեր, հասցրու Երեւան, էլ իմ շահույթը ո՞րն է, որ գիշերով, մեքենա վարձելով, առողջությանս վնաս հասցնելով հասնեմ շուկա, ապրանքս էլ սուպերմարկետների գներից էժան տամ: Մտածում են՝ գյուղացին շահույթը չի հասկանո՞ւմ, թող իրենք գյուղացու փոխարեն հաշիվ չանեն»,- նեղսրտում է գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել