Լրահոս
Օրվա լրահոսը

Խցանումները չեն պակասել

Սեպտեմբեր 06,2011 00:00

Չնայած Երեւանի քաղաքապետարանը ծանրաբեռնված երթուղագծերը բեռնաթափելու համար դեռ ամռան ամիսներին ուսանողների եւ աշխատանքի գնացողների համար առանձին ժամային գրաֆիկ մշակեց, սակայն ուսումնական տարվա սկզբին պարզվեց, որ առավոտյան ժամերին, միեւնույն է, Երեւանի կենտրոնական փողոցներում խցանումները չեն պակասել: Առավոտյան ժամերին աշխատանքի ու դասի շտապող Երեւանի քաղաքացիները ժամեր շարունակ ստիպված են լինում մնալ խցանումների մեջ հայտնված տրանսպորտում։ Մյասնիկյան պողոտայում, Սարալանջի փողոց-Աբովյան պուրակ խաչմերուկում, Հերացու փողոցում, Բաղրամյան պողոտայում, Ծիծեռնակաբերդի խճուղիում եւ քաղաքի հարակից թաղամասերը կենտրոնին կապող մի շարք այլ փողոցներում ամեն առավոտ խցանումներ են։ Պատճառն այն է, որ հիմա աշխատավայրերի մեծ մասում աշխատանքներն սկսվում են 9.30-10.00-ին ու ստացվել է այնպես, որ բոլորը նույն ժամին են փողոց դուրս գալիս, ինչն էլ հանգեցնում է խցանումների:
Սակայն Երեւանի քաղաքապետարանը հակառակ բովանդակության տեղեկություն էր տարածել։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ առավոտյան ժամերին մայրաքաղաքում զգալիորեն նվազել են տրանսպորտային կուտակումները եւ որ սեպտեմբերից դպրոցներում ու բուհերում դասերի նոր ժամային գրաֆիկների փոփոխությունը իր դրական ազդեցությունն է ունեցել երթեւեկության բեռնաթափման առումով:
Սփոփիչն այն է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել ուսումնասիրությունները եւ խաչմերուկներում երթեւեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթեւեկության կարգավորման առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել