Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ՝ ԷՎԱՆՍ ՄԲԱՄԲԱՅԻՆ. «ԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՆԱՍ՝ ՌԻՆԳԻ ՀԱՏԱԿԻՆ ԵՐԿԱՐ ՔՆԵԼՈՎ»

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ՄՀՀ-ում սեպտեմբերի 3-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Հայաստանը՝ ընդդեմ աշխարհի» երեկոյի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:
«Ռեջինգ Բուլ» պրոումոթերական ընկերության մամուլի պատասխանատու, «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը սկզբում ներկայացրեց երեկոյի մասնակից հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանին, Գաբրիել Տոլմաջյանին, Հովհաննես Ժամկոչյանին եւ Ագնես Բոժային եւ նրանց մրցակիցներին, որից հետո՝ երեկոյի գլխավոր գործող անձանց՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին եւ գոտու հավակնորդ հարավաֆրիկացի Էվանս Մբամբային:
Մբամբայի թիմը շնորհակալություն հայտնեց Վիկին, նրա թիմին եւ երեկոն իրականություն դարձնելուն աջակցած բոլոր բարերարներին՝ այս հանդիպումը, ի վերջո, կազմակերպելու համար՝ նշելով, որ Դարչինյան-Մբամբա մարտը պետք է կայանար դեռ երկու տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներ խանգարեցին: «Մեզ համար մեծ պատիվ է Վախթանգ Դարչինյանի հետ չեմպիոնական մենամարտ անցկացնելը: Սեպտեմբերի 3-ին կայանալիք հանդիպմանն ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվում ենք արդեն ութ շաբաթ եւ հույս ունենք, որ մարտից հետո WBO գոտին մեզ հետ կտանենք տուն»,- լրագրողներին հայտարարեցին Մբամբայի թիմի անդամները: Ինքը՝ Մբամբան, ակնարկեց նաեւ, որ մտադիր է այս մենամարտով մտնել պատմության մեջ: Մրցակցի այս արտահայտությանը Վիկն անմիջապես պատասխանեց կարճ ու հստակ. «Դու անպայման կմնաս պատմության մեջ, բայց ռինգի հատակին երկար ժամանակ քնելով»: Իսկ վանաձորցու ֆիզպատրաստականության մարզիչ Ջամել Պերեսը մրցակցի թիմին սաստեց. «Դուք եկել եք ինչ-որ հույսերով: Բայց գիտցեք, որ տունդարձի ճանապարհին հենց այդ հույսերն էլ ետ եք տանելու»:
«Առավոտը» հետաքրքրվեց. «Մբամբան պրոֆեսիոնալ ռինգում միակ պարտությունը կրել է մեքսիկացի Թոմաս Ռոխասից, որն էլ նույն տարում արդեն երկրորդ ռաունդում ծանր նոկաուտով պարտվել է Վախթանգին: Այդ դեպքում ի՞նչ պատրանքներով է ժամանել Երեւան»: Հարցին հարավաֆրիկացու մենեջերը պատասխանեց. «Այո, Էվանսը պարտվեց Ռոխասին: Բայց ոչ թե նրա համար, որ մրցակիցն էր ուժեղ: Այն ժամանակ մարտը նշանակված էր Մեքսիկայում ու կազմակերպիչները մարտը մի քանի անգամ հետաձգելով՝ արեցին այնպես, որ մենք ստիպված եղանք մի քանի անգամ մեկնել մրցավայր եւ ետ վերադառնալ: Եթե նման բաներ չանեին, հաղթանակը մերը կլիներ»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ընդունված կարգ է, որ մարտից առաջ կողմերը, վստահ սեփական ուժերին, ամպագոռգոռ հայտարարություններ են անում: Երեկ հարավաֆրիկացու թիմը չափից ավելի զուսպ էր արտահայտություններում: Պատճառը հաստատ հաջողության հանդեպ թերահավատությունն էր: Բայց, պահպանելով շոուի կանոնները, նրանք, այնուամենայնիվ, կեսբերան արտահայտվեցին: Վիկի հաղթանակին, ամենայն հավանականությամբ՝ հերթական նոկաուտով, չենք կասկածում: Դրա համար էլ արդեն ասուլիսից հետո նրան եւ երեկոյի կազմակերպիչ «Թաթա Սիմոնյան» պրոումոթերական ընկերության ներկայացուցչին կեսկատակ՝ կեսլուրջ հարցրինք, թե երեւանյան ո՞ր հիվանդանոցի հետ են պայմանավորվել նոկաուտի ենթարկված Մբամբային տեղափոխելու համար: Պատասխանը եղավ հետեւյալը. «Շտապօգնության բժիշկները տեղում են լինելու, ինչպես պահանջում են մրցամարտի կանոնները: Իսկ եթե հիվանդանոցի կարիք լինի, բժիշկները պիտի որոշեն»:
Վերջում տեղեկացնենք, որ Վիկը ռինգ գնալու է հատուկ այդ օրվա համար իրեն նվիրված երգի հնչյունների ուղեկցությամբ, որը գրել է Սերգեյ Կարինյանը, իսկ երգը կատարում է Թաթա Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930