Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԴՊՐՈՑՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Դրանք դեռ Քըրքորյանի գրպանի հաշվին են

Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ այս մարզում միանգամից շահագործման հանձնվեցին «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի դպրոցները: Դրանք իրենց հարմարություններով՝ գերժամանակակից կահույքով, ջեռուցման լոկալ համակարգով, դասասենյակներում տեղադրված լվացարաններով, ջրատաքացուցիչ սարքերով, սպորտդահլիճներով բացարձակապես չէին զիջում եվրոպական ամենաշքեղ դպրոցներին: «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի ղեկավար Հրայր Սարգսյանի տեղեկացմամբ, այս նպատակի համար Քըրք Քըրքորյանն իր անձնական միջոցներից $12 մլն է հատկացրել, որից 5,5 մլն-ն ծախսվել է Շիրակի մարզի վրա, իսկ Լոռիին բաժին է հասել 4,5 միլիոնը:
Քանի որ կառավարությունն իր ոտքով հասել էր Նոր Կյանք, ի սկզբանե լրագրողները սպասում էին, որ ժապավեն կտրելու տոնակատարությունը պիտի վերածվի բողոքի ակցիայի. հարեւան համայնքի՝ Վարդաքարի բնակիչները պիտի շրջափակեն նախարարներին՝ պատիվ պահանջելով իրենց ոչնչացվող դպրոցի համար: Հիշեցնենք, որ կառավարությունը հրաժարվում է վերանորոգել Վարդաքարի դպրոցը՝ այս գյուղի բնակիչներին առաջարկելով սովորել Նոր Կյանքի գերժամանակակից դպրոցում: Իսկ վերջիններս, ամեն անգամ գյուղովի հասնելով կառավարության շենք ու միտինգ անցկացնելով, կտրականապես հրաժարվում են առաջարկից՝ գերադասելով «անգրագետ մնալ ու ոտք չդնել Նոր Կյանք»: Բանն այն է, որ կառավարությունն անցած տարի Վարդաքարի դպրոցը եւս մտցրել էր պետական ծրագրի մեջ, մրցույթ էր անցկացրել, հաղթող շինկազմակերպությունն էլ սկսել էր շինարարական աշխատանքները. \"\"ուղիղ մեկ շաբաթվա ընթացքում քանդելով դպրոցի հին շենքը՝ կիսատ էր թողել ու հեռացել: Այժմ գյուղի երեխաները հարկադրված սովորում են  գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում: Երեկ վարդաքարցիներից եւ ոչ մեկը չեկավ ու այս մասին չհիշեցրեց նախարարներին, փոխարենը մենք՝ լրագրողներս, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը: Կրթության ու գիտության նախարարը մի տեսակ վատ զգաց Վարդաքարի դպրոցի մասին նորից լսելուց: Վերջինս լրագրողներին խորհուրդ տվեց գնալ ու օգտվել իր մեկուկես ամիս առաջ տված պարզաբանումներից: «Ձեր կարծիքով՝ ամեն անգամ, երբ ես գամ Շիրակ, ձեր այս հարցի՞ն պիտի պատասխանեմ, վերջին անգամ այս հարցին ե՞րբ եմ պատասխանել, պատասխանել եմ մեկուկես, երկու ամիս առաջ վարչապետի հետ այցի ժամանակ, խնդրում եմ, տեսեք իմ այդ պատասխանը»: Իսկ թե ինչ է պարզաբանել նախարարը եւ ում՝ այդպես էլ անհայտ մնաց:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ հարցին դեռեւս չի կարող հստակ պատասխանել: «Այդ երկու գյուղերը միացված են, ճիշտ է՝ տարբեր անուններով են, բայց մի գյուղ են, եւ եթե Նոր Կյանքում կա նմանատիպ դպրոց, որը հնարավորություն ունի մեծ թվով աշակերտներ ընդունել, չեմ կարծում, որ էս պահին մենք կարող ենք Վարդաքարում նոր դպրոց կառուցել»,- կարծիք հայտնեց մարզպետը՝ նշելով, որ գյուղապետարանում դաս անելը ժամանակավոր կլինի վարդաքարցիների համար: Վարդաքարցիների թեման գլխացավանք էր անգամ փոխվարչապետի համար, Ա. Գեւորգյանին էլ դուր չեկավ լրագրողների հիշեցումն այս մասին: Ըստ այդմ էլ, նա կարճ կապեց՝ ասելով, որ կառավարությունը փող չունի, եւ որ վարդաքարցիները պիտի բավարարվեն Նոր Կյանքում ուսում առնելով: «Ես կարծում եմ, որ տարածությունը Վարդաքարի ու Նոր Կյանքի միջեւ այնքան փոքր է, որ կարելի է հաղթահարել բոլոր մնացած խնդիրները, եւ երեխաները գնան՝ ավելի բարեկեցիկ ու լավ պայմաններով իրենց կրթությունը ստանան, մինչեւ որ պետությունը ավել ֆինանսական ռեսուրսներ ունենա եւ նոր դպրոց կառուցի Վարդաքարում»,- ասաց փոխվարչապետը: Ի դեպ, չգիտես ինչու, բարձրաստիճան պաշտոնյաներն այս անգամ հրաժարվում էին պարզաբանումներ ներկայացնել շիրակցիներին հուզող խնդիրների շուրջ եւ խորհուրդ էին տալիս բացել ինտերնետային կայքերն ու փնտրել իրենց արդեն իսկ հնացած կարծիքները: Օրինակ՝ շիրակցիներին հուզող այն հարցին, թե Ախուրյանում շաքարավազի հսկա գործարան ունենալու դեպքում ինչո՞ւ է այն առասպելական գների հասել ու վերջն ի՞նչ է լինելու, փոխվարչապետը նեղսրտեց. «Ի՞նչ եք ուզում ինձանից լսել, նմանատիպ բացատրություններն արդեն տրվել են, ես կառաջարկեի այդ բացատրություններով առաջնորդվել»: Իսկ այդ բացատրությունները, բնականաբար, ոչ միայն չեն բավարարում, այլեւ չհիմնավորված ու զավեշտալի են թվում Ախուրյանի շաքարի գործարանի հետ մեծ հույսեր կապած շիրակցիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել