Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԼՈՎԱԿԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼ Է

Սեպտեմբեր 06,2011 00:00

Սեպտեմբերի 2: Անդորրա-Հայաստան՝ 0:3: Ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի եզրագիծ:

\"\"

Ընդամենը երեք հանդիպում է բաժանում թիմերին այնքան սպասելի օրից, երբ պարզ կլինեն հաջողակ ուղեգրակիրները դեպի Լեհաստան ու Ուկրաինա: Երեքից մեկն էլ այսօր երեկոյան է սպասում մերոնց՝ Սլովակիայի Ժիլինա քաղաքում: Հայաստանի հավաքականը Ժիլինա է ժամանել սեպտեմբերի 4-ին՝ Անդորրայից շուրջ 11-ժամյա ավտոբուսա-ինքնաթիռ-ավտոբուսային ճամփորդություն կատարելով: Որակազրկումից հետո այս խաղին հայտագրվել է ու, բնականաբար, խաղադաշտ կվերադառնա «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մեր հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է ու այս մրցաշարում մերոնց հաջողությունների գլխավոր «մեղավորներից» մեկը: Հենց նրա անմիջական «միջամտությամբ» է գոյացել Հայաստանի ընտրանու 11 միավորների մեծ մասը: Մովսիսյանի վերադարձը, անշուշտ, լրացուցիչ լիցքեր կհաղորդի իր խաղընկերներին, ովքեր մարտական են տրամադրված առաջիկա հանդիպմանը: Ու այլ կերպ լինել չէր կարող: Չէ՞ որ հաղթանակից ոգեւորվածության ալիքին գումարվում է փաստը, որ հենց Սլովակիայի հանդեպ տոնած երեւանյան հաղթանակը 2010-ի աշնանը մերոնց համախմբված խաղի լավագույն դրսեւորումն էր ու երկրպագուների հետագա հույսերի հիմքը: Դրան հաջորդեց եւս մի վստահ հաղթանակ՝ արդեն Անդորրայի նկատմամբ ու Ռուսաստանի ընտրանու հետ երկու ոչ այնքան հաճելի հանդիպումները, որոնցում մերոնք ընդամենը 1 միավոր կարողացան վաստակել: Իսկ այժմ՝ կրկին Անդորրա, կրկին խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ… Սեփական միավորների պաշարը խմբում հասել է 11-ի, հաղթանակների թիվն էլ՝ 3-ի, ինչը յոթ խաղերի արդյունքում գերազանց ցուցանիշ է մեր թիմի պատմության մեջ:
Իհարկե, իրատես լինելով, մարզասերներն աշխատում են առայժմ չխոսել մերոնց հնարավոր ապագա հաջողությունների մասին, բայց անհնար է նաեւ անտեսել փաստը, որ ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլը լավագույնն է Հայաստանի ընտրանու համար՝ արդեն այսօրվա դրությամբ: Իսկ ապագան, ինչպիսին էլ լինի, ցույց կտան սլովակների, մակեդոնացիների ու իռլանդացիների հետ առաջիկա հանդիպումները:
Քիչ ժամանակ մնաց սպասելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել