Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԱԺ-ԻՆ

Սեպտեմբեր 07,2011 00:00

Նախ ՀՀԿ շրջանակներից տարածվեց լուրը, թե որոշվել է առնվազն սահմանափակել հաջորդ խորհրդարանում գործարարների ներկայացվածությունը: Հետո ՀԱԿ-ը, կոալիցիային հիմնավորելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ներկայացրեց 76 պատգամավորների անուններ, որոնք, ըստ Կոնգրեսի, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Իհարկե, Սահմանադրության 65 հոդվածը, ըստ որի՝ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ», պետք է պահպանվի ոչ միայն ձեւականորեն, այլեւ ըստ էության: Սակայն այսուհանդերձ՝ արդարացի չէ ընդհանրական դատողությունը, թե սեփականություն ունեցող բոլոր պատգամավորներն են իրենց մանդատը ծառայեցնում սեփական բիզնեսի սպասարկմանը: Որպես սրա ժխտում կարելի է հիշատակել հենց այդ 76 պատգամավորներից ոմանց գործունեությունը՝ ասենք, Արեգ Ղուկասյանի, որը թեեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, սակայն երբեւէ չի նկատվել, թե նա իր լծակներն օգտագործում է հօգուտ այն կոմբինատի կամ ծիրանի այգիների, որտեղ ունի բաժնետոմսեր: Իսկ նման բաները խորհրդարանում գրեթե անհնար է թաքցնել՝ ասենք, շատ ակնհայտ էր, թե ինչպես էր Ջերմուկից ընտրված մի պատգամավոր տարիներ շարունակ փորձում օրենսդրական նախաձեռնություններով հասնել նրան, որ այդ քաղաքում թույլատրվի կազինոների գործունեությունը:
Սակայն մեջբերենք մի մարդու օրինակ, որը ցավոք՝ այլեւս պատգամավոր չէ: ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանի գործունեությունից կարելի է մատնանշել բազմաթիվ օրինակներ, որոնք ապացույց են, թե տնտեսության իմացությունը որքան օգտակար կարող է լինել օրենսդրի համար: Ու վստահաբար՝ հնարավոր չէ մատնանշել հակառակ օրինակը, որ նա խորհրդարանում լոբբինգ աներ հօգուտ սեփական բիզնեսի: Նրա գործունեությունը նաեւ բացառությունն է, ընդհանուր առմամբ, ճիշտ ընդհանրական այն դատողության, թե քանի որ գործարարները վերահսկվում են իշխանությունների կողմից՝ դառնում են կառավարության կցորդը ու նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչը:
Ի դեպ, որ Խաչատուր Սուքիասյանը զբաղվում էր առավելապես քաղաքականությամբ՝ հավելյալ ապացույց դարձան 2008 թվականից հետո ծավալված զարգացումները, երբ ակնհայտ դարձավ՝ «ՍԻԼ գրուպ»-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում է Սարիբեկ Սուքիասյանը, որը այն շարունակում է նաեւ եղբոր՝ Հայաստանից բացակայության պայմաններում:
Այս օրինակը, կարծում ենք, ապացույց է, թե պետք է վերափոխվի պահանջը, որ սեփականատերերը չպետք է տեղ ունենան խորհրդարանում: Տնտեսության վիճակը պատկերացնողների առկայությունը, հակառակը, խիստ օգտակար է եւ անհրաժեշտ: Այլ հարց է, որ խստագույն վերահսկողություն պետք է լինի այն պահանջի կատարման նկատմամբ, թե պատգամավորական մանդատը ու քաղաքական իշխանությունը չպետք է օգտագործվեն սեփական բիզնես-շահերն առաջ մղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել