Վազգեն Մանուկյանը պնդում է, որ դա առաջիկա ընտրությունների հետ կապ չունի
«Իրականությանը համապատասխանում է, կան որոշ կոնտակտներ… բեկորները, ընդհանրապես նույն գաղափարախոսությունն ունեցող կուսակցությունները միավորվեն որպես մեկ կուսակցություն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը շրջանառվող այն լուրերը, որ ԱԺՄ-ն իր «բեկորիկներով»՝ ԱԺՄ-ից երբեւէ հեռացած կուսակցություններով, վերամիավորվում է: Հիշեցնենք, որ տարբեր ժամանակաշրջաններում ԱԺՄ-ից հեռացան կարկառուն կուսակցականներ՝ Սեյրան Ավագյանը՝ ստեղծելով միջին խավի ձեւավորման ջատագով ՀԺԱՄ-ը, որը հիմա ղեկավարում է նախկին ԱԺՄ-ական Վահրամ Մկրտչյանը, Արշակ Սադոյանը՝ իր ԱԺԴ-ով, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ իր ԱԺԿ-ով, ԱԺՄ-ի հետ սերտ համագործակցում էր նաեւ ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ իր «Ազգային առաջադիմություն» կուսակցությամբ, Սամվել Շահինյանը՝ «Ազգային պետություն» կուսակցությամբ եւ այլք: Հավելյալ մեկնաբանություններից Վազգեն Մանուկյանը զերծ մնաց: Հարցին էլ՝ միավորումը նախընտրական շրջանո՞վ է պայմանավորված, ասաց. «Ընտրությունների հարց հիմա չի շոշափվում, կարող է՝ հետո շոշափվի, կարող է՝ ոչ: Դա դրա հետ քիչ է կապված»:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ԱԺՄ-ն իր բեկորներով, նաեւ ՍԻՄ կուսակցության հետ միասին (այն ժամանակ ՍԻՄ-ը դեռ նախագահում էր Հրանտ Խաչատրյանը- Ն. Գ.) փորձեց ազգային ժողովրդավարական շարժում նախաձեռնել: Մեծ շուքով հավաքվեցին, ստորագրեցին հռչակագրի տակ, եւ ընդամենը: ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը՝ հիշեցնելով այդ շարժումը եւ այն իբրեւ միավորման սկզբնաղբյուր վկայակոչելով՝ հերքում է բոլոր խոսակցությունները, որ այս կամ այն իշխանավորի ցուցումով է տեղի ունենում միավորումը՝ նախընտրական ինչ-ինչ ծրագրեր կյանքի կոչելու համար: «Քանի որ մեր գաղափարական հենքը նույնն է մնացել, եւ այսօր խնդիր կա ազգային, ժողովրդավարական արժեքները, գաղափարները ժողովրդին հասցնելու եւ նրա սեփականությունը դարձնելու, կարծում ենք՝ ավելի արդյունավետ կլինի դա համատեղ անել»,- ասաց նա:
Թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Բաղդասարյանը նկատեց. «Ի՞նչ կարեւոր է՝ 10 հոգի են, թե՞ 50. միեւնույն է՝ նրանք չունեն ավելի ուժ, քան մեկ հոգին, ով ճշմարտությունը կրող է: Ոչ ԱԺՄ-ն է այդպիսին, ոչ էլ մյուս կտորները: Բոլորը իշխանությանը կամ իշխանության այս կամ այն թեւին ծառայողներ են: Հետեւաբար, այդ միավորումն այնքանով ուժ կդառնա, որքանով իշխանությունը կկարողանա օգտագործել այն: Ասենք, «դաբրո» կտա՞ ԱԺ-ում որոշակի տեղերի, կլինի՞ դրա անհրաժեշտությունը: Այդ միավորումը ժողովրդից ձայներ ստանալու ակնկալիք չունի»: Նա համոզված է, որ այս կամ մեկ այլ ձեւաչափով պայքարները որեւէ կապ չունեն Հայաստանի ժողովրդավարացման հետ, այլ միտված են բացառապես իշխանական կերակրատաշտից օգտվելու հնարավորություններին կամ դրանց մեծացմանը: Նման պայքարները՝ Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, չգիտեմ ինչերի միություններ ու կոմիտեներ, Ալբերտ Բաղդասարյանի համար անհետաքրքիր են: Նա կողմ է իշխանական, պետական ավտորիտար կառավարման համակարգը փոխելուն, եւ եթե կգտնվի մեկը, ով իր ծրագրերով իրեն կհամոզի՝ Ալբերտ Բաղդասարյանը կվերադառնա քաղաքական պայքարի դաշտ: Իսկ մնացյալ պարագաներում՝ թե այս արեւի տակ իրենց տեղը գտնելու համար մարդկային խմբերը կմիավորվեն, թե՝ ոչ, խանութում կաշխատեն միասին կամ առանձին, էական չէ:
ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանն էլ, ով կողմ է սույն վերամիավորմանը, ասաց, որ առայժմ ամեն ինչ դեռ սաղմնային վիճակում է, հետեւաբար, մանրամասներ բացահայտել, հայտարարություններ անել չի կարող: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը խոսակցությունները, որ նորացված ԱԺՄ-ին ֆինանսապես աջակցելու է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը, եւ որ արդեն պայմանավորվածություններ կան առաջիկա խորհրդարանում ներկայացված լինելու մասով: Մկրտչյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ նկատելով, որ մեկ այլ աղբյուր էլ շրջանառում է, թե իբր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է ֆինանսավորելու: Իսկ խորհրդարանական տեղերի մասով էլ հավելեց. «Դեռ հարցեր են, որոնց պատասխանները չկան: Կլինի, թե ոչ, ինչ ձեւաչափով՝ դժվար է ասել: Այսպես ասեմ՝ սկսված է մի գործընթաց, բարի կամք կա, որը տեսնենք՝ իրավիճակը կթելադրի, թե ինչպես շարունակել»:
Հավելենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես նախկին ԱԺՄ-ական է, եւ նրա լավ հարաբերությունները մյուս նախկին ԱԺՄ-ականների հետ վարչապետության տարիներին պահպանվել են: «Առավոտի» աղբյուրը չի բացառում, որ նորացված ԱԺՄ-ն դառնա վարչապետի հենարանը եւ փորձի ապահովագրել նրան հնարավոր պաշտոնանկությունից: