Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարությամբ են հավատում իշխանության քաղաքական կամքին

Սեպտեմբեր 03,2011 00:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ մերժվեցին ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց հիմնական պահանջները:

Երկխոսության համար կոալիցիայի առաջարկած օրակարգային հարցի՝ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում» նախագծի վերաբերյալ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» ասել էր. «Այս կանոնների քննարկման առումով անպայման իրենց խոսքը պետք է ասեն ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ շատ կարեւորում եմ նրանց կարծիքը՝ վարքագծի նման կանոնների մշակման ժամանակ»
Արդյոք ՀՅԴ-ն մտադի՞ր է ներգրավվել այդ գործընթացում, որ ընտրություններից առաջ մշակվեն քաղաքակիրթ մրցակցության կանոններ՝ մեր այս հարցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք նման մի փուլ չհաջողեցինք ԱԺ-ում: Մենք ներկայացրել էինք հենց այդ պայմանները, որոնք հնարավորություն կտային ավելի մեծ վստահություն ունենալ ընտրությունների նկատմամբ, բայց մեր 4 պահանջները մասնակի բավարարվեցին, եւ մերժվեցին մեր հիմնական պահանջները՝ կապված հենց այդ խնդրի լուծման հետ: Ուստի մենք շա՜տ դժվարությամբ ենք հավատում իշխանությունների այդ կամքին, քանի որ եթե դրա դրսեւորման խնդիր կար՝ դա պետք է արվեր մինչեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունումը: Ինչեւիցե՝ կողմ ենք ցանկացած համագործակցության, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական վերահսկողությունը մեծացնելուն:
Բայց պետք է տեսնենք, թե հիմա ինչի մասին է խոսքը»:
Հիշեցրեց նաեւ այն առաջարկը, որ ՀՅԴ-ն ներկայացնում է բոլոր ընտրություններից առաջ, սակայն դրան այդպես էլ որեւէ քաղաքական ուժ չի միանում. «Միշտ՝ երբ խնդիր է դրվում, թե վերահսկենք ու համատեղ պայքարենք կեղծիքների դեմ՝ այս գաղափարը ներկայացրել ենք: Հիմա նորից առաջարկելու ենք միասնական շտաբի գաղափարը, ես վստահ եմ՝ թե քանի որ դա ենթադրում է կոնկրետ աշխատանք՝ մեծ հավանականությամբ, մասնավորապես՝ իշխանությունները, մերժելու են»: Մեր տարակուսանքին, թե կեղծիքների դեմ պայքարելու համար միասնական շտաբ են ցանկանում ձեւավորել իշխանությա՞ն հետ, որը միշտ համարվում է հիմնական կեղծիքներ իրականացնողը՝ Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Այո: Խոսքը շտաբի մասին է, որը տեղերից ստանում է տեղեկատվություն կեղծիքների մասին եւ միասնաբար դրա ճշտումը կատարելուց հետո՝ միասնական հայտարարություն է կատարում այդ կեղծիքի վերաբերյալ: Օրինակ՝ ասում ենք, թե այս պահին այսինչ տեղամասում վստահված անձ կամ ընտրող են ծեծում՝ գնացեք եւ ստուգեք: Իրենք չեն կարող մերժել՝ բոլորը մոտակայքում շտաբներ ունեն եւ կարող են զանգել, ճշտել այդ տեղեկատվությունը: Այսինքն՝ տվյալ պահին կեղծիքը թաքցնելը շատ դժվար է լինելու: Ուստի միասնական շտաբի միջոցով նման վերահսկման գաղափարն իրականացնելը նաեւ հնարավորություն կտա, որ հետագայում, երբ կեղծիքների վերաբերյալ դատարանում բողոքարկում ներկայացվի՝ սա ունենա շատ ավելի մեծ հավաստիություն եւ արժեք, քանի որ մեկի ասածը չէ՝ բոլորի հաստատածն է: Այսինքն՝ ապացույցների գնահատման համար մենք կունենանք շատ լուրջ հիմք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել