Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՇԽԱՐՀ». ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"ԵՎ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Հայաստանն ընդդեմ աշխարհի» երեկոյին մնաց ընդամենը երկու օր: Սեպտեմբերի 3-ին հայ մարզասերներն առաջին անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի վարպետների մենամարտերին անմիջականորեն ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն կունենան:
 Նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են եւ ՄՀՀ-ն պատրաստ է ընդունել երեկոյի գլխավոր գործող անձանց եւ հանդիսականներին:
Երեկոյի գլխավոր իրադարձությունը, անկասկած, այս նախաձեռնության հեղինակ, երեք քաշային կարգերում ընդհանուր առմամբ չեմպիոնական ութ գոտի նվաճած, մինչեւ 52 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, իսկ ներկայումս 53,525 կգ քաշային կարգում IBO-ի գոտու տիրակալ Վախթանգ Դարչինյանի եւ հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի միջեւ կայանալիք 12 ռաունդանոց մենամարտն է: Վիկը, բոլորս գիտենք, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է, ընդ որում 27-ը՝ նոկաուտով: Իսկ Մբամբան, չնայած այդ փորձառությունը չունի (19 մարտ, 18 հաղթանակ, 9-ը՝ ժամկետից շուտ), սակայն ավելի երիտասարդ է եւ նախընտրում է ագրեսիվ բռնցքամարտը: Բայց բոլորս էլ վստահ ենք, որ այդ օրը մեր «Կատաղի Ցուլի» ավելի քան վստահ հաղթանակի ականատեսն ենք լինելու, թեեւ երեկ տեղեկացանք, որ Վիկն առայժմ դանդաղ է քաշի մեջ մտնում:
Հետաքրքիր է, որ հարավաֆրիկացին իր կարիերայում միակ պարտությունը կրել է 2009 թվականին՝ WBC-ի ներկայիս չեմպիոն Թոմաս Ռոխասից: Դրանից հետո նույն թվականի դեկտեմբերի 12-ին մեքսիկացին ռինգում հանդիպեց Վախթանգին եւ արդեն երկրորդ ռաունդում պարտվեց ծանր նոկաուտի ենթարկվելով:
Նույն օրը Դարչինյան-Մբամբա դիմակայությունից առաջ ռինգ են մտնելու հայազգի եւս չորս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ: 55 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, որ մարզվում է ԱՄՆ-ում, ուժերը չափելու է ֆրանսիացի Սերգեյ Թասիմովի, նույնպես Ամերիկայում բնակվող Գաբրիել Տոլմաջյանը (61 կգ)՝ Եվգենիյս Ֆյոդորովսի (Լատվիա), Բելգիան ներկայացնող 60 կգ քաշային Հովհաննես Ժամկոչյանը՝ վրաստանցի Միխայիլ Գոգուաշվիլիի, իսկ Անժելա Բոժա ոչ հայկական անունով Լատվիայից ժամանած մեր հայրենակցուհին՝ Մարիա Սախարովայի (Ֆրանսիա) հետ:
Երեկոյի ընթացքում հաղորդավար-մրցավարի պարտականությունը կատարելու է մեր գործընկեր, «Ռեջինգ Բուլ» պրոումոթերական ընկերության մամուլի պատասխանատու, «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը, իսկ Դարչինյան-Մբամբա զույգին ռինգ հրավիրելիս՝ նրան միանալու է հատուկ այդ մենամարտի համար հրավիրված ավստրալացի հաղորդավար-մրցավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել