Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրեշին» տուգանեցին, ՀԷՑ-ին խնայեցին

Սեպտեմբեր 06,2011 00:00

Գերիշխող դիրքը չարաշահելու համար Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ խիստ նկատողություն տվեց  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: 20 միլիոն դրամով տուգանելու  նախնական որոշումը նկատողությամբ փոխարինելու քայլը  հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը բացատրեց ընկերության կարգապահ աշխատանքով. «Ընկերությունն առաջին անգամ է հայտնվել մեր տեսադաշտում, բացի այդ, վարույթի ընթացքում արդեն հասցրել է վերականգնել սպառողների իրավունքները»:
Նշենք, որ Նոր Նորքի Մոլդովական ու Բագրեւանդ փողոցների բնակիչները 2 տարի շարունակ  կանոնավոր լույսի կարոտով են ապրել: ՀԷՑ-ը միայն նախորդ ամիս է այս խնդիրը կարգավորել: ՀԷՑ-ի իրավաբան Վարդան Գրիգորյանը խնդիրը ուշացումով կարգավորելը բացատրեց կազմակերպչական աշխատանքների խոչընդոտով:
Նա նաեւ նշեց, որ պատշաճ ժամանակահատվածում քաղաքացիներից դիմում չեն ստացել (բնակիչները դիմում են ուղարկել 2010 թվականի մայիսին ՏՄՊՊՀ վարույթից հետո):
Ի պատասխան՝ պարոն Շաբոյանն էլ ասաց, որ որպես ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն, «Հայէլցանցերը» պարտավոր էր սպառողներին իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին պատշաճ ժամանակահատվածում տեղեկացնել, ինչը չի արել: Ի տարբերություն ՀԷՑ-ի, «Ֆրեշ» ընկերությունը չխուսափեց 500 հազար դրամ տուգանքից: Սուպերմարկետների ցանցին հանձնաժողովը տուգանեց քաղաքացիներին ապակողմնորոշելու համար:
Պարզվում է՝  «Ֆրեշը» ակցիայի շրջանակում ներկայացրած ապրանքը չի վաճառել գովազդում նշված գներով:  Ընկերության գլխավոր հաշվապահ Հովհաննես Մալջյանը նիստի ժամանակ արդարանում էր ու բացառում, թե նման դեպք է եղել ու ասաց, թե խախտում արձանագրած քաղաքացին նախ պետք է դիմեր խանութի մենեջերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել