Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՅԼ ԿԱՌՈՒՅՑ Է

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"«Բայց դա ոչ թե խարան, այլ պետության ու հասարակության պատվի խնդիր պիտի լինի»,- երեկ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի քանի լրատվամիջոցների շատ հակիրճ՝ մի երկու բառով, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առավել անկաշկանդ զրույցում ներկայացրեց իր վեցամսյա գործունեության արդյունքները՝ շեշտելով, թե իր պաշտոնավարության ընթացքում ՄԻՊ գրասենյակում ստացվել է վեց հազար դիմում, եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի կտրվածքով 3 անգամ աճել են դիմումները, այդ թվում՝ մի քանիսը՝ Երեւանի որոշ հատվածներում ապամոնտաժվող կրպակների վերաբերյալ, դրական լուծումներ են ստացել:
Անշուշտ, հարցադրումներ էլ եղան: Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե՝ ՄԻՊ-ին արդեն երկրորդ գերատեսչությունն է մեղադրում Օմբուդսմենի պաշտոնեական լիազորություններն անցնելու համար. նախ՝ դրա մասին հայտարարեց Վճռաբեկ դատարանը, ապա՝ կրթության եւ գիտության նախարարությունը, Կ. Անդրեասյանը նախ՝ ճշտեց, որ իրեն ուղղված մեղադրանքները երեքն են եղել: Նա հիշեցրեց այդ շարքի առաջին դեպքը, որը կապված էր ընդդիմություն-իշխանություն երկխոսության միջնորդ հանդես գալու առաջարկի հետ: Հիշեցնենք, այն ժամանակ նման մեղադրանքներ ՄԻՊ-ի հասցեին ուղղել էին ԱԺ պատգամավորները: Կ. Անդրեասյանը շեշտեց, որ բոլոր այդ երեք դեպքերում քննադատությունները, որոնք եղել են ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի եւ անձամբ իմ հասցեին՝ «եղել են իրավական առումով անհիմն, եւ բոլոր դեպքերում մենք եղել ենք ե՛ւ մեր լիազորությունների շրջանակներում, ե՛ւ ասել ենք այն, ինչ ճշմարիտ է եւ փաստարկված: Մենք մեր տեսակետն ունենք, եւ ցանկացած քաղաքակիրթ երկրում ՄԻՊ տեսակետը ոչ թե փորձում են ոչնչացնել, ջախջախել, հարձակվել եւ տարբեր պիտակավորումներով փորձել հաղթահարել դրանք, այլ փորձում են դրա խորքը տեսնել եւ կատարելագործել սեփական համակարգերը: Եթե դա չի արվում՝ դա խնդիր է ոչ թե ՄԻՊ գրասենյակի, այլ պետության, այն մարմնի համար, որտեղից նման արձագանքներ են լինում ՄԻՊ գրասենյակի հասցեին»: Կ. Անդրեասյանը խոստովանեց, որ թեեւ ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենսդրությունը չի զիջում որեւէ եվրոպական երկրի համապատասխան օրենսդրությանը կամ Օմբուդսմենի լիազորություններին, այդուհանդերձ, ՀՀ ՄԻՊ-ն այսօր անհամեմատ թույլ կառույց է, քան շատ եվրոպական երկրներինը: «Եվ այդ թուլությունը ոչ թե խարան պետք է լինի կամ պատվի առարկա՝ այս կամ այն Օմբուդսմենի, այլ՝ պետության, հասարակության համար»,- եզրակացրեց Օմբուդսմենը:
«Առավոտի» հարցին, թե արդյոք այս թուլությունը պայմանավորված չէ՞ այն հանգամանքով, որ մեր բոլոր Օմբուդսմենները՝ սկսած Լարիսա Ալավերդյանից եւ վերջացրած Կարեն Անդրեասյանով, բոլորն էլ համարվել են իշխանության դրածոներ կամ ասոցացվել են իշխանությունների հետ, Օմբուդսմենը չհամաձայնեց՝ վկայակոչելով գործող օրենսդրությունը, որով ՀՀ Օմբուդսմենն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների 2/3-ի՝ մեծ մասամբ՝ իշխանական կոալիցիայի կողմից: «Այդ դեպքում կարո՞ղ է առանց օրենքի փոփոխության լինել որեւէ Օմբուդսմեն, որը չի ասոցացվի իշխանության հետ: Մյուս կողմից, եթե ՄԻՊ-ը ընդհանրապես չհամագործակցի իշխանությունների հետ, որեւէ կերպ արդյոք կկարողանա՞ լուծել այն համակարգային ու անհատական խնդիրները, որոնցով իրեն դիմում են: Ցանկացած երկրի ՄԻՊ, այո, մասամբ ներկայացնում է իշխանություններին, ՄԻՊ-ի գրասենյակը ստեղծվում է իշխանության կողմից՝ ինքն իրեն զսպելու համար: Դա է բոլոր երկրների փորձը: Ես դժվարությամբ կասեմ, որ թույլ ինստիտուտի պատճառը բացառապես այն է, որ ՄԻՊ-ն ընտրվել է իշխանական կոալիցիայի կամ ժամանակին նշանակվել երկրի նախագահի կողմից: Թուլությունը, բնականաբար, ունի շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց ինձ համար այսօր թուլությունը հասարակական որոշակի կարեւոր օղակների աջակցության պակասի մեջ է: Ես հասկանում եմ, որ դա մեկ օրում չի լինի, կլինի հետեւողական աշխատանքի արդյունքում»:
«Առավոտի» մյուս հարցը վերաբերում էր ասուլիսի սկզբում շոշափված թեմային՝ պետական տարբեր գերատեսչությունների կողմից ՄԻՊ-ին ուղղված կշտամբանքներին: Հարցրինք՝ դրանք զուտ գերատեսչակա՞ն «հարձակումներ» են, թե՞ ընդհանուր առմամբ բարձրագույն իշխանությունների կողմից ՄԻՊ-ին ուղղված ակնարկ՝ մնալ իր «պարտականությունների շրջանակներում» եւ ինքնագործունեություն չծավալել: «Եթե այս տեմպերով գնամ, կարծում եմ, շատ շուտով շատերի համար կլինեմ շատ «անհաջող կադր»,- կարծիք հայտնեց Կ. Անդրեասյանն ու ենթադրեց, թե պետական գերատեսչությունների հարձակումներն իր դեմ պայմանավորված են նրա գործելաոճում նոր տարրերի ներմուծմամբ, որին պետական գերատեսչությունները սովոր չեն, եւ հակազդեցությունն էլ սուր է լինում: «ԿԳ նախարարության դեպքում ես զերծ կմնամ մեկնաբանելուց, թե դա անձնական կամ կառուցվածքային, կամ համակարգային խնդիր է, բայց այն, որ նրանց արձագանքի տոնայնությունը հարիր չէր կառավարությունը ներկայացնող գերատեսչությանը, որը թույլ տվեց ոչ կոռեկտ դրսեւորում սահմանադրական մարմնի նկատմամբ՝ դա ցավ է, որի մասին պիտի խոսի առաջին հերթին կառավարությունը, հետո ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ազդված լինեին, թե ինչպես կարող է գործադիր մարմնի մի օղակ թույլ տալ իրեն սահմանադրական մարմնի հետ նման տոնայնությամբ բանավեճ ծավալել»:
Բայց չեն ազդվել, չէ՞: «Համակարգային ցավն էլ հենց այդ է, որ չեն ազդվել»,- մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Օմբուդսմենը:
Վերջին շրջանում եւ հատկապես երկու-երեք օրերին մեր երկրում առավել քան կարեւոր եւ ողբերգական դեպքեր են գրանցվել. բանակում խոշտանգվել ու սպանվել են հերթական զինծառայողներ, հինգշաբթի օրն այդ առնչությամբ «Բանակն առանց մարդասպանների» բողոքի ակցիա եղավ, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, սպանված զինծառայողների հարազատներ եւ իրավապաշտպաններ, բայց ՄԻՊ գրասենյակն այդ սպանություններին ոչ միայն չանդրադարձավ, այլեւ ո՛չ Կ. Անդրեասյանը, ո՛չ ՄԻՊ գրասենյակի որեւէ ներկայացուցիչ այդ ակցիային դիտորդի կարգավիճակով էլ ներկա չէր: Ինչպե՞ս հասկանալ ՄԻՊ-ի լռությունն ու ընդհանրապես՝ ինչպե՞ս է արձագանքելու Օմբուդսմենն այդ իրադարձություններին: «ՄԻՊ աշխատակազմի կողմից ինձ առաջարկվել է հայտարարություն անել: Բայց հայտարարությունը պետք է, գոնե, որոշակի նոր բան պարունակի, որ օգտակար լինի հասարակությանը: Ես կարող էի ուղղակի արտահայտել իմ մտահոգությունը, որը հիմա արտահայտում եմ: Բանակում ցանկացած բռնություն, առավել եւս սպանություն՝ ՄԻՊ-ի ամենաառաջնային մտահոգություններից մեկն է, բայց արդյոք մեր միջամտությունն այս պահին որեւէ ձեւով կարո՞ղ է օգտակար լինել խնդրի բացահայտմանը, իրավիճակի փոփոխմանը, համակարգային խնդրի լուծմանը»,- մեր հարցադրմանն այսպես արձագանքեց Կ. Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ դեռ ապրիլին իր 7 հայտարարությունների շարքում անդրադարձել է բանակի խնդիրներին: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա ասաց, թե՝ օրերս մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել վերաբացելու արագ արձագանքման ծառայությունը, որի նպատակը բռնությունների կանխարգելումն ու դրանց արձագանքելն է լինելու. «Մենք հիմա փորձում ենք համագործակցել այդ կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք բռնությունների եւ այլնի ժամանակ արագ տեղում հայտնվել եւ անմիջականորեն տեղում իրական մասնակցություն ունենալ դեպքի քննությանը, իրավական գործընթացներին՝ չխախտելով օրենքը»: Պարզվեց, որ առաջիկայում նաեւ թեժ գիծ է գործելու: Բացի այդ, Կ. Անդրեասյանի ասելով, սեպտեմբերի 1-ից գործելու է մոնիտորինգի 15 հոգանոց խումբ՝ խորհուրդ, որը բոլոր փակ հաստատություններում՝ զորամասերում, ոստիկանության մեկուսարաններում, բանտերում եւ փակ բժշկական հաստատություններում, որտեղ տեղի են ունենում բռնություններ, մոնիտորինգ է անցկացվելու, ամենօրյա այցեր են կատարելու մարզեր եւ այդ հաստատություններ: Բայց անցած 6 ամիսների ընթացքում կա մի բան, որը Օմբուդսմենին չի բավարարել. «Եթե կա մի արդյունք, որից ես դժգոհ եմ, դա եղել է ԿԸՀ անդամների ընտրության համար հայտարարված մրցույթը»,- երեկ խոստովանեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել