Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Այսօր ինքնորոշված, ազատ եւ անկախ Արցախը  դարձավ 20 տարեկան

Անկախության տոնի նախօրեին միանգամից նախագահների մի ամբողջ բույլ կրկին խոսեց Ղարաբաղի մասին: Նրանց պատկերացումներում, ըստ էության, կան որոշակի նուրբ տարբերություններ, որոշ հակասություններ, բայց մի բանում նրանք միակարծիք են՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Միակ նախագահը, որ երեկվա դրությամբ դեռ չէր խոսել Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ, առաջին նախագահն էր, սակայն չենք  էլ կասկածում, որ առաջին նախագահի համար եւս Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի: Ահա ձեզ մեկ միասնական գաղափար եւ տոն: Սա էլ հատուկ այն հոռետեսների համար, ովքեր ժամանակ առ ժամանակ պնդում են, թե չկա այսօր մի գաղափար, որի շուրջ ազգովին կհամախմբվենք, ահա թեման՝ Արցախի անկախությունը եւ դրա միջազգային ճանաչումը: 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը տասնամյակներ տեւած պայքարից հետո ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռեւս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին: Մեր հստակ դիրքորոշմամբ եւ վստահելի կեցվածքով, անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները՝ որպես առավել իրատեսական եւ խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաեւ, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե  ոչ ոք թող չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը եւ հստակությանը. «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում եւ բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում: Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել՝ պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին՝ հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել՝ սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք՝ նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ   չի ընդունում կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. «Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն բանակցում է եւ գործընթացի մասնակից է»: Ռոբերտ Քոչարյանը եւս որպես  օրինակ նշել է  Հարավային Սուդանի ճանաչումը, ասելով. «Նորագույն պատմության մեջ նման կարգի բոլոր խնդիրները լուծվել են հօգուտ ինքնորոշվող ժողովուրդների: Անխտիր բոլորը՝ Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի… Պաղեստինի հարցում էլ կասկած չկա, որ անկախ պետականություն կունենան՝ ամեն ինչը դրան է գնում, եւ միջազգային հանրությունն ընդունում է այդ պետության ստեղծման անհրաժեշտությունը: Այդ առումով, անկասկած, ժամանակն աշխատում է մեր օգտին»:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ իր հերթին հարցազրույց տալով Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ հայտարարեց, թե «միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի ճանաչումը մեր պետության առաջնային խնդիրներից է։ Ըստ էության, մեր անկախության չճանաչման իրավական հիմքեր գոյություն չունեն, եւ տվյալ հարթությունում մեր փաստարկներն անբասիր են։ Այլ բան է, որ կան աշխարհաքաղաքական մոտիվներ, տարբեր շահեր եւ այլն, որոնք որոշակիորեն ձգձգում են մեր ճանաչումը։ Սակայն կարծում եմ, որ աշխարհաքաղաքականությունն ու շահերի բախումն ամեն դեպքում նահանջում են իրավունքի եւ բարոյականության առջեւ, որի վառ օրինակն է համարվում այն, որ վերջին 3-4 տարիների ընթացքում նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացը թեւակոխել է որակապես նոր փուլ։ Միեւնույն ժամանակ, մեզ համար մեր անկախության ճանաչման հասնելը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերի առկայությամբ։ Մենք ջանքեր ենք գործադրելու միջազգային ճանաչման հասնելու համար, անկախ այն բանից՝ ճանաչվել են չճանաչված պետությունները, թե ոչ։ Դրա համար գոյություն ունեն բացարձակապես բոլոր հիմքերը՝ լինի դա պատմական, իրավական, քաղաքական կամ էլ բարոյական»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել