Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերդաստան ստվերաց»

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայանալու է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» (Family of Shadows) գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Ներկայացնում ենք հատվածներ «Գերդաստան ստվերաց»-ի նախաբանից, որը նկարագրություն է, թե ինչպես էին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա մայրը՝ տիկին Վարդիթերը, 1988-ի երկրաշարժի օրերին այցելել Գյումրի:
«Ստադիոնից դուրս ողջ մնացածներն ու կամավորները փլատակներն էին փորում՝ կենդանի շունչ գտնելու համար: Րաֆֆին միացավ նրանց, բայց այդ առավոտ միայն դիակներ կարողացավ հանել: Սահմռկած ու հոգնատանջ՝ նա գայթում էր փլատակների մեջ, մի ձեռքում՝ տեսախցիկը, մյուսում՝ բրդյա սվիտերներով լցված պայուսակը: Նա արդեն բաժանել էր բոլոր սվիտերները, բայց կարիքավորները գալիս ու գալիս էին: Ձյան մեջ անօգնական կանգնած՝ Րաֆֆին հանեց իր սպիտակ սվիտերն ու տվեց մի անծանոթի: (…)
Ցերեկը Րաֆֆին մի քանի մահացած մարմիններ գտավ եւ մի անգամ էլ մի տղա՝ իր վերջին շնչում: Գոռալով՝ բժիշկներ կանչեց, բայց նրա ձայնն արձագանքեց դատարկ քաղաքում: Ավերածությունն անվերջ էր. հույս չէր մնացել: Ժամանակ առ ժամանակ Րաֆֆին ծունկի էր իջնում ու լալիս իր հայրենիքի ավերակների մեջ: (…)
Դեկտեմբերի 28-ի առավոտյան Րաֆֆին եւ Վարդիթերը դուրս քայլեցին «Արմենիա» հյուրանոցից: Վերջին տասն օրերի ընթացքում Վարդիթերը հոգու նման թափառել էր հանրապետությունով՝ այցելելով յուրաքանչյուր անկյուն, ուր նրա՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն եւ գերմաներեն լեզուների իմացությունր կամ նրա բժշկական փորձն անհրաժեշտ էին: Հենց այս առաքելության համար էր նա միացել իր որդուն: (…)
Վարդիթերը եւ Րաֆֆին հասան Ազգային պատկերասրահի շատրվաններին, իսկ հետո՝ Աբովյան եւ Պուշկին փողոցների հատման կետում՝ գորշավուն ու հսկա շենքի վանդականախշ դռներին: Րաֆֆին մի ոսկե բանալի հանեց: Նա խորհրդային Երեւանում պատրաստվում էր բացել ժողովրդավարության առաջին դեսպանատունը, վերադարձի՝ դեսպանատունը, թեեւ նա չէր գիտակցում դա: (…)
Հետո նա վերադարձավ լոս-անջելեսյան իր գրասենյակը՝ փորձելով կրկին մխրճվել իրավաբանության մեջ: Չկարողացավ: Երբեմն գործից հետո Րաֆֆին միայնակ քշում էր դեպի մոտակա հիվանդանոցը, որտեղ երկրաշարժից փրկված երեխաներ էին բերել բարդ վիրահատության համար: Հիմնականում նա խաղում էր Գրետայի՝ ոտքերը կորցրած մի աղջնակի հետ, որը նստած էր անիվներով տախտակի վրա եւ ձեռքերի օգնությամբ շարժվում էր գետնի վրայով: Սենյակում հետապնդելով Րաֆֆիին՝ Գրետան անցյալի այն հռհռացող ուրվականն էր, որն արագ հետեւում էր Թերիհիլ Փլեյսի փաստաբանին:
Իրենց ամուսնության վաղ օրերին հայրս եւ մայրս հաճախ էին խոսում երեխաների հետ Արեւմտյան Հայաստանի արգելված հողեր վերադառնալու մասին, որտեղ նրանց պապերն էին ժամանակին ապրել: Բայց երկրաշարժից հետո նրանց ուշքն ու միտքն արդեն Արեւելյան Հայաստանն էր: Հայերը, փաստորեն, այնտեղ ապրում էին Թուրքիայի հետ կապված սարսափի պատմության եւ Ադրբեջանի հետ պատերազմի կանխազգացումի միջեւ՝ խորհրդային զնդանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել