Լրահոս
Օրվա լրահոսը

14-ՐԴԸ՝ 90-ՐԴ ՏԱՐՈՒՄ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կունենա նոր ռեկտոր

Սեպտեմբերի 3-ին նշանակված է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրություն: Ժամանակին այս բուհը ղեկավարել են ազգային երաժշտության ականավոր ներկայացուցիչներ, հետեւաբար ընտրվող ռեկտորը, կամա թե ակամա, իր ուսերին է կրելու այնպիսի անունների ծանրությունը, ինչպիսիք են կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Գրիգոր Եղիազարյանը, Ղազարոս Սարյանը, Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանն ու Արմեն Սմբատյանը, երաժշտագետներ Արշակ Ադամյանը, Սամսոն Ղազարյանը, դիրիժոր Կոնստանտին Սարաջեւը, երգիչ Վարդան Սամվելյանը, դաշնակահար Սերգեյ Սարաջյանը:
«Առավոտը» որոշ անվանի երաժիշտներից եւ երաժշտական կոլեկտիվների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն առաջադրված միակ թեկնածուի՝ մասնագիտությամբ ջութակահար, պրոֆեսոր Շահեն Շահինյանի մասին:
Երաժշտագետ Արաքսի Սարյանը ցանկություն հայտնեց, որ նոր ընտրվող ռեկտորը նախ պահպանի եղածը, նշելով, որ արդեն 90-ամյա այս երաժշտական բարձրագույն կրթօջախը ԽՍՀՄ-ում երրորդն էր, որ իրավունք ունեցավ բացելու որակի բարձրացման ֆակուլտետ. «Անցած տարիների ընթացքում եւ այսօր էլ աշխարհը ճանաչում ու ընդունում է մեր շրջանավարտներին: Հավատացնում եմ՝ նախորդ ռեկտորները (Ա. Սարյանը կոնսերվատորիայի պրոֆեսոր է եւ աշխատում է 1968թ.-ից) իսկապես սիրել են ուսանողին: Սա արվեստի բուհ է, եւ անհատական աշխատանք է տարվում յուրաքանչյուրի հետ: Հետեւաբար, միակ թեկնածուին՝ Շահեն Շահինյանին, ընտրվելու դեպքում, կցանկանամ սեր եւ միայն սեր ուսանողների հանդեպ»:
Դիրիժոր Յուրի Դավթյանը հայտնեց, որ նոր ընտրվող ռեկտորը պետք է ունենա այնպիսի օգնականներ (նկատի ունի՝ պրոռեկտորներ), ինչպես, օրինակ, ժամանակին Կոնստանտին Սարաջեւը. վերջինիս օգնականներն էին պրոֆեսորներ, ջութակահար Կարպ Դոմբաեւը եւ դիրիժոր Գեորգի Բուդաղյանը. «Ռեկտորի ընտրության հարցում, իմ կարծիքով, պետք է գործի երկու տարբերակ. կամ ընտրվող ռեկտորը պետք է լինի բացարձակ հեղինակություն, կամ վայելի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հարգանքը: Ցանկացած ուսանող պետք է վստահություն եւ հավատ ունենա ռեկտորի հանդեպ: Իսկ Շահեն Շահինյանը մի քանի տարի հանդիսանալով նվագախմբային ֆակուլտետի դեկանի տեղակալ եւ ուսումնական գծով պրոռեկտոր, վստահեցնում եմ, ձեռք է բերել ռեկտորի համար այնքան անհրաժեշտ որակները»:
Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի խոսքը հետեւյալն էր. «Շահենը կոնսերվատորիայում իմ երիտասարդ կոլեգան է, եւ ընդունելի եմ համարում նրա թեկնածությունը»:
Թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը նախ նշեց, թե Շահեն Շահինյանն իր համար համակրելի անձնավորություն է, ինչը պակաս կարեւոր չէ պրոֆեսիոնալիզմից եւ ավելացրեց. «Ընտրվելու դեպքում կցանկանամ, որ Շահենի դիմանկարը տարիներ անց իր արժանի տեղը գտնի կոնսերվատորիայի ճեմասրահում փակցված ռեկտորների դիմանկարների կողքին»:
Ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը ասաց, թե ռեկտորի միակ թեկնածուն եղել է իր՝ նվագախմբային ֆակուլտետի դեկանի տեղակալը. «Մի քանի տարիների համատեղ աշխատանքի ընթացքում նկատել եմ, թե ինչ սրտացավ վերաբերմունք ունի ոչ միայն մեր ֆակուլտետի ուսանողների, այլ ընդհանրապես բուհի խնդիրների նկատմամբ: Նույնը զգացել եմ գործընկերների հանդեպ, արդեն պրոռեկտորի պաշտոնում աշխատած ժամանակահատվածում: Կարճ ասած՝ գործին նվիրված մարդ է եւ այդ պատճառով ես նրան տեսնում եմ ռեկտորի պաշտոնում»:
Դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի փոխանցմամբ՝ «կարեւորում եմ այն հանգամանքը, որ ռեկտորի թեկնածուն պատահական մարդ չէ. Շահեն Շահինյանի հետ աշխատում ենք երկար տարիներ, ինչը վստահություն է ներշնչում, մանավանդ ճանաչում ենք նրան ոչ միայն իբրեւ հիանալի ջութակահար, այլեւ որպես ճկուն ադմինիստրատիվ աշխատող»:
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը առանձնացրին ռեկտորի թեկնածուի կազմակերպչական ջիղը: Եվ քանի որ, հասկանալի պատճառով, օպերային թատրոնը պարզապես չի գործի առանց կոնսերվատորիայի, մեր երկու զրուցակիցները նշելով, որ վաղուց են ճանաչում Շահեն Շահինյանին, հույս հայտնեցին, որ նրա ընտրվելու դեպքում առավել սերտ կլինի բուհի հետ իրենց կապը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը հիշեցրեց, որ Սերգեյ Սարաջյանի ղեկավարած տարիներին ինքը եղել է ռեկտորի խորհրդական, հետեւաբար լավ գիտի, թե ինչ ծանր աշխատանք է սպասվում Շահինյանին՝ ընտրվելու դեպքում. «Այն, որ թեկնածուն արժանի է ռեկտորի աթոռը զբաղեցնելու պատվին, չեմ կասկածում: Մյուս կողմից՝ ճիշտ չէ նախօրոք գնահատականներ տալը, ի վերջո, ցանկացած աշխատանքի արդյունք գնահատվում է ժամանակի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930