Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանյոթերորդ

ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ

Եվ ես Կարոյին ասացի՝ «ինձ էդքան ասում ես, բայց դու էլ ծխելը չես կարում թարգես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ նրանից ա, որ ավելի հետաքրքիր զբաղմունք չենք կարում գտնենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դրանից չի», եւ Կարոն հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց որ ծխելը թարգում ենք, ավելի ենք վատանում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «արխային կարաս փչես. մեկ ա՝ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ հըլը պարզ չի» եւ տեղիցս վեր կենալով ավելացրի՝ «ես գնամ», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «գնում ես պարզե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ դու պիտի պարզես» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իմ համար պարզից էլ պարզ ա», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչն ա պարզից էլ պարզ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ բանն ուրիշ տեղ չասես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տերտերն ա էդ բանն ասել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «տերտերն ա ասել, բայց գրազը դու ես էկել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ դու եկեղեցու օրենքներն ավելի լավ գիտես, քան՝ ինքը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տերտեր կա, որ էդ օրենքներն ինձնից էլ վատ գիտի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ ըտենց տերտերի օրինակ ասա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «օրինակ՝ քո էդ տերտերը», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս վեպիցդ հետո շատ ես մեծամտացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ուրիշների ասածները մեկին մեկ արտագրում ու մանրից մեծամտանում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «նույնիսկ ինձանից անհավատ տերտերներ էլ կան», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ես հավատացյալ դառել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես չեմ ասել թե՝ հավատացյալ եմ», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «հենց նոր չասեցի՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենն ասել եմ, որ նույնիսկ ինձնից անհավատ տերտերներ էլ կան», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս մի հատ ըտենց տերտերի օրինակ ասես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «օրինակ՝ էդ քո տերտերը», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «էդ տերտերին ճանաչում ե՞ս», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կարոն ավելի զարմացած հարցրեց՝ «որ չես ճանաչում, ո՞նց ես ասում՝ անհավատ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ հավատացյալ ըլներ, չէր ասի թե՝ սուտ խոսալը մեղք չի», եւ Կարոն ասաց՝ «էդ թեման չենք շարունակում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գրազն արդեն էկել ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «թե՞ մտքիդ կա՝ գրազից հետ կանգնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թե ձեռդ քարի տակ ա, կարանք էդ գրազը հետաձգենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հավատացյալ ախպեր ջան», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու մի հատ շատ կարեւոր բան հաշվի չես առնում», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ կարեւոր բան», եւ ես ժպտալով ասացի՝ «ես որ մի բան հաստատ չիմանամ, գրազ չեմ գա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց դու էլ մի հատ շատ կարեւոր բան հաշվի չես առնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչը հաշվի չեմ առնում», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «ես որ մի բանը հարուր տոկոսով չեմ իմանում, գրազ չեմ գալիս» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հավատացյալ ախպեր ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձնից ի՞նչ հավատացյալ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հավատացյալ չես, ո՞նց ես տերտերների հետ ոտ գցում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «եթե հանկարծ պարզվի, որ սուտ խոսալը մեղք չի համարվում, ես ամենից շատ կշահեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «գրազ կրվելը շահել ե՞ս համարում», եւ ես ժպտալով ասացի՝ «գրազ կրվելը՝ հեչ», եւ Կարոն հարցրեց՝ «բա ի՞նչ իմաստով ես շահելու», եւ ես ժպտալով ասացի՝ «եթե հանկարծ պարզվի, որ սուտ խոսալը մեղք չի համարվում, ես հարուր տոկոսով դրախտ կընկնեմ», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «ես կյանքում էնքան ստեր եմ փչել, որ նույնիսկ մի քանի հոգու կհերիքի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համ էլ բամբասել ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «բամբասելը մեղք համարվում ա՞», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «վաղը չէ մյուս օրը տերտերը որ գա՝ կհարցնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ տերտերի անունն ի՞նչ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ դու էլ ես էդ տերտերին ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այսինքն, չգիտեմ՝ դու իրան ճանաչում ես թե չէ, բայց ինքը քեզ հաստատ ճանաչում ա», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ խինկալու սեղանը գցես, իրան էլ կհրավիրենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դեմ ե՞ս, որ իրան էլ հրավիրենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «որ դու կրվես, իրան չենք հրավիրելո՞ւ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի, իմ կրվելու տարբերակը բացառվում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց որ կրվեմ, հաստատ կհրավիրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս հիմիկվանից հաշվես, որ կրված ես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց դեմ ե՞ս, որ ինքը որոշի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը որոշի», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը որ ասի՝ սուտ խոսալը մեղք չի, քեզ կրված կհամարե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տերտերների խոսքն իմ համար օրենք ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մանավանդ որ՝ ինքը մեր ամենագրագետ տերտերներից ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ո՞վ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու իրան ճանաչում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ինքն ա քեզ ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած, կարող ա դու էլ իրան ես ճանաչում», եւ էդ պահին բուժքույրը ներս մտավ ու Կարոյին ինչ-որ բան ասաց, եւ ես Կարոյին ասացի՝ «ես գնամ», եւ Կարոն ժպտալով ինձ ասաց՝ «մի ժամ ա գնում ես, բայց հըլը չես գնացել» եւ ժպտալով ավելացրեց՝ «էս քանի ժամ ա՝ մեզ գործից կտրում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հանաք եմ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկանում եմ», եւ Կարոն ծիծաղելով հարցրեց՝ «ի՞նչն ես հասկանում. որ հանաք եմ անո՞ւմ, թե՞ որ՝ մեզ գործից կտրում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկուսն էլ» եւ Կարոյին ու բուժքրոջը հրաժեշտ տալով՝ դուրս եկա Կարոյի կաբինետից, եւ, հիշում եմ, էդ նույն իրիկուն Տերյանի բուքմեյքերականում օնլայն խաղադրույքս «Միլանի» վրա դնելով՝ իջա «Տրիումֆ» սրճարան, որովհետեւ իսկապես սրտիս հետ կապված պրոբլեմներ ունեի ու հիմա էլ ունեմ, եւ հատկապես էդ օրերին ունեի եւ օնլայն խաղադրույք դնելով՝ ոչ թե մնում ու տառապում էի, այլ բուքմեյքերական տվյալ տարածքը լքելով՝ մոտերքում ֆռֆռում էի՝ մինչեւ որ խաղն ավարտվում էր ու գլխիս եկածն իմանում էի, որովհետեւ օնլայն խաղադրույքների ընթացքում ահագին տանջվում, տառապում, տոչորվում ու նման այլ բաներ ես անում, մի խոսքով՝ օնլայնի դեպքում ահագին սիրտ ես մաշում՝ անկախ վերջնական արդյունքից, որովհետեւ մինչեւ օնլայն կերպով շահում կամ տանուլ ես տալիս, երկու դեպքում էլ սիրտդ հավասարապես է ծանրաբեռնվում ու քրքրվում, եւ էս բանը վերջերս միանգամայն ինքնուրույն եմ զգացել ու հասկացել, ու էդ էր պատճառը, որ էդ շրջանում օնլայն խաղադրույք դնելով՝ բուքմեյքերական տարածքը լքում ու շրջակայքում ֆռֆռում էի՝ մինչեւ որ տվյալ խաղն ավարտվում ու տվյալ խաղի արդյունքն իմանում էի, եւ ահա էդ օրն էլ խաղադրույքս «Միլանի» վրա դնելով՝ Տերյանով իջա ու մտա «Տրիումֆ», ավելի ճիշտ՝ ես խաղադրույքս «Միլանի» վրա դնելով՝ Տերյանով իջա եւ դրսից տեսնելով, որ «Տրիումֆում» մի սեղանի շուրջ նստած են Օրթախ Աբոն, Հայկունն ու Տեր Մաղաքիան, անմիջապես ներս մտա, եւ Աբոն ինձ տեսնելով՝ զարմացած ասաց՝ «էս խեր ըլնի. ասում էիր՝ էս կաֆեն չես սիրում», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր պատճառ ունեմ», եւ Հայկունը հարցրեց՝ «ի՞նչ պատճառ», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ լուրջ պատճառ ա», եւ Հայկունն ասաց՝ «ասա՝ մենք էլ իմանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «Մաղաքիայի հետ գործ ունեմ», եւ Հայկունը ժպտալով ինձ ասաց՝ «ինքը քո համար Մաղաքիա չի» եւ ժպտալով ավելացրեց՝ «Տեր Մաղաքիա ասա», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «մանավանդ որ՝ հետը գործ ունես», եւ Մաղաքիան ժպտալով ինձ հարցրեց՝ «ի՞նչ գործ է», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հեչ», եւ Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «կարող ա՞ մենք խանգարում ենք», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «թե խանգարում ենք՝ կարանք դուրս գանք», եւ ես ժպտալով ասացի՝ «գաղտնի խոսակցություն չի», եւ Տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «Արմենն ինձ հետ ի՞նչ գաղտնի խոսակցություն պիտի ունենա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարող ա մեղքերն ա ուզում խոստովանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ քավի», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին ասաց՝ «մի քանի տարի առաջ Տեր Վարդանի միջնորդությամբ խոստովանել է», եւ Հայկունը ժպտալով հարցրեց՝ «բայց քավել ա՞», եւ Տեր Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կարծում եմ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու Մաղաքիային ասաց՝ «կարող ա լրիվ թազա մեղքեր ա գործել ու էդ թազեքն ա ուզում խոստովանի», եւ Տեր Մաղաքիան նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «խոստովանությունից հետո գործած մեղքերի համար ավելի խիստ պատիժ է հասնում», եւ օրթախ Աբոն ծիծաղելով ասաց՝ «խոստովանությունից հետո գործած մի մեղքն էրկուս ա հաշվում», եւ Հայկունը միանգամայն լուրջ ասաց՝ «ոչ թե էրկու, այլ՝ չորս», եւ Տեր Մաղաքիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «շատ եք սիրում ձեր չիմացած բաների մասին խոսել», եւ Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «հիմի մենք գնա՞նք, թե՝ մնանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւր գնաք», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում ես՝ Մաղաքիայի հետ խոսալու բան ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ թե Մաղաքիայի, այլ՝ Տեր Մաղաքիայի», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք մեր Առաքելական եկեղեցին էնքան ենք հարգում, որ եթե պետք ըլնի՝ կարանք դուրս գանք», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ մեր Առաքելական եկեղեցին շատ հարգում, դրա համար էլ ուզում եմ Տեր Մաղաքիայի հետ որոշ հարցեր ճշտեմ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պահո՜» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «հիմի մենք գնա՞նք, թե՞ կարանք մնանք», եւ ես ժպտալով Հայկունին ասացի՝ «պիտի միասին ճշտենք», եւ Տեր Մաղաքիան ժպտալով ինձ հարցրեց՝ «ի՞նչ ես ուզում ճշտես», եւ ես առանց երկար-բարակ մտածելու՝ միանգամից Տեր Մաղաքիային հարցրի՝ «մեր եկեղեցու օրենքով՝ սուտ խոսալը մեղք համարվո՞ւմ ա, թե՝ չէ», եւ Տեր Մաղաքիան զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «մտավորական մարդուն վայել հարց չես տալիս», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ստախոսությունը ոչ միայն եկեղեցական, այլեւ աշխարհիկ օրենքով էլ է մեղք համարվում», եւ Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «բավարարվա՞ծ եք, պարոն Շեկոյան», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «միանգամայն», եւ Հայկունը ժպտալով ինձ ասաց՝ «էդ հասարակ հարցերով իզուր ես Տեր Մաղաքիային անհանգստացնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ տեսակ հասարակ հարցերով ինձ էլ կարաս դիմես» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «պարզից էլ պարզ ա, որ ստախոսությունը մեղք ա համարվում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Հայկունը զարմացած ինձ հարցրեց՝ «որ էդ կարծիքին ես, էլ ինչի՞ ես հարցնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում էի հարուր տոկոսով ճշտեմ» եւ ժպտալով ավելացրի՝ «գրազ եմ էկել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրազ», եւ ես ասացի՝ «ընկերս ասում ա, որ մեր եկեղեցու օրենքով՝ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «էդքան մեծ շրջապատ ունեմ, բայց մեջները մեկը չկա, որ հետս ըտենց հիմար գրազ գա», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նրանից ա, որ առողջ սիրտ ունես», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սիրտն ընենց նուրբ բան ա, որ ոչ մեկը չի կարա գլուխ գովա, որ առողջ սիրտ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց սիրտն ի՞նչ կապ ունի էդ գրազի հետ», եւ ես ժպտալով ասացի՝ «բժշկիս հետ եմ գրազ էկել», եւ Հայկունն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բժիշկ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր դասարանից ա», եւ Հայկունը ծիծաղելով հարցրեց՝ «դու ո՞ր դպրոցում ես սովորում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ավարտել եմ», եւ Հայկունը ժպտալով հարցրեց՝ «էդ բժիշկ ընկերդ էլ ա՞ դպրոցն ավարտել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ավարտել ա, ո՞նց չի իմանում, որ սուտ խոսալը մեղք ա համարվում», եւ ես ասացի՝ «մի հատ տերտեր ա իրան ասել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տերտեր», եւ ես ասացի՝ «էդ տերտերն էլ ա էդ ընկերոջս մոտ բուժվում», եւ Հայկունը հարցրեց՝ «էդ ընկերդ ինչի՞ բժիշկ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սրտաբան ա» եւ ավելացրի՝ «էդ տերտերին էլ ա ինքը բուժում», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «տերտերներն էլ ե՞ն սրտից բողոքներ ունենում», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք էլ ենք մարդ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս բարքերն ու ամեն ինչը մեր սրտերի վրա էլ են հետք թողնում», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «տերտերներն էլ ե՞ն բժշկի գնում», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին հարցրեց՝ «տերտերները մարդ չե՞ն», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդը մարդ են, բայց ես կարծում էի, որ տերտերներն իրանք են բոլորին ու նույնիսկ բժիշկներին բուժում», եւ Տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մենք մարդկանց հոգիներն ենք բուժում, բժիշկները՝ մարմինները», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «բայց կարեւորը հոգին ա, չէ՞», եւ Աբոն քամահրանքով ասաց՝ «որ հոգին չըլնի, կարաս մարմինը բուժես ու յոլա գնաս, բայց որ մարմինը մեռնի, հոգին ո՞նց պիտի բուժես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ մարմինը մեռնի, հոգին լրիվ կառողջանա. էլ բուժման կարիք չի ունենա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հոգու բոլոր հիվանդությունների պատճառը մարմինն ա», եւ Տեր Մաղաքիան հիացած նայեց ինձ ու ասաց՝ «Արմենը փայլուն կերպով ձեւակերպեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ավելացնելու բան չունեմ», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Արմենը փոքր վախտվանից երազել ա տերտեր դառնալ», եւ Հայկունը ծիծաղելով ավելացրեց՝ «գործերը տվել ա ճեմարան, բայց աչոկներով դուրս ա մնացել», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճեմարանի դռները բոլոր ցանկացողների առաջ միշտ բաց են», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Արմենը որ տերտեր դառած ըլներ, հիմի Հայ Առաքելական եկեղեցին գոնե մի հատ շեկ տերտեր կունենար», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «Տեր Վարդանն էլ է շեկ», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ Արմենը տերտեր դառած ըլներ, հիմի Տեր Վարդանը մենակ չէր ըլնի», եւ Հայկունը ծիծաղելով ասաց՝ «մինիմում էրկու հատ շեկ տերտեր պիտի ունենանք, որովհետեւ հայերն առաջներում շեկ են էղել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «շեկ ու հեթանոս են էղել», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շեկությունը վերացել ա, բայց հեթանոսությունը մնացել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոխանակ հակառակն ըլներ», եւ Աբոն ասաց՝ «կարգին հեթանոս էլ չենք», եւ Հայկունը ծիծաղելով ասաց՝ «ձախ ձեռով մոմ ենք վառում, աջով դանակը խրում ենք մատաղացու աքլորի սիրտը», եւ էդ պահին երիտասարդ մատուցողը Հայկունի պատվիրած վիսկին Հայկունի առաջ դնելով ասաց՝ «խոզին են դանակը սիրտը խրում. աքլորին վզից են մորթում», եւ Հայկուննն արհամարհանքով նայեց երիտասարդին ու ասաց՝ «ուրիշների խոսակցություններին ականջ դնելը լավ բան չի, տղա ջան», եւ Աբոն Հայկունին ասաց՝ «դու իրա համար ուրիշ չես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էս մարդիկ քո շնորհիվ են իրանց վիսկիի պլանը կատարում», եւ Հայկունը թարս նայեց մատուցողին ու հարցրեց՝ «էլի սառույցը շատ ե՞ս լցրել», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ինչպես միշտ՝ չափավոր», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու մատուցողին ասաց՝ «ինչպես միշտ՝ ազատ ես», եւ երբ մատուցողը գնաց, Հայկունն ասաց՝ «էրկու հազար տարվա քրիստոնյա ենք, բայց մորթելու համար խելքներս մերը չի», եւ Աբոն քամահրանքով ասաց՝ «մորթելու հարցում էլ ենք անշնորհք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հազիվ էլ աքլոր ու հավ մորթենք», եւ Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ էիք ուզում մորթեինք», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մեզ մորթողին ձեռներս տան, էլի չենք բաշարի մորթենք», եւ Մաղաքիան ասաց՝ «որովհետեւ մենք քրիստոնյա ենք», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քրիստոնյա ենք, բայց որ տեղը գալիս ա, լավ էլ մորթում ենք», եւ Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ենք մորթում», եւ Հայկունը պատասխանեց ու ասաց՝ «իրար», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «այ էդ գործում իսկական վարպետ ենք», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ մեր գրողն Արմենն ըլնի, մեր վիճակը հազիվ էլ էս ըլնի», եւ ես զարմացած հարցրի՝ «իմ մեղքը ո՞րն ա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրող մարդ ես, բայց չգիտես, որ սուտ խոսալը մեղք ա համարվում», եւ ես արդարանալով ասացի՝ «գիտեմ, որ մեղք ա համարվում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ գիտես, էլ ինչի՞ ես տերտերներին հարցաքննում», եւ ես ժպտալով ասացի՝ «տերտեր մի ասա», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ ես ասացի՝ «հոգեւորական ասա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «հոգեւորականները շատ պիտի երազեն, որ իրանց տերտեր ասեն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «Քրիստոսին են Տե՜ր-Տե՜ր ասել, դրանից էլ տերտեր բառն ա առաջացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ, Տեր Մաղաքիա», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունին ասաց՝ «այնքան վստահ ու համոզված ես ասում, որ չեմ համարձակվում հակաճառել», եւ ես ժպտալով Մաղաքիային ասացի՝ «փաստորեն, գրազս կրել եմ», եւ Մաղաքիան ինձ հարցրեց՝ «ինչի՞ վրա եք գրազ եկել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի հատ խինկալու սեղան», եւ Մաղաքիան հարցրեց՝ «ի՞նչ խնդրի շուրջ եք գրազ եկել», եւ ես ասացի՝ «էդ ընկերս ասում ա, որ մեր եկեղեցու օրենքով սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ Մաղաքիան ասաց՝ «ընկերդ չարաչար է սխալվում», եւ Հայկունն ինձ հարցրեց՝ «ասում ես՝ էդ ընկերդ սրտաբան ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «երեւի էնքան ա իրա հիվանդներին խաբել, որ հիմի էլ ինքը իրան ա խաբում թե՝ ստախոսությունը մեղք չի», եւ Մաղաքիան ինձ հարցրեց՝ «ընկերոջդ անունն ի՞նչ է», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Կարո», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու անհանգստացած հարցրեց՝ «ո՞ր հիվանդանոցում է աշխատում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Զեյթունի», եւ Մաղաքիան հանկարծակի կարմրելով ու կմկմալով ինձ հարցրեց՝ «քո տարիքի տղա՞ է», եւ ես ասացի՝ «հա. նույն դասարանում ենք սովորել», եւ Հայկունը ծիծաղելով ասաց՝ «բայց արդեն ավարտել են», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ավելի կարմրելով ասաց՝ «ես էլ եմ Կարապետի մոտ բուժվում», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «բայց խի՞ կարմրեցիր, Տեր հայր», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատճառ ունեմ», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «բուժվելն ամոթ բան չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր տարիքում չբուժվելն ա ամոթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ հիվանդանալն ա ամոթ բան», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «մեր տարիքի մարդը որ առավոտ զարթնում ու ոչ մի ցավ չի զգում, ուրեմն մեռել ա», եւ Հայկունը Մաղաքիային հարցրեց՝ «սրտիցդ բողոքներ ունե՞ս», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որոշ չափով», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր թե՝ տերտերները չպիտի սրտից բողոքեն», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք էլ մե՛ր չափով ենք պատասխան տալիս», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես լսել եմ, որ Աստված տերտերներին ավելի խիստ ա պատժում, քան՝ սովորական մահկանացուներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ տերտերները հասկանալով են մեղք գործում, իսկ սովորական մահկանացուները՝ առանց հասկանալու», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «ես չեմ հավատում, որ Մաղաքիան մեղք գործած ըլնի. աչքովս էլ տենամ՝ չեմ հավատա», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «ջահել վախտերը լավ էլ գործած կըլնի», եւ Մաղաքիան կարմրելով ասաց՝ «բոլորովին վերջերս էլ եմ մեղք գործել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մեղք ես գործել», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «մեծ մեղք ե՞ս գործել», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «եթե հաշվի առնենք, որ անգիտակցաբար եմ էդ բանն արել, կարող եմ հուսալ, որ մեղքս առանձնապես մեծ չէ», եւ Աբոն ժպտալով Մաղաքիային ասաց՝ «աչքովս էլ տենամ՝ չեմ հավատա, որ մեղք ես գործել», եւ Մաղաքիան ժպտալով հարցրեց՝ «ինչո՞ւ չես հավատա», եւ Աբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ դու սրբի պես մարդ ես», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «կյանքը ցույց ա տալիս, որ սրբերն էլ են մեկումեջ մեղք գործում», եւ Աբոն հարցրեց՝ «կյանքը ե՞րբ ա ցույց տվել», եւ Հայկունն ասաց՝ «նոր էս մարդն իրա բերանով խոստովանեց», եւ Մաղաքիան գլխով Հայկունի ասածը հաստատեց:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930