Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է»

Սեպտեմբեր 02,2011 00:00

Երգերը լսում են ու քննարկում

\"\"

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ նկարահանված «Հայաստանը դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է» երգերի տեսահոլովակները եւ ինը հոլովակները ցուցադրության մի քանի օրվա ընթացքում հասցրին լայն ճանաչում ձեռք բերել: Սոցիալական ցանցերում տեսահոլովակները տարածվել են հազարավոր մարդկանց կողմից:
21-ամյա ուսանող Հովհաննես Սարգսյանը նկատում է. «Ինձ ամենից շատ «Հայաստանը դու ես» կարգախոսն է դուր գալիս, քանի որ ինքս էլ եմ այդ կարգախոսով շարժվում: Հոլովակները լավն էին, դրական, եւ դիտելիս անմիջապես դրական հույզեր ես ստանում»:
«Հայաստանը դու ես» երգը կատարում են երիտասարդ երգիչները: Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսք՝ Ավետ Բարսեղյանի, հոլովակի ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան: Տեսահոլովակում նկարահանվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ նկարիչներից մինչեւ լրագրողներ ու գործարարներ: Հերոսները նկարահանվել են նաեւ չորս հոլովակում, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է Հայաստանը նոր տեսանկյունից եւ մոտեցմամբ:
«Բոլոր հոլովակներն էլ դրական են, գունավոր ու տրամադրող, հատկապես «Ծիրանագույն արեւի երկիր» եւ «Գունեղ երազանքների երկիր» հոլովակները: Իսկ, օրինակ, «Կարմիր նռների երկիր» հոլովակում մարդկանց դեմքի ժպիտը շատ էր ու մի տեսակ անբնական»,- ասաց ուսանող Արթուր Խաչատրյանը:
«Տեսահոլովակում նկարահանվել են 20-ամյա պետության հասակակիցները եւ սա, կարծես, յուրօրինակ ուղերձ է առ այն, որ մենք ենք մեր պետության տերն ու վաղվա օրվա երաշխիքը»,- ասաց 22-ամյա ծրագրավորող Անդրանիկ Թովմասյանը:
Իսկ Էլեն Չավուշյանը նշում է, որ հոլովակները լավն են, սակայն իր համար անհասկանալի էր «Կապույտ մանուշակների երկիր» արտահայտությունը: «Բոլոր հոլովակներն էլ շատ եմ հավանում: Փորձել են դրոշի գույները ներկայացնել, հետո միահյուսել իրար»,- ասաց Էլեն Չավուշյանը:
Լրագրող Արմեն Հովսեփյանը նշում է. «Եթե որեւէ մեկն առանց ձայնի դիտեր «Ծիրանագույն արեւի երկիր» հոլովակը, անմիջապես կհասկանար, որ հոլովակը կապ ունի Հայաստանի եւ ոչ թե այլ երկրի հետ: Իմ կարծիքով, լավ կլիներ, եթե հոլովակների մեջ հայկական խորհրդանիշները շատ լինեին, որ պատահական մարդը նայեր ու հուզվեր»:
«Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա եւ Անուշ Արշակյանները: Տեսահոլովակի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են ՀՀ անկախության տարեդարձը եւ տոնական այդ օրը յուրաքանչյուրը երազում է իր եւ իր երկրի հաջողությունների մասին: Հերոսների մաղթանքների հիման վրա «Մաղթում եմ Հայաստանիս» կարգախոսի ներքո նկարահանվել է նաեւ չորս հոլովակ: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք՝ Ավետ Բարսեղյանի, հոլովակի ռեժիսոր՝ Հրանտ Երիցկինյան:
Տնային տնտեսուհի Անահիտ Մանուկյանը նկատում է. «Հոլովակները հետաքրքիր էին, հատկապես երիտասարդների երազանքները՝ կապված Հայաստանի ապագայի հետ»:
«Ընդհանուր առմամբ՝ շատ լավ հոլովակներ են: Պարզապես ոչ մի հոլովակում մարդկանց 20 տարվա կյանքը չի երեւում»,- ասաց 28-ամյա Լուսինե Աբրահամյանը:
Ուսանող Դավիթ Խուրշուդյանի կարծիքով՝ հոլովակները գունեղ, գեղեցիկ եւ լուսավոր են ստացվել: «Միայն մի նկատառում ունեմ: Լավ կլիներ, որ հոլովակներում նկարահանվեին մեր արվեստագետները, իսկական երեւանցիները, մարդիկ, ովքեր դաստիարակում են ներկայիս սերունդը: Չէ՞ որ եթե Հայաստանը մենք ենք, ապա մեզ էլ դաստիարակողը նրանք են, ովքեր 20 տարի եղել են մեր հայրենիքում ու վերապրել բոլոր դժվարությունները»:
Իսկ 48-ամյա Մարինե Շահինյանը վստահ է. «Ամենակարեւորը, որ երգի միջոցով մեծ սեր է փոխանցվում»:
Լեզվաբան Քրիստինե Մանուկյանը, ով նոր է ավարտել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, ասում է, որ տեսահոլովակները եւ «Հայաստանը դու ես» կարգախոսը ստիպում են մեկ անգամ եւս մտածել, որ պետության կայացման եւ զարգացման գործում իր մասնաբաժինն ունի մեզնից յուրաքանչյուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930