Արդեն երկար ժամանակ է, ինչ Մաշտոց-Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի գետնանցումը հակասանիտարական վիճակում է: Դրանից օգտվող յուրաքանչյուր քաղաքացի աշխատում է հնարավորինս շուտ դուրս պրծնել այդ գարշահոտ միջավայրից: Այդ անցումը մայրաքաղաքի այնպիսի մարդաշատ հատվածում է գտնվում, որ օրական հարյուրավոր մարդիկ են ստիպված լինում այդտեղով անցուդարձ անել: Էլ չենք ասում, որ գետնուղու շրջակայքում են գտնվում թիվ 24 դպրոցը, Ս.Սարգիս եկեղեցին, Փակ շուկան, բազմաթիվ առեւտրի օբյեկտներ եւ գրասենյակներ: Հատկապես երեկոյան ժամերին միայն շատ համարձակները կարող են ռիսկի դիմել, օգտվել խավարի, գարշահոտության եւ անտունների այդ մղձավանջից: Գետնուղին երեկ չէ, որ հայտնվել է այդպիսի վատ վիճակում: Մոտենում է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը եւ հիմնական տոնակատարությունների շարքը, որոնք պետք է տեղի ունենան աշնանը: Ճիշտ կլինի, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ուշադրություն դարձնեն նաեւ այս խնդրին: