Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեթի կռիվ կույրերի միավորումում

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"Երեկ գյումրեցի  մի խումբ կույր մարդիկ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ դժգոհելով Գյումրիի կույրերի միավորման ղեկավար Ալբերտ Թորոսյանի «անտարբեր ու անմարդկային» վերաբերմունքից: Նրանցից ամենաերիտասարդի՝ Գայանե Մեսրոպյանի ներկայացմամբ՝ պարոն Թորոսյանը կույրերի համար ոչ միայն մատը մատին չի խփում, այլեւ նրանց ձեռքից խլում է պետականորեն հասանելիք ձեթը: «Խոսքս ձեռնարկությունում եռամսյակը մեկ բաժանվող 1 լիտր ձեթի մասին է, նա տալիս է էնպես, ինչպես ինքն է ուզում: Ես եղբորս էի ուղարկել ձեռնարկություն՝ իմ հասանելիքը ստանալու համար, սակայն ընկեր Թորոսյանը չէր տվել, երբ զանգահարեցի, հարցրեցի՝  ո՞ր իրավունքով է ինձ ձեթից զրկել, պատասխանեց՝ լավ եմ անում, ոնց ուզում՝ ընենց էլ բաժանում եմ, դու ինձ չպիտի ասես՝ ես ոնց աշխատեմ, համբերի, հաջորդ եռամսյակին ստացիր: Ինքը մեզ հասանելիք ձեթը միշտ էլ կոկորդ կրծելով է տալիս, կարծես իրա գրպանից է տալիս»,- դժգոհեց Գայանե Մեսրոպյանը: Նրա  ներկայացմամբ, քանի որ ինքը, ի տարբերություն շատ կույրերի, ունի մնացող տեսողություն, հետեւաբար եւ  Ալբերտ Թորոսյանին ձեռնտու չէ իր հիմնարկ մտնել-ելնելն ու «մութ գործերը» տեսնելը: Կույրերը նաեւ  զարմանում էին, թե ինչո՞ւ են 80 տարեկան մարդուն վստահել հաշմանդամների հարցերը, երբ վարչության դերը կույրերին աջակցելն ու նրանց աշխատանքի հարցը լուծելն է: Վերջիններս Թորոսյանին քննադատելուց հետո անդրադարձան նաեւ պետության «անհոգի» վերաբերմունքին. ըստ նրանց՝ այս երկրում ամեն ինչ անում են, որ հաշմանդամն զգա իր ավելորդ լինելը: «Ես 28000 դրամ թոշակ եմ ստանում, դրանով ո՞նց ապրեմ՝ կոմունալ վճարնե՞րը տամ, թե՞ հաց ուտեմ, եթե էդ թոշակը տամ սոցապ նախարարին կամ վարչապետին, կամ հենց նախագահին, ես չեմ վախենում, դրանով քանի՞ օր կապրեն: Որ գործատուի դուռը թակում ենք, անմիջապես այն շրխկացնում ու դուրս են անում, բա սա շնո՞րհք է, սա երկի՞ր է»,- զայրանում էր   կույրերի միավորման մեկ այլ անդամ՝ Գայանե Նալբանդյանը: Կոնկրետ  ձեթի խնդրի հետ կապված մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ մեղադրվող կողմից, սակայն պարոն Թորոսյանը տեղում չէր, կույրերի միավորման դռներն էլ փակ էին: Այդուհանդերձ, ակնկալում ենք, որ Ալբերտ Թորոսյանը «Առավոտին»  կներկայացնի, թե ինչ քանակի օգնության ձեթ է ստանում ու ինչպես է  բաշխում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել