Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի մեկի գինը

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"Միջին վիճակագրական քաղաքացին դժգոհ է շուկայի  թե գներից, թե նախարարից, թե սոցիոլոգից:

Ուսումնական տարվան ընդառաջ՝ շուկաներում ու խանութներում ասեղ գցելու տեղ չկա: Հատուկ այս օրվա՝ սեպտեմբերի մեկի համար դպրոցական պարագաներ ու շոր-կոշիկ գնելու համար ետ գցած գումարով մարդիկ վաճառասեղանից-վաճառասեղան են վազվզում:
Սիրանուշ Նազարյանը, ով Էջմիածնի «շորի շուկայում» էր դպրոցական երկու երեխաներին՝ տղային ու աղջկան հագուստներ գնելու նպատակով, ապրանքի գներից զայրացած էր: Ասաց, որ երկու ժամից ավելի է, ինչ պտտվում է, բայց «հերիք չի անորակ ու էժանագին կտորից շորեր են վաճառում, դեռ իրենց հոր գինն էլ վրան են դրել: Եթե պիտի էս փալասներին թանկ ու կրակ վճարեմ, ավելի լավ է՝ անցած տարվա շորերը հագնեն»:
Էջմիածնի շուկայում եւ դրան մերձ խանութներում դպրոցական սեւ կիսաշրջազգեստի գները տատանվում են 5 000-13 000, իսկ սպիտակ վերնաշապիկը՝ 4 500-11 000 դրամի սահմաններում: Միջին վիճակագրական քաղաքացու գրպանի համար էական են նաեւ դպրոցական անդրավարտիքի գները. դրանք էլ սկսում են 7000 դրամից: Իսկ եթե երեխան ուզում է դպրոց հաճախել ավելի էլեգանտ, ասենք՝ դասական պիջակով, ծնողը ստիպված է լինելու դրամապանակը հենց տեղում դատարկել՝ հրաժարվելով այլ գնումներից:
Տիկին Սիրանուշին զայրացրել էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, թե՝ 17 000 դրամով կարելի է մեկ երեխային զգեստավորել ու «զինել» գրենական պիտույքներով: «Շատ հետաքրքիր է, թե որ խանութից կամ շուկայից է օգտվում էդ Ադիբեկյանը: Եթե նեղություն չի, թող հասցեներն ասի՝ մենք էլ օգտվենք: Ինչի կարելի՞ է այդ աստիճան սուտ ասել, չէ՞ որ ամբողջ օրը խանութներն ենք չափչփում՝ էժան հագուստ գնելու հույսով: Ո՞նց եղավ, որ էդ մատչելի ապրանքը հենց Ադիբեկյանին հանդիպեց ու Ադիբեկյանն էլ դարձավ վերջին գնորդը: Թե ում է հաճոյանում, ում ինչ է ուզում ապացուցել՝ չհասկացանք»,- նկատեց մեր զրուցակիցը:
Մեկ այլ գնորդից՝ Թագուհի Հովհաննիսյանից էլ փորձեցինք ճշտել կատարած գնումների համար ծախսած գումարի չափը: Ի տարբերություն նախորդ գնորդի, որ դեռ փնտրտուքների մեջ էր, տիկին Թագուհին ծանրաբեռնված պայուսակներով էր. «Դրամապանակս լրիվ դատարկեցի, 400 դրամ եմ պահել՝ տաքսիով տուն հասնելու համար: 65 000 դրամ կար մոտս. երկու տղաներիս համար սովորական շալվարներ եմ գնել, յուրաքանչյուրին՝ 2-ական սպիտակ վերնաշապիկ, որ ամեն օր փոխելու հնարավորություն ունենան, կոշիկներ ու վերջ: Էդ 65 հազարի մեջ իբր սպորտային կոշիկներն ու մարզաշապիկներն էլ էի հաշվել, բայց փող չմնաց»:
Զրուցակիցներիս զայրացրել էր նաեւ դպրոցներում անվճար բաժանվող օրագրերի մասին հեռուստատեսությամբ արված հայտարարությունը: «Աշոտյանը երեկ պարզե՞ց, որ Անկախության տոնի առիթով օրագրեր են տպվել: Եթե մատներիցս փուշ հանելու նպատակ ունեին, թող գոնե մեկ շաբաթ առաջ հայտարարեին, որ չգնեինք: Վերջին օրով նման հայտարարություն են անում: Չգիտե՞ն, որ բոլորն արդեն առած-պրծած կլինեն: Թե կարծում են՝ չենք հասկանում ինչ են անում»,- ասաց Թագուհի Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել