Նախկին ազատամարտիկը՝ ներկայիս ԱԺ պատգամավորներին
Սկիզբը՝
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կրթվածության մակարդակը բոլորին է հայտնի՝ ձգտում է զրոյի, բայց կար մի ժամանակ, որ բոլորը, չգիտես ինչու, Մաքիավելլի էին կարդում: Դեգրադացիայի տիպիկ օրինակ: Զզվելի է»,- «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց 1992-1998 թվականներին Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկ Նորայր Շահբազյանը՝ հավելելով. «Փոքրիկ իշխանը» կարդացեք, հենց ձեզ համար է: Կարդացեք, գոնե մի քիչ մարդկային վերաբերմունք սովորեք»: Նախկին ազատամարտիկն առաջարկում է այս իրավիճակից դուրս գալու համար նախ եւ առաջ որոշել, բանաձեւել, թե որն է մեր «ես»-ը, վերագտնել այն, եւ ամեն մարդ ու ամեն ինչ իր տեղում կհայտնվեն: «Դա բարդ խնդիր չէ, բայց մինչեւ այս բանաձեւումները չանենք՝ ոչինչ էլ չի ստացվի: Եկող սերունդը խելացի է, ու եթե ճիշտ չուղղորդվի՝ դառնալու է այս համակարգի մի մասը: Տիպիկ օրինակ բերեմ՝ իմ շատ հին ընկերներից մեկը մի շատ պրիմիտիվ բան ասաց, երեւի ինքն էլ չհասկանալով՝ ենթարկվեք ինձ եւ շատ կապրեք: Ցավոք, այսօր այս բանաձեւն է»,- ասում է Նորայր Շահբազյանը: Եվ իբրեւ մեր հասարակության գաղափարական սնանկության լավագույն օրինակ՝ վկայակոչում է այն, որ վերջերս մի լրագրող չորս օրում հասցրել էր 11 կուսակցության անդամագրվել, այդ թվում՝ նաեւ իշխանական: Ի դեպ, այս առիթով մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ այս առումով, թերեւս, Դաշնակցությունը տարբերվում է մյուս կուսակցություններից, եւ ի պատասխան «Առավոտի» տարակուսանքի՝ հավելեց. «Առանձնապես հիացած չեմ, Դաշնակցությունն էլ է վերածվում այս համակարգի մի մասի, բայց գոնե չորս օրում ՀՅԴ անդամ դառնալ չեն կարող»:
Ինչ վերաբերում է անկախության 20-ամյակին, որի տոնակատարությունների համար, ի դեպ, 200 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվելու՝ այն պարագայում, երբ անկախության 20-ամյակը շատ ու շատ ընտանիքներ, այդ թվում նաեւ այնպիսիք, որոնք հանուն այդ անկախության հայր, եղբայր, ամուսին են կորցրել, տոնելու են օրեցօր սաստկացող սոցիալական բեռի տակ, նախկին ազատամարտիկը նկատեց. «Մեզ տոներ պետք են, իհարկե, շատ կարեւոր են: Միլիարդներ պետք է ծախսվեն, բայց ժողովուրդը պետք է զգա, որ այդ միլիարդներն իր համար են ծախսվում: Բայց եթե դա արվում է շոուի, իշխանությունը պահելու կամ ինչ-որ ցուցանիշներ արձանագրելու համար՝ զզվելի է: Այսօր մեր իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե, իհարկե, իսկապես ցանկանում են ստեղծել պետականություն, պետք է իրենց շահը համապատասխանեցնեն հանրային շահին: Այդ ժամանակ լուրջ զարգացում կլինի: Այդպես եղավ Ռուսաստանը Պյոտր Առաջինի օրոք՝ ի շնորհիվ վերջինիս ֆավորիտների: Իսկ ովքե՞ր են Սերժ Սարգսյանի ֆավորիտները, վարչապետինը. մեկը մանկապիղծ դուրս եկավ: Կեղծ տոներով, բարերարներով եւ բարեգործներով հեռու չենք գնա: Պետք է վերանայել ամեն ինչ՝ սկսած Տիգրանից, որին մեծ են համարում: Ի՞նչ արեց՝ եկավ շրջափակված Տիգրանակերտի շղթան բացեց, իր կանանոցը եւ հարստությունը վերցրեց ու փախավ՝ մնացած ժողովուրդը մնացին եւ կոտորվեցին: Սա մեծության նշա՞ն է: Կասե՞ք Սերժ Սարգսյանը մեծ է, եթե այդպես վարվի, բարեբախտաբար, չի արել: Եկեք ուսումնասիրենք այն, ինչն իրականում ունեցել ենք՝ սկսած հեթանոսականից, եւ վերագնահատենք մեր արժեքները: Վերականգնենք արիական տոները, չթողնենք, որ Ադրբեջանը դրանք դարձնի պետական եւ այսօր մեծ շուքով նշի: Այլապես ստացվում է, որ 301-ից հետո՞ ենք մենք ազգ դարձել: Ճշմարտությունից լավ բան չկա, թե չէ՝ ասում են՝ կաշառակեր՝ տանում այլ պաշտոնի են դնում, ասում են՝ ազգային դավաճան, ազգի անվտանգությունն են վստահում»: