Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԻ ԹԱՂՈՒՄ ՀԵՆՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Սարի թաղի 5-րդ փողոցում՝ ինչպես մութ ու ցուրտ տարիներին

\"\"
Հենապատը փուլ է գալիս:

\"\"
Սարիթաղցի այս պապիկը փոսերի պատճառով ոտքը վնասել է:

Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասը, որը կենտրոնից այնքան էլ հեռու չէ, իր խնդիրներով կարծես թե հանրապետության հեռավոր գյուղ լինի: Պետական ուշադրությունից դուրս է այս թաղամասի հատկապես 5-րդ փողոցը: Վերջին անգամ այստեղ պետական միջոցներով բարեկարգման աշխատանքներ են կատարվել նախորդ դարի 60-ական թվականներին: Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ թեկնածուներ են հայտնվում, լսում բնակիչների խնդիրները, խոստանում դրանք լուծել, բայց, ինչպես բնակիչներն են ասում՝ «միայն մեծ-մեծ խոսում են»:
Փողոցի մի հատվածը, որտեղ մոտ 50 տուն կա, ընդհանրապես չի լուսավորվում, ասֆալտն էլ, որը կրկին անցյալ դարի 60-ականներից է, այնքան է մաշվել, որ փողոցում ամեն քայլափոխի փոսեր ու անհարթություններ են առաջացել: Վերջերս էլ բնակիչներից մեկն այդ փոսերի «զոհն» է դարձել՝ վնասելով ոտքը, նա այժմ ձեռնափայտով է քայլում:
Երեկ մեր այցելության ժամանակ բնակիչներն ամենաշատը դժգոհեցին փողոցներն իրարից բաժանող հենապատից: Ամբողջ փողոցով ձգվող հենապատն արդեն փլվում է ու տեղ-տեղ անցքեր են բացվել: Հաճախ մեքենաները կայանելիս չեն նկատում, որ հենապատը քայքայված է եւ չկարողանալով արգելակել՝ շրջվում են: Բնակիչների պատմելով՝ անձրեւների ժամանակ հենապատի անցքերից ջուրն ուղղակի «գետի պես հոսում է», ինչի հետեւանքով մարդկանց բակերում լճեր են գոյանում. «Այդ ջրերն էլ մեր տների հիմքերն են խոնավացնում ու վնասում: Ինչքան կարելի է այսպես ապրել, էդ հենապատը վերանորոգելը մի մեծ ծախս չէ, որ քաղաքապետարանը մերժում է: Նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ժամանակ տարբեր ատյաններ ենք դիմել, բայց թաղապետը մեզ պատասխանեց՝ դիմեք-չդիմեք, բոլոր նամակները ինձ մոտ են գալիս, եթե ես ուզեմ՝ կվերանորոգեմ: Թաղապետն էլ փոխվեց, բայց մեր բակում ոչինչ չփոխվեց»:
Սարի թաղի 5-րդ փողոցի այդ խարխուլ հենապատի վրա են տեղադրված էլեկտրասյուներն ու գազի խողովակները: Եվ քանի որ հենապատն ամուր չէ, բնակիչները մտավախություն ունեն, որ էլեկտրասյուները մի օր շրջվելու են իրենց տների վրա. «Մեր կյանքը մազից է կախված. մի օր կամ էլեկտրասյուները շուռ կգան, կամ էլ մեքենաները շուռ կգան բակում խաղացող երեխաների վրա: Այս փողոցում փոքրիկ երեխաներ շատ կան, ամեն վայրկյան ահը սրտներումս է, մի մեքենայի ձայն ենք լսում, վազում ենք դուրս, մտածելով՝ մեքենա շրջվեց երեխաների վրա»: Բնակիչներն արդեն տեսուչի պարտականություններ են ստանձնել՝ ամեն մեքենա անցնելուց՝ վարորդներին ձեռքով ցույց են տալիս, որ վտանգավոր գոտի է, պակասեցրեք արագությունը:
Փողոցը բարեկարգելու խնդրանքով բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն նրանց մեկ պատասխանել են՝ առայժմ գումար չկա, մեկ էլ՝ ընթացիկ տարվա ծրագրերն ավարտվում են՝ 5-րդ փողոցի հենապատի վերակառուցման աշխատանքները հաշվի կառնվեն քաղաքապետարանի հետագա տարիների ծրագրերը կազմելու ժամանակ: Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին էլ քաղաքապետարանից վստահեցրել էին, որ առնվազն 2 ամսում այդ խնդիրները կլուծվեն: Բայց այդ ամիսներն էլ են անցել եւ ոչինչ չի արվել: Բնակիչների պարբերաբար զանգերից հետո, քաղաքապետարանից պատասխանել են՝ «է՛լ մի զանգեք, փող չկա»:
Հետաքրքիրն այն է, որ ընտրություններից առաջ 5-րդ փողոցի գլխավոր հատվածը ասֆալտապատվել է, լուսավորվել եւ այլ բարեկարգման աշխատանքներ կատարվել, իսկ մեր նկարագրած հատվածը կարծես թե իշխանությունների «սեւ ցուցակում» լինի: Կենտրոնին «կպած» այս թաղամասի տրանսպորտն էլ գյուղի ավտոբուսներից վատ է աշխատում: Ժամանակին ընդամենը 1 երթուղագիծ կար, որը չէր բավականացնում խոշոր թաղամասի մի քանի հազարանոց բնակիչներին. «անհնար էր լինում օգտվել այդ երթուղայինից, արդեն սկզբնականգառում ուղեւորներով լի գալիս էր ու ոչ էլ կանգնում մեր կանգառում»: Բնակիչները մեկ այլ երթուղագիծ բացելու խնդրանքով դիմել էին քաղաքապետարան: Բայց մեկ այլ գիծ էլ տրամադրելու համար քաղաքապետարանը երթուղագծից հանել է 79ա երթուղայինը՝ թիվ 79 ավտոբուսը տրամադրելով: Նրանց խոսքով, «Ունքի տեղը՝ աչքը հանեցին: 30 րոպեն մեկ է աշխատում այդ ավտոբուսը, այն էլ՝ մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Հյուր որ գալիս է, պետք է մինչեւ ժամը 9-ը գնա: Ոնց որ գլոբուսից դուրս լինենք»: «Առավոտն» ականատես եղավ նաեւ բնակիչների նկարագրած ավտոբուսին: Մի պահ մեզ թվաց, թե 90-ականների մութ ու ցուրտ տարիներն են. ավտոբուսը հին պազիկանման մեքենա էր, իսկ ուղեւորներն էլ, ինչպես 20 տարի առաջ հաճախ էինք տեսնում, ավտոբուսի դռներից կախված էին: Մեր այն հարցին, թե մի՞շտ է այս վիճակում ավտոբուսը, բնակիչները պատասխանեցին՝ միշտ, ու ցիտեցին Ֆորշի հայտնի երգից՝ «Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրելի քաղաքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել