Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆ-ՕՊԵՐԱՏՈՐԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՊԱՅՔԱՐԸ

Սեպտեմբեր 06,2011 00:00

\"\"ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազոր Վիգեն Իսանյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանը չունենալով համապատասխան պետական գրանցում եւ հաշվառում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի լիցենզիա եւ համապատասխան պայմանագիր, իրականացրել է լիցենզավորման ենթակա՝ միջազգային զանգերի տերմինացիա:
Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության, Վիգեն Իսանյանը, 2009 թ. աշխատելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում որպես օպերլիազոր, լինելով համակարգչային մասնագետ ու աշխատանքի բնույթից ելնելով տիրապետելով միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներին եւ չունենալով համապատասխան պետական գրանցում եւ հաշվառում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի լիցենզիա, ինչպես նաեւ օպերատորի՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցման ծառայությունների մատուցման պայմանագիր, անցյալ տարվանից ձեռք է բերել միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ եւ սկսել յուրօրինակ «պայքար»:
Նախ, 2010 թ. փետրվարից նա ծնողների երեւանյան բնակարանում, ապա արդեն իր իսկ կողմից վարձակալած՝ Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղադրել է համացանցի հասանելիությամբ ապահովված «VoIP» եւ «GSM» ցանցերի միակցիչ հանգույց, անհրաժեշտ սարքավորումներ ու բջջային հեռախոսաքարտեր: Ոստիկան-օպերատորը 2010թ. փետրվարի 12-ից մինչեւ 2011թ. ապրիլի  22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է լիցենզավորման ենթակա՝ միջազգային զանգերի տերմինացիա: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, ըստ էության, միջազգային մուտքային հեռախոսազանգերը նշված սարքավորումներով փոխակերպել է տեղական միջօպերատորական հեռախոսազանգերի եւ նույն սարքերի միջոցով վերջավորում կատարել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ցանցում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով նա պետությանը պատճառել է 1.621.312 դրամի, իսկ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին՝ 13.712.970 դրամի՝ խոշոր չափերի՝ 15. 334. 282 դրամի վնաս:
«Առավոտի» տեղեկություններով՝ գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել