Epress.am-ը երեկ արտատպել է Wikileaks կայքի՝ Հայաստանին վերաբերող եւս մի գաղտնազերծած դիվանագիտական գրագրություն, որը վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի՝ 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակին: Դրանում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցի մասին:
Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին՝ իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով: Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու՝ ՍԴ ներկայացրած հայցի հետ:
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը «պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, որ մարտի 8-ին կայանալիք ՍԴ լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Նա հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան, Տեր-Պետրոսյանի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (Արմեն Գեւորգյանի- խմբ.) կանչել նախագահական»: Պողոսյանը նշել է, թե արհամարհել է այդ զանգերը: Ամերիկացի դիվանագետը մեջբերել է Պողոսյանի խոսքերը, թե՝ ՍԴ-ում իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից, պատմել է, թե նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին: Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով. «Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին»: Պողոսյանը պատմել է, թե նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների առաջ, բայց դա «անուշադրության է մատնվել», ու պնդել է, թե դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին՝ Տիգրան Բալայանը, նշանակվել է ԱԳՆ խոսնակ:
Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը եւ լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո, ու խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի՝ նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի գրեթե բոլոր անդամները հակված էին գործը հօգուտ Տեր-Պետրոսյանի վճռել: Նա ասել է. «Չնայած վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Տեր-Պետրոսյանը կարող էր 100 հազարավոր մարդ դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Չբացառելով այդ սցենարը՝ կարծիք հայտնեց, որ իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց իշխանության հարցը վիճարկելի է դառնում»: