Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹԻՑ ԵՐԵՔԻ ԳՈՐԾԸ ԿՄՏՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Իսկ դատավճիռը ՀԱԿ 3 ակտիվիստների մասով Կոնգրեսի առաջիկա հանրահավաքից հետո կկայացվի

Օգոստոսի 9-ի երեկոյան, Տերյան փողոցում, իբր, ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու եւ խուլիգանություն անելու համար ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ու նաեւ բռնությունների ենթարկված, ապա նաեւ կալանավորված Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներից երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը կայծակնային ժամկետներում՝ ընդամենը 18 օրում, ավարտվել է: Հիմա գործի նյութերը տրամադրվել են պաշտպաններին՝ ծանոթանալու համար: 4 հատորանոց քրգործի նյութերին ծանոթանալու, հնարավոր միջնորդություններ եւ առարկություններ ներկայացնելու համար ՀԱԿ երեք ակտիվիստների պաշտպաններին տրվել է ընդամենը 4 օր ժամանակ՝ մինչեւ սեպտեմբերի 4-ը, եւ մերժվել պաշտպանների՝ դրանց ծանոթանալու համար 30 օր ժամանակ տրամադրելու խնդրանքը: Պաշտպանները երեկ արդեն այդ առնչությամբ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց պաշտպաններից մեկը՝ Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանները պնդում են, որ իրենց տրված ժամկետը բավարար չէ դատաքննությանը ըստ արժանվույն պատրաստվելու համար. «Հապճեպ նախաքննություն կատարվեց. ընդամենը 18 օր տեւեց: 18 օրում կարողացել են 4 հատորանոց գործ կազմել, եւ այդ ամբողջ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 4 օր ժամանակ են տալիս, ըստ էության, սահմանափակելով պաշտպանության կողմի՝ գործի նյութերին հանգամանորեն ծանոթանալու հնարավորությունները, որպեսզի կարողանանք պատշաճ միջնորդություններ ներկայացնել: Այսինքն՝ անպատրաստ գործը մտնելու է դատարան»,- ասաց պաշտպան Ոսկանյանը:
Պաշտպաններն ակնկալում են գլխավոր դատախազին ուղղված իրենց բողոքի պատասխանը՝ մերժման կամ բավարարման տեսքով, ստանալ առաջիկա օրերին՝ մինչեւ սեպտեմբերի 4-ը, երբ լրանալու է նրանց տրված սահմանափակ ժամկետը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ «Առավոտի» տեղեկություններով, քրգործի մեղադրական եզրակացությունն արդեն դատախազի սեղանին է, եւ ենթադրվում է, որ այն այսօր արդեն մակագրվել-հաստատվելու է: Եթե դա իսկապես այդպես է՝ նշանակում է, որ դատախազությունն այս գլխից է որոշել եւ մերժելու է պաշտպանների որեւէ բողոք կամ միջնորդություն, որովհետեւ գործն արագորեն դատարանին փոխանցելու եւ նույնքան արագ դատաքննություն իրականացնելու հրահանգ ունի: Այս ենթադրությունն ավելի առարկայական դարձրեց ոստիկանությունում մեր աղբյուրի այն տեղեկությունը, թե դատավարությունը տեւելու է 3-4 օր, եւ պայմանական դատավճիռ է կայացվելու: Հավաստի են թվում նաեւ մեր այն տեղեկությունները, թե անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի պատճառով ՀԱԿ-ի կողմից առկախացած Կոնգրես-իշխանություն երկխոսությունն արագորեն վերսկսելու միակ խոչընդոտը հաղթահարելու համար «քննչականում» քննարկվել է Առաքելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու եւ նրան իր արարքի պահին անմեղսունակ ճանաչելու հարցը, որը, սակայն, վերին ատյաններում հավանության չի արժանացել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ազատ արձակված մյուս ակտիվիստների՝ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Վահագն Գեւորգյանի ճակատագրին, որոնց եւս մեղադրանք է առաջադրվել ՔՕ վերոհիշյալ երկու հոդվածներով, ապա պաշտպան Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ, նրանց գործն առանձնացվել է, եւ դրա նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Ի պատասխան մեր տարակուսանքին, թե՝ ինչպե՞ս է պատահել, որ նույն գործի շրջանակներում 3-ի գործն արդեն դատարան է ուղարկվում, իսկ 4-րդի մասով փաստացի դեռ քննությունը շարունակելու անհրաժեշտություն է առաջացել, պարոն Ոսկանյանը կարծիք հայտնեց, թե՝ թերեւս, երեքի վերաբերյալ ապացույցների գնահատման, հետազոտման ժամանակ նախաքննությունն իրականացնող մարմինը գտել է, որ նրանց արարքներում արդեն առկա է նրանց վերագրվող մեղադրանքը, եւ իրենց մասով գործն ավարտված են համարել: Իսկ մյուսների մասով հնարավոր է, որ մեղադրանքները վերաորակավորվեն կամ գործի վարույթը կարճվի:
Պաշտպանին հարցրինք նաեւ, թե երեք ակտիվիստների գործն արագորեն դատարան ուղարկելու մեջ ինքը քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Ստ. Ոսկանյանն ասաց. «Ենթատեքստում հնարավոր է նաեւ նման բան լինի, բայց ես չեմ ուզում դա կապել կոնկրետ քաղաքական ինչ-որ լուծումների հետ: Մյուս կողմից՝ իրավական առումով էլ եթե այս կարճ ժամանակահատվածում՝ 18 օրում, կարողացել են նման ծավալի գործի նախաքննությունն ավարտել եւ փորձում են ուղարկել դատարան, իսկ սովորաբար նախաքննությունը տեւում է գոնե երկու ամիս, դա արդեն ենթադրություններ անելու եւ կասկածի հիմքեր տալիս է»:
Այսուհանդերձ, ինչպիսի քաղաքական որոշում էլ որ կայացվի այս գործով եւ դակվի դատարանի կողմից, ինչպես ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն է սիրում ասել նման դեպքերում, իշխանության խնդիրն է՝ ոնց բռնել են, այնպես էլ թող ազատ արձակեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել