Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանները՝ «հերոսականներով»

Սեպտեմբեր 06,2011 00:00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) համերգաշրջանը մեկնարկում է հոբելյաններին նվիրված փառատոնով:

\"\"

Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) 5-րդ անգամ կանցկացնի Երեւանյան միջազգային փառատոնը: Փաստորեն՝ վերջինով էլ սկսում է նվագախմբի 2011-12թթ. համերգաշրջանը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 20 եւ ՀՊՖՆ-ի 85-ամյակներին:
Բացման օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության սիրահարներին սպասվում է անակնկալ, այն է՝ Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիան» (համաշխարհային պրեմիերա): Կհնչի նաեւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որի կատարման համար հրավիրված են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը եւ մենակատարներ: «Մեկ ամսից ավելի հանդիսատեսը հնարավորություն կունենա ըմբոշխնել ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ դասական արվեստի նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործությունները: Հրավիրված 15 մենակատարների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Գերմանիա, Պորտուգալիա, Ճապոնիա եւ այլն: Նրանց մեջ կան հայ ունկնդրին ծանոթ եւ անծանոթ անուններ: Նշեմ, որ փառատոնային համերգները բաղկացած են սիմֆոնիկ եւ կամերային երեկոներից»,- տեղեկացրեց Ռ. Սիրունյանը:
Հետաքրքրվեցինք՝ նման մասշտաբային միջոցառումը աջակիցներ ունի՞: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց կողքին են ՀՀ առաջին տիկինը, մշակույթի նախարարությունը, Երեւանի կոնյակի գործարանը, «Յունիբանկը»: Տարակուսանքին՝ իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՞, տիկին Սիրունյանն առանց մանրամասնելու ասաց. «Այսօր Ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը դժվար է պատկերացնել առանց նրա հովանավորության…»: Տնօրենը հայտնեց նաեւ, որ փառատոնային օրերին «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կգործի ցուցահանդես, ինչն իրականացվել է «Արմավիայի» հետ. «Առաջին անգամ կցուցադրվեն Ֆիլհարմոնիկի հայաստանյան եւ արտերկրյա համերգներից լուսանկարներ, ինչպես նաեւ ճանաչված լուսանկարիչ Վահան Քոչարի՝ ժամանակին հայ անվանի կոմպոզիտորներին անմահացրած կադրերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել