Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՊԱՐՏՔԸ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"«Հայջրմուղկոյուղին» պնդում է, որ բաժանորդները  պարքտեր ունեն, բաժանորդը համաձայն չէ

2007 թվականին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Սյունիքի մարզկենտրոն Կապանում բաժանորդների նախկին պարտքերի ճշգրտման աշխատանքներ է իրականացրել, մասնավորապես՝ 9000 բնակիչ-բաժանորդներից 7000-ի պարտքերը ճշտվել եւ արդյունքում՝ մոտ 25 միլիոն դրամի պարտք Է դուրս գրվել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Կապան քաղաքում բաժանորդների ընդհանուր պարտքը կազմում է 183 միլիոն դրամ, որից 167 միլիոնը բնակիչ-բաժանորդների պարտքն է, մնացածը՝ բյուջետային հիմնարկների եւ այլոց: Բնակիչների պարտքերի մի մեծ մասը քաղաքից հեռացածների, փակ ու չօգտագործվող բնակարանների վրա է գրանցված, մյուս բաժանորդների պարտքը մեծ չէ: 50 հազար եւ ավելի դրամ պարտք ունեցող բաժանորդների թիվը Կապանում մոտ 600 է: Ընկերության այս ճշտումներից հետո կան բաժանորդներ, ովքեր չեն պատրաստվում վճարել այդ գումարները, շարունակում են դժգոհել ու պնդել, որ դրանք արհեստականորեն գոյացած պարտքեր են, իրենք պարտքեր չեն ունեցել:
Կապանի Աշոտավան թաղամասի 83-ամյա բնակիչ Ցոլակ Հայրապետյանը պնդում է, որ վերջերս է իմացել, որ նախկինում 58 հազար դրամ պարտք է ունեցել ու այդ պարտքը չվճարելու պատճառով մեկ ամսից ավելի առանց ջրի է մնացել: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը տեղեկացրել է, որ հին պարտքը մարելուց ու նոր պայմանագիր կնքելուց հետո միայն ջուրը կմիացնեն: «Անհարմար դրության մեջ են ինձ դրել, արդեն 2-րդ ամիսն է, որ հարեւաններիցս եմ խմելու ու կենցաղում օգտագործելու համար ջուր վերցնում: Ես կյանքում պարտք չեմ ունեցել, կոմունիստ մարդ եմ, ժամանակին պարտաճանաչ վճարումներս արել եմ, կտրոններս էլ մոտս պահել եմ: Ինչո՞ւ մինչեւ հիմա ինձ չէին ասում, որ ես պարտք ունեմ, ինչո՞ւ են ինձ նոր տեղյակ պահում, որ ես 58 հազար դրամ գումար եմ իրենց պարտք: Ջրագիծն անցկացնելուց հետո էս նոր ջրաչափերը, որ բերեցին դրեցին՝ պարզվեց, որ ես պարտք եմ իրենց: Էս ի՞նչ մեթոդ է, կողպեքը դրել են փակել ու էսքան ժամանակ է՝ էս տարիքիս ջուր չեմ ստանում, բա դա մարդկությո՞ւն է:
Մինչեւ ջրաչափ դնելը խողովակի կտրվածքով էի վճարում, մենակ շունչ էի, ըստ այդմ էլ վճարում էի: Էդ ժամանակ ամեն օր ջուր չէին տալիս մեզ, ձմռան ամիսներին էլ մեր ջրի խողովակները սառչում էին, պայթում, մենք ջուր չէինք ստանում, բնակիչներն էին հավաքվում սարքում, որ ժամանակավոր ջուր ունենանք: Հիմա հարց է առաջանում, թե էդ ընթացքում, երբ որ ես չնչին ջուր եմ ծախսել, ո՞նց է էդքան պարտք առաջացել, կամ էլ եթե իրենք համոզված են, որ պարտք եմ, ինչո՞ւ դատի չեն տալիս ինձ, որ ասում են՝ դու գնա դատի տուր: Կտրոնները ցույց եմ տալիս, ասում է՝ դա մեզ չի վերաբերվում, գնա մուծի՛ր, որ ջուրդ միացնեմ: Ես էդ գումարը չեմ վճարելու»,- բարկացած ասում է 83-ամյա Ցոլակ պապը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը «Առավոտին» ներկայացրել է այս բաժանորդի պարտքի ողջ մանրամասները:
Ընկերությունը պատրաստակամ է նորից լսել այն բաժանորդներին, ովքեր անհամաձայնություններ ունեն նախկին պարտքերի հետ կապված, ու լուծում գտնել: «2004 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2005թ. նոյեմբերի 1-ը Ցոլակ Հայրապետյանը վճարում էր խողովակի թողունակությամբ, մինչ այդ էլ՝ մոտ 2000 դրամ պարտք ուներ: Կառավարության որոշմամբ՝ ջրաչափերը պետք է տեղադրվեին 2004 թվականին եւ նույն թվականի հուլիսի 1-ից պետք է ըստ ջրաչափերի ցուցմունքների հաշվարկվեր ծախսած ջրի գումարը: Տվյալ բաժանորդը 2004-ին ջրաչափը տեղադրելու փոխարեն՝ դա արել է ավելի ուշ՝ 2005-ի նոյեմբերի 1-ին, հենց այդ ընթացքում էլ գոյացել է պարտքը՝ 58 740 դրամ՝ հաշվարկվել է խողովակի կտրվածքով: Այդ գումարը հաշվարկվել է օրենքով: Ջրաչափը դնելուց հետո որքան ծախսել է՝ պարտաճանաչ վճարել է, իսկ հնում գոյացած պարտքն այդպես էլ մնացել է: Մենք կրկին պատրաստ ենք նրան լսել, կրկին հաշվարկ անել, եւս մեկ անգամ ստուգել: Ընկերությունը բազմիցս է հայտարարել, որ եթե կան բաժանորդներ, որ համաձայն չեն կամ պարտքերի ճշգրտման կարիք ունեն, ապա մենք պատրաստակամ ենք պայմանագիր կնքել, երկարատեւ ժամանակացույց կազմել՝ հարմարեցնելով նրանց հնարավորություններին, որպեսզի պարտքերի չափը ստուգելուց ու ճշտելուց հետո այն մարեն մաս-մաս ու երկար ժամանակահատվածում», – ասաց Վահագն Մանանդյանը:
Հ.Գ. Ցոլակ Հայրապետյանի բողոքին «Առավոտի» անդրադառնալուց հետո՝ «Հայջրմուղկոյուղին» ընդառաջեց 83-ամյա բնակչին եւ նրան ապահովեց ջրամատակարարմամբ: Այսօր Ցոլակ պապը արդեն ջուր ունի, հարեւաններից ջուր վերցնելու կարիք չունի: Նրա 58 հազար դրամ պարտքը ուժի մեջ է եւ ենթակա վճարման: Ցոլակ պապի՝ 58 հազարը չվճարելու տրամադրվածությունն էլ է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել