Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի խնդիր

Սեպտեմբեր 06,2011 00:00

Եղանակը, թանկ վառելիքն ու գյուղտեխնիկայի պակասը՝ գյուղացիների հոգսերի պատճառ

\"\"

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Սյունիքի մարզի որոշ համայնքներում աշնանացան հացահատիկի բերքահավաքը դեռ լիովին չի իրականացվել: Գյուղացիներն այժմ մտահոգվում են, որ պարբերաբար տեղացող անձրեւները կարող են փչացնել եղած բերքը: Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղում երկու շաբաթից ավելի է՝ չեն կարողանում հացահատիկի բերքը հավաքել, գյուղացիները հույսով սպասում են, թե երբ եղանակը կբարելավվի, այլապես դաշտում եղած բերքը գերխոնավությունից կբորբոսնի, առանց այն էլ ստացված բերքը շատ գոհացուցիչ չէ: «10 օր է՝ անձրեւ ու մառախուղ է, չենք կարողանում դաշտ մտնել, բնության քմահաճույքներով ենք շարժվում: 20 հեկտար ցանքս ենք կատարել ընդամենը, բերքը ոչ շատ լավ էր, ոչ էլ՝ վատ: Քանի որ գյուղտեխնիկա չունենք, ցանքսը ուշ ենք արել, դրա պատճառով էլ մեր ուզած բերքը չենք ստացել, հիմա էլ տեղումներն են իրենց հերթին դժվարություններ առաջացնում: Կապանից ենք գյուղտեխնիկա վարձում-բերում, շատ հաճախ մեզ հարմար չի լինում, որոշ դեպքում՝ տեխնիկայի սեփականատիրոջը, իսկ տեխնիկայի բացակայության պատճառով շատ խնդիրներ են առաջանում: Գյուղի 80-90 տոկոսը ցորեն է ցանում: Եթե մենք ունենայինք վարող տեխնիկա՝ 20 հեկտարի փոխարեն 50 հեկտար կունենայինք», – ասում է Տաշտուն գյուղի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը: Անձրեւոտ եղանակներն ուշացնում են նաեւ Սիսիանի տարածաշրջանի հացահատիկի բերքահավաքը: Սիսիանի Իշխանասար գյուղում 700 հեկտար վարելահողից միայն 470 հեկտարն է հացահատիկային մշակաբույսերի համար ցանքատարածություն ծառայել: Այս 470 հեկտարից էլ մի մասը դեռեւս չհնձված է մնացել: Անբարենպաստ եղանակի ստեղծած անհարմարություններից բացի, գյուղացիներին առավել շատ անհանգստացնում է վառելիքի խնդիրը: Այն թանկ է եւ գյուղացու կատարած ծախսերի դիմաց ստացված եկամուտը շատ չնչին է լինում: «Վառելիքն այնքան թանկ է, որ մարդիկ չեն կարողանում վարել հողը: 1 լ վառելիքը գնում ենք 450-500 դրամով, 1 հեկտարի համար նվազագույնը 210-250 հազար դրամ գումար է անհրաժեշտ՝ ամբողջ վարուցանքի համար, կոմբայն էլ չունենք, ֆերմերային տնտեսություններից ենք տեխնիկան վարձակալում, իսկ էդ ամբողջը մեծ ծախսեր է պահանջում: Վերջում, որ հաշվում ենք, տեսնում ենք, որ կատարած ծախսի ու չարչարանքի դիմաց ստացված բերքը շատ չնչին է: 90 տնտեսություն ունենք, հիմնական զբաղմունքն անասնապահություն ու դաշտավարություն է: Խնդիրները շատ են, բայց չենք հուսահատվում, կգա ժամանակ, երբ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը:
Իսկ ահա Սիսիանի մեկ այլ գյուղում՝ Հացավանում, բնակիչները, գոհ մնալով այս տարվա հացահատիկի բերքից, դիմել են պետությանը, որ որակյալ սերմացու ստանան եկող տարվա համար: Գյուղապետ Շուշան Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղացիներին խորհուրդ է տրվել ամեն դեպքում հաշվի առնել եղանակային պայմանների անկանխատեսելիությունը: Հացավանում հիմնականում կարտոֆիլ ու կաղամբ են մշակում:
Գորիսի Խոտ գյուղում բերքահավաքն արդեն ավարտվել է. գարին՝ դեռ ոչինչ, ցորենի բերքից գոհ չեն: Խոտի գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանը նշում է, որ ինչպես բոլոր գյուղերում, իրենց մոտ էլ վառելիքի թանկությունը շատ է նեղում: «20 լ վառելիքի տարան 8500 դրամով ենք ձեռք բերում, շատ թանկ է, եթե էսպես շարունակվի՝ աշնանացան չենք էլ անի», – տեղեկացնում է նա:
Կապանի Արծվանիկ գյուղի գյուղապետ Անուշավան Հարությունյանն արդեն պահեստավորել է ցորենի պաշարը, որը պետք է վերադարձնի պետությանը: Նա սերմարտադրող ֆերմեր է, 12,6 տոննա որակյալ սերմացու է վերցրել՝ պարտավորվելով մեկ տարի հետո վերադարձնել 25 տոննա առաջին վերարտադրության ցորեն: Սակայն գյուղապետը առաջարկ ունի. այդ պաշարը չվերադարձվի, այլ միանգամից բաշխվի իր համայնքի բնակիչներին:
Սյունիքի մարզում ընդհանուր 10,127 հեկտար աշնանացան է արվել, որից 7,5 հեկտարը արդեն հնձվել է: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը՝ անձրեւային եղանակների բերած գերխոնավույթյունը նպաստավոր չէ Գորիսի տարածաշրջանի ցանքատարածությունների համար, իսկ Սիսիանի տարածաշրջանում կարկուտ չտեղալու դեպքում հնարավոր կլինի մնացած բերքը հավաքել անվնաս: «60-70 տոկոսով արդեն պատրաստ ենք վերադարձնել ցորենի պաշարը, որն անցյալ տարի տրամադրվել էր մարզին: Այս տարի նախատեսվում է 411 տոննա աշնանացան ցորեն հատկացնել մարզին, ամեն համայնքի՝ 10-15 տոննա, որոնք էլ կբաժանվեն 1-3 հեկտար վարելահող ունեցող գյուղացիներին: Բացի այդ, ՌԴ-ից կներկրվի էլիտար սերմացու, որը կտրամադրվի սերմարտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին՝ հաջորդ տարի առաջին վերարտադրության սերմ ունենալու համար: Մարզի ֆերմերային տնտեսությունները 700-800 տոննա առաջին վերարտադրության սերմացուի պաշար ունեն, ցանկացողները կարող են դիմել եւ ձեռք բերել նրանցից»,- տեղեկացնում է Սամվել Թանգյանը:

Հ. Գ. Մարզի Գորիսի տարածաշրջանում գերխոնավությունն արդեն իր «սեւ գործն» արել է: Մարդիկ չեն կարողացել բերքը հավաքել ու էլ չեն հավաքի, բերքը փչացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել