Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՅԱՆ ԳՆՈՎ ՆՎԱՃՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում լինել ապակառուցողական

\"\"
ԼՂՀ անկախության փաստը զայրացնում է ադրբեջանցի պաշտոնյաներին:

Օրեր առաջ Արցախը նշեց իր անկախության 20-րդ տարեդարձը: Այդ առիթով, մասնավորապես, Ստեփանակերտում հնչել են տեսակետներ, որոնք, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի սրտով չէին: Հարեւան երկիրն իր դժգոհությունն արտահայտեց Դուշամբեում՝ ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին նվիրված գագաթաժողովում։ Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահները:
Ադրբեջանի նախագահը չէր մասնակցում այդ գագաթաժողովին, եւ դա, ըստ ռուսական լրատվամիջոցների, պայմանավորված էր նրանով, որ Իլհամ Ալիեւը դժգոհ է ռուսական միջնորդական առաքելությունից, նաեւ նրանից, որ մյուս համանախագահողները նույնպես «չեն ճնշում» Հայաստանին: Սակայն Ալիեւի բացակայության պայմաններում նրան լիովին «փոխարինեց» Ադրբեջանի վարչապետը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշամբեում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բոլոր հիմքերն ունենալով՝ օգտվել է ինքնորոշման իր իրավունքից եւ արյան գնով նվաճել է անկախ գոյատեւման իր իրավունքը»: Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեւը չի թաքցրել իր դժգոհությունն այս ելույթից եւ հայտարարել է, թե Հայաստանի նախագահի խոսքերը հարցականի տակ են դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ նմանատիպ խաղաղարար նախաձեռնությունները։ Նաեւ հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել:
 ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով այս հայտարարությունները՝ երեկ «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ադրբեջանական կողմը վերջին շրջանում, իրոք, դյուրագրգիռ է դարձել. նկատի ունեցեք, որ Կազանից հետո հնչեցին փորձագետների, համանախագահող երկրների բազմաթիվ գնահատականներ, բոլորը հստակ խոսեցին, որ ուժի կիրառում իրենք թույլ չեն տա, եւ խնդիրը պետք է լուծվի հռչակված եւ հայտնի սկզբունքների հիման վրա, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական ղեկավարությունը հանդես եկավ ապակառուցողական եւ իրականությունից ամբողջովին հեռու մոտեցումներով եւ հայտարարություններով: Բնականաբար, այն մեսիջները, որ հնչում էին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, մեկ հասցեատեր ունեին՝ Ադրբեջանի ղեկավարությունը, եւ Ալիեւը, դեմարշն անելով՝ չմասնակցելով ԱՊՀ գագաթաժողովին, ցանկացավ ցույց տալ, որ ինքը ոչ թե ուզում է լուծել խնդիրը, այլ խուսափում է խնդրի լուծումից: Իսկ սա, իհարկե, շատ ավելի է դժվարացնում Ադրբեջանի վիճակը: Իսկ ինչ վերաբերում է այդ երկրի վարչապետի արդեն հայտնի պահվածքին, ապա ես մնում եմ իմ կարծիքին, որ Ադրբեջանը շարունակում է իմիտացիա անել, շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները փակուղի մտնեն, որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ խնդիրը մեկ լուծում ունի՝ արդարացի լուծում: Որովհետեւ, ինչպես նույն Դուշամբեում նշեց մեր երկրի նախագահը՝ Արցախի ժողովուրդը օգտվել է իր բոլոր՝ միջազգայնորեն ընդունված իրավունքներից եւ հռչակել է իր անկախության մասին եւ Ադրբեջանի կողմից պարտադրված, ագրեսիոն պատերազմում տարել է շատ նորմալ, բնական հաղթանակ»:
 «Առավոտի» հարցին՝ կիսո՞ւմ է այն կարծիքները, թե Ադրբեջանը նեղացած կամ վիրավորված է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հատկապես Ռուսաստանի դիրքորոշումից, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե կարող է նման բան լինել, քանի որ Ռուսաստանի կողմից եւս հնչում են հստակ գնահատականներ այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է արհեստականորեն ձգձգել եւ արհեստականորեն բարդացնել, եւ պետք է այս խնդիրը լուծվի բացառապես միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների հիման վրա. «Մենք տեսանք, որ կազանյան հանդիպումը տապալվեց եւ արդյունք չունեցավ, որովհետեւ Ադրբեջանը, մի կողմ դնելով համանախագահող երկրների ղեկավարներին տրված իր խոստումները, նոր առաջարկություններ արեց, շատ լավ գիտակցելով, որ դրանք չեն ընդունվելու: Չմոռանանք, որ Ալիեւ կրտսերի մեջ խոսում է այն բարդույթը, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ Ռուսաստանի նախագահն էլ ժամանակին, եթե հիշում եք, հայտարարեց հենց Երեւանում, որ հավանական պատերազմի դեպքում Ռուսաստանը կիրականացնի իր ռազմավարական-գործընկերային պարտավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել