Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Սեպտեմբեր 03,2011 00:00

Կարեւոր է, թե ինչ ժառանգություն ենք թողնում մեր ապագային

\"\"

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը ու հատկապես գյուղի դպրոցականները երեկ յուրօրինակ նվեր ստացան՝ բացվեց գյուղի դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճը: Սա դպրոցի հինգ մասնաշենքերից մեկն է միայն, մնացածներն էլ են նորոգվում, բացումը՝ նոյեմբերին:
Մյասնիկյանի դպրոցի հիմնանորոգումը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոքրածավալ ենթակառուցվածքների ծրագրի (50 հազար դոլար), Մյասնիկյանի համայնքապետարանի (1,5 միլիոն դրամ) եւ Հայաստանի մանուկների հիմնադրամի՝ COAF (120 հազար դոլար) համատեղ ֆինանսավորմամբ:
Մյասնիկյան գյուղի դպրոցի տնօրեն Զուբեյդա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1980 թվականին շահագործման հանձնված դպրոցը երբեք չի հիմնանորոգվել, երբեմն տեղ-տեղ կոսմետիկ նորոգումներ են եղել՝ դպրոցահասակ երեխաների ծնողների աջակցությամբ: Այսօր Մյասնիկյան դպրոցը 600 աշակերտ ունի, ու պատահական չէ, որ առաջինը շահագործման հանձնվեց հենց մարզադահլիճը: Մյասնիկյանի դպրոցը մարզական մեծ ներուժ ունի, ամեն տարի այս դպրոցի երկու, երեք շրջանավարտ ընդունվում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, այս պահին այդ բուհում 10 մյասնիկյանցի է սովորում, երկու մյասնիկյանցի համալրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող թիմերը: Մյասնիկյանի դպրոցի վոլեյբոլի, բասկետբոլի եւ այլ մարզաձեւերի հավաքականները միջհամայնքային եւ մարզային սպորտային մրցույթ-առաջնություններից միշտ մրցանակներով են վերադառնում: Դպրոցի տնօրենը վստահ է, որ նոր ու նորոգ դահլիճը նոր հնարավորություններ կապահովի աշակերտների համար: Մարզադահլիճի բացմանը ներկա տարեցներից մեկը նկատեց, թե այսուհետեւ աշակերտները պետք է ավելի լավ սովորեն, ուսուցիչներն էլ ավելի մեծ եռանդով իրենց գիտելիքները փոխանցեն երեխաներին:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը ուրախ էր, որ ծրագիրը հաջողությամբ է իրականացվել: Նա գիտեր, որ բացի ֆիզկուլտուրայի դասերին ծառայելուց, այս մարզադահլիճում նաեւ պարի եւ արեւելյան մարզաձեւերի դասեր են անցկացվում: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում հույս ունեն, որ դպրոցն ու գյուղը կկարողանան մարզական գույքով համալրել դահլիճը, եւ պատրաստ են օգնել, եթե դրա կարիքը լինի:
Հայաստանի մանուկների հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն էլ նկատեց, որ սա Արմավիրի մարզում արդեն 5-րդ դպրոցն է, որ հիմնանորոգում է իրենց հիմնադրամը: Ըստ նրա, նորոգված դպրոցներում ուսուցիչներն ու աշակերտները խնամքով են վերաբերվում շենքին ու գույքին, իսկ սա դեռ չնորոգված դպրոցների համար բարերարներ գտնելու գործն է դյուրացնում: Նաեւ նպաստում է, որ դպրոցում նոր ծրագրեր իրականացվեն: «Մենք շատ ենք ասում, թե երեխաները մեր ապագան են: Ուրեմն շատ կարեւոր է, թե ինչ ժառանգություն ենք թողնում մեր ապագային»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել