Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ միայն խոստումներ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Մինչ պետությունը խոստանում է, գյուղացիները հաշվում են, թե քանի ընտանիք է մշտական բնակություն հաստատել այլ երկրներում:

«Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» նոր վարկային ծրագրի շրջանակներում մարզի Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր, Դսեղ գյուղերում հիմնադրվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ:
Լեռնային գոտում գտնվող, անտառամերձ Մոտկորի գյուղերում գյուղացու ավանդական զբաղմունքը, ապրուստ հոգալու միջոցը անասնապահությունն է՝ խոշոր եւ մանր եղջերավորների բուծումը: Խորհրդային տարիներին տարածաշրջանում անասնապահությունը զարգացած էր: Վերջին տարիներին գյուղտեխնիկայի բացակայության, բարձրլեռնային լինելու եւ արոտավայրեր տանող ճանապարհների անբարվոք դառնալու արդյունքում տարածքները անմշակ մնացին: Այժմ համայնքներում արոտավայրերի, անասնապահության կառավարման համակարգի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի 9 համայնքներում իրականացնել արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման ծրագրեր: Յուրաքանչյուր համայնքում կներդրվի 200 հազար դոլար: Աշխատանքներն իրականացվելու են 3 բաղադրիչներով՝ նպատակն է ավելացնել անասնապահության արտադրողականությունը, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կաթնատվությունն ու մսատվությունը, բարձրացնել արոտավայրերի օգտագործման արդյունավետությունը, մեծացնել գյուղացիական տնտեսությունների անասնապահությունից ստացված եկամուտները, բարելավել արոտավայրերի վիճակը եւ նպաստել համայնքների եկամուտների ավելացմանը:
Այս տարի վերը նշված գյուղերում նախատեսվում են մշակել կառավարման պլաններ, համայնքների վարչական տարածքում գտնվող 115 հազար հեկտար արոտավայրերը դարձնել հասանելի, 7 հազար հեկտար հեռագնա արոտավայրերում պայմաններ ստեղծել, բարելավել արոտավայրեր տանող ճանապարհները, 340 հեկտար չմշակվող վարելահողերի վրա կազմակերպել մշակովի անասնակերի արտադրություն: Իսկ համայնքների կողմից տնտեսապես հիմնավորված առաջարկությունների դեպքում կաթի ընդունման ու վերամշակման արտադրամասեր գործարկել:
«Առաջին անգամ պետությունն ուզում է նպաստել, որպեսզի անասնագլխաքանակը ավելանա, մթերատվությունը բարձրանա, որը կբերի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, եկամուտների ավելացմանը»,- ասում են գյուղապետերը:
«Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի երկրորդ փուլով կիրականացվի գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում՝ խորհրդատվական եւ անասնաբուժական ծառայությունների կատարելագործում: Երրորդ փուլով մրցակցային դրամաշնորհային ծրագրերի միջոցով կնպաստեն գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործմանը, նոր արտադրատեսակների եւ տեխնոլոգիաների ներդրմանը, կոոպերացիայի եւ բիզնեսի լավագույն փորձի զարգացմանը, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանա ֆերմերների եկամուտը:
Գյուղացիները, որ տարիներ ի վեր մոռացված ու իրենց հոգսերի հետ մենակ են եղել, թեեւ ոգեւորվել, սակայն չեն հավատում, թե ծրագիրն իրականություն կդառնա կամ ի շահ ղեկավարների չի գործի: «Գյուղացին միշտ երազում էր, սպասում էր փոփոխությունների, ուշադրություն գյուղին ու գյուղատնտեսությանը, պահը եկել ա, սակայն երկար սպասված բանից սովորույթ ունեն նախ վախենալ»,- ասում է Ահնիձորի բնակիչ Համլետ Մաթեւոսյանը:
Մոտկորի տարածաշրջանի գյուղատնտեսական եւ կենցաղային խնդիրներն այնքան իրար նման են, որ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը նույն համայնքի մասին է: Բազմաթիվ խոստումներ լսած գյուղացին արդեն ոչնչի չի հավատում. «Գյուղնախարարը մեզ խոստացավ, որ սար տանող ճանապարհները կնորոգվեն, սարերում լույս կքաշեն, ու ոնց հավատանք, եթե Հրանտ Մաթեւոսյանի մահից էս կողմ՝ ասում են ձորի ճանապարհը կվերանորոգվի: Սարում լույսն ինչիս է պետք, եթե գյուղում օրերով չկա: Էս ամառվա շոգին կաթնեղենն առանց սառնարանի պահել կլինի՞: Բան ա ասում են, էլի: Ընտրությունից ընտրություն խոստումներ են տալիս ու սառցին գրում»,- իրար հերթ չտալով՝ ասում են վրդովված գյուղացիները:
Մոտկորի տարածաշրջանի՝ Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր գյուղերի բնակիչները նույն արոտավայրերից են օգտվում: «Այս սեզոնին գյուղացին չգիտի՝ որտեղ լինի, սարում իր անասունին հետեւի, գյուղ հասնի իր բախչին հետեւի, թե կուտակված կաթնամթերքը իրացնելու համար տեղ փնտրի»,- ասում են գյուղացիները:
Գյուղացիների համար ամենածանրը խոտհնձի ժամանակն է: Բուսականությամբ հարուստ Մոտկորում ամառվա սկզբին խոտհարքներ ոչ մի անասուն չի մտնում, ու թեեւ խոտի ու անասնակերի պակաս չի զգացվում, խտհունձն ու հավաքած խոտը գյուղ հասցնելը տարեցտարի ավելի թանկ է նստում՝ օր օրի թանկացող դիզվառելիքի, վաղուց մաշված տեխնիկայի պատճառով: Ամռան թեժ շրջանի ծախսերը հոգալու համար գյուղի տղամարդիկ հաճախ արտագնա աշխատանքի են մեկնում, ու երբ տան տղամարդիկ զբաղված են, կանայք են իրենց վրա վերցնում բարդ աշխատանքը: «Բա ինչ անեմ, խոտը կփչանա, անասունն առանց կերի ի՞նչ կանի»,- զարմանում է Աթան գյուղի բնակիչ Ռուզաննան:
Թեկուզ թերահավատորեն, սակայն լոռեցիները սպասում են «Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի մեկնարկին: «Եթե էս ճամփեքը կարգավորեն, մսի մթերման կայան ու կաթի հանձնման կետեր լինեն, գյուղացին էսքան չի խեղճանա»,- ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:
Արոտավայրերում հավաքվածները լավ են հիշում, որ հուլիսի 12-ին՝ Ահնիձորում, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը «Արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի հիմնադիր ժողովի ժամանակ խոստացավ, որ այսուհետեւ գյուղացին մշտապես կզգա պետության աջակցությունը: «Բայց էս մի ամառն էլ գյուղացուն իրա հույսին թողեցին, սպասենք հաջորդ տարուն»,- ասում են ահնիձորցիները:
Հ.Գ- Նշված խնդիրները արտագաղթի պատճառ են: Ահնիձորցիների հաշվարկով, վերջին 3 տարում 7 ընտանիք՝ 35 բնակչով, մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, որից 2-ը՝ նախկին գյուղապետերն իրենց ընտանիքներով: «Եթե ապագայի հանդեպ հույս լիներ, գյուղապետերը հաստատ չէին գնա», -վստահեցնում են գյուղացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930