Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԻՆ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Մեղք եք, տղերք, մեր հարեւան թուրքեր, մեղք եք: Ազնիվ չեք ոչ միայն ձեր հարեւանների դիմաց, այլ արդար չեք նաեւ ինքներդ ձեր առջեւ: Եթե խնդիրը հարեւան պետության նախագահի դիմանկարը ցուցադրաբար այրելն է, ապա ձեզանից առաջ դա մենք պիտի անեինք՝ հրապարակավ այրելով Թուրքիայի նախագահի եւ վարչապետի դիմանկարները, քանի որ մենք դրա համար հիմնավոր պատճառներ ունենք… Բայց մենք, ի տարբերություն ձեզ, ի սկզբանե տաճարներ ավերող չենք եղել, գիրք ու նկար չենք այրել, մենք տաճար կառուցող ենք եղել, գիրք ստեղծող, որոնց պտուղները մինչեւ այսօր էլ դուք վայելում եք, ինչպես նաեւ խոսում Հակոբ Տիլաչարի՝ ձեզ նվիրած լեզվով, եւ աշխարհին ծանոթանում նրա ստեղծած հանրագիտարանով, ով, ի դեպ, ազգությամբ հայ էր:
Զարմանում եմ, մի՞թե ձեր հիշողությունը այդքան կարճ է, թե՞ վախենում եք հիշել. ձեր լեզվով գրված առաջին օպերան, առաջին թատրոնը, Ստամբուլի հիասքանչ տաճարները, որոնցով ներկայանում եք աշխարհին: Մի՞թե չգիտեք, թե ովքեր են դրանց հեղինակները: Չէ, տղերք, դուք հաստատ վախենում եք հիշել: Եվ հիմա ինձ սկսել է թվալ, որ դուք ձեր տան մեջ էլ վախով եք ապրում, վախենում եք քրդերից, հայերից, հույներից, ընդհանրապես՝ անհանգիստ ու ջղային եք ապրում: Դժվար եք ապրում, տղերք: Քանզի դուք էլ հստակ տեսնում եք, որ ամեն նորածին թուրք երեխայի ճակատին արյան խարան կա, չնայած այդ անմեղ երեխան բոլորովին մեղք չունի. նրանց ճակատի արյունը իրենց պապերի թողած հետքն է, որը ոչ մի կերպ հայրերը չեն ընդունում, չեն հաստատում եւ չեն ուզում մաքրել: Մեղք են ձեր երեխաները, ազնիվ խոսք, մեղք են: Դուք էլ եք մեղք, որ վախով եք ապրում ձեր տանը, քանզի ոչ թե ձեր տունն եք պաշտպանում, այլ պաշտպանում եք ձեր թալանը: Եվ մեղավոր մարդու անկազմակերպ հանդգնությամբ նախահարձակ եք՝ հավաքվում ու փորձում եք բարձր գոռալ, որ ձեր մեջ խեղդեք տանջալի վախի՝ ձեզ անվերջ հալածող ալիքը: Եվ Արարատի սրբազան հայացքի առջեւ այրում եք Հայոց նախագահի դիմանկարը՝ չհասկանալով, որ նախագահի դիմանկարը այրելով՝ դուք ոչ թե մոխրացնում եք մեր ոգին, այլ հնագույն մի ազգի արյան մեջ բորբոքում եք կրակը, քանզի այդ նախաստեղծ ազգի զավակները, որ հայրենախիլ եղան ձեր պատճառով, որտեղ էլ որ ապրեն, այսօր հավաքվել ու կանգնել են իրենց նախագահի թիկունքին, եւ վստահ եղեք, որ չի գտնվի գեթ մեկը, որ չստորագրի մեր նախագահի հնչեցրած խոսքերի տակ:
Այո, մեր նոր սերունդը իր անելիքը ունի, եւ ձեր վախը այդ սերնդից է: Մեղք եք, մեր հարեւան թուրք տղերք, դժվար եք ապրում, եւ ես ձեզ չեմ նախանձում:
(կրկնություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել