Երեկ, ժամը 14-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանում տեղակայված «Մեհրաբ» զորամասի «Ղոզլու» հենակետում սպանված կամ պաշտոնական վարկածով՝ «ինքնասպան եղած» լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը հայտնեց, որ այս գործով կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալներին տեղափոխող մեքենան Երեւանից Բերդ կհասնի մոտ 16.30-ին, եւ հետաձգեց նիստը մինչ այդ ժամը: Դատը վերսկսվեց ժամը 16.40-ին: Գործով մեղադրվում են 5 զինվորականներ, որոնցից երկուսը՝ սպա, երեքը ժամկետային զինծառայողներ են: Նրանցից շարքային Հարութիկ Կիրակոսյանը կալանքի տակ չէ, գտնվում է զորամասի հրամանատարության հսկողության տակ:
Դատավոր Մարդանյանը նիստը վերսկսելով՝ ասաց, որ ՔԿՀ-ից ամբաստանյալներին տեղափոխող ավտոմեքենան Բերդ քաղաքում կլինի մեկ ժամից, որ աշխատանքային օրն ավարտվում է, եւ անիմաստ է այդ ժամին նիստ սկսել՝ հավելելով, որ ամբաստանյալներին դատարան տեղափոխելը իր իրավասություններից դուրս է: Դատարանում աղմուկ բարձրացավ: Ա. Նազարյանի հարազատների եւ գործով ամբաստանյալ զինվորների բարեկամների միջեւ վիճաբանությունը շարունակվեց դատարանի շենքի բակում: Զոհվածի մայրը՝ տիկին Հասմիկը, ասաց, որ նախաքննությունը մեծ խախտումներով է կատարվել, որ դա դատարանում ի հայտ կգա, որի պատճառով էլ դատը չի կայանում: Իսկ հայրը՝ Սինար Նազարյանը, նշեց, որ իր որդուն տանջելով սպանել են, հետո ինքնասպանության իմիտացիա ստեղծել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ դատի չկայանալով ոչ հարգալից վերաբերմունք է դրսեւորվում պետության եւ դատարանի հանդեպ: