Այսօր Մոսկվայում մեկնարկում են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի արագ շախմատի (25 րոպե + 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար) հիմնական մրցաշարերը, որոնց մասնակցում են աշխարհի տղամարդկանց եւ կանանց չորսական ուժեղագույն գրոսմայստերներ:
Տղամարդկանց պայքարին մասնակցում են ՖԻԴԵ-ի հրապարակած սեպտեմբեր ամսվա համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում չորս առաջին տեղերն զբաղեցնողները՝ աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, նրան հաջորդող աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), լավագույն եռյակը եզրափակող հայաստանցի Լեւոն Արոնյանը եւ աշխարհի չորրորդ գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Ուժեղ կազմ է հավաքագրել նաեւ կանանց մրցաշարը: Խաղատախտակների առջեւ հանդիպելու են Համփի Կոներուն (Հնդկաստան), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան), Վիկտորիա Չմելիտեն (Լիտվա) եւ Էլինա Դանիելյանը (Հայաստան):