ՀՀ իշխանությունները՝ ի դեմս նախագահի, կառավարության եւ իշխող կուսակցության, «հայտնվել են, մեղմ ասած, երկիմաստ վիճակում»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես ասվում է նաեւ, թե ՀԱԿ-իշխանություն, «այսպես կոչված, երկխոսությունը վերածվեց դատարկաբանության (բացակայում էր ժողովրդին հուզող օրակարգը)՝ շղարշ ստեղծելով, թե, իբր, մեզանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում»:
«Փաստացի, կողմերին միավորում է եւս մի անթաքույց շահ: Փորձ արվեց քաղաքական դաշտից դուրս մղել սկզբունքորեն այլ գաղափարախոսություն կրող, 20-ամյա կառավարման ընթացքում մեր երկիրը տնտեսական, սոցիալական, բարոյական արհավիրքի հասցրած նեոլիբերալ համակարգը հիմնիվեր փոխելու ունակ ուժերին: Զուր են ձեր ճիգերը, պարոնայք»:
ՀԴԿ-ն նաեւ հայտարարել է, թե գաղափարական հենքի վրա համակարգային արմատական փոփոխություններ պահանջող քաղաքական ուժերը չեն կարող մասնակիցը դառնալ «հաշվենկատ ու մանրախնդիր այդ ներկայացումներին», ու հավելել է. «Քաղաքական հասունություն վերապրող մեր հասարակությունը այլեւս չի կարող հանդուրժել կեղծիքի, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, քրեածին տարրերի օգտագործումով անարդար ընտրությունները:
Եվ մեր՝ գաղափարական ընդդիմության խնդիրն է լինելու միասնական կազմակերպական բնույթ տալ ժողովրդական շարժմանը ու գլխավորել այն»: