Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ «ՆԱՐԵԿԱՑԻԻ» ՀԵՏ

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը վստահեցնում է, որ միությունում գործերը լավ են, սակայն խաթարված է ընտանեկան բիզնեսը:

Հայտնի է, որ «Նարեկացի» արվեստի միությունը շուրջ 7 տարի է, ինչ լայն գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Արցախում։ Երեւանի եւ Շուշիի վերակառուցված կենտրոններում իրականանում են մշակութային ամենաբազմաբնույթ միջոցառումներ։ Հրատարակվում են հեղինակային ձայնասկավառակներ, գրքեր ու ալբոմներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, տրվում են դասական, ջազային ու ազգագրական ժանրերի համերգներ, անցկացվում են բացառիկ հանդիպումներ, պարբերաբար ցուցադրվում են հայ եւ համաշխարհային կինոարվեստի ստեղծագործություններ, իրականացվում են շնորհանդեսներ եւ թատերականացված գործողություններ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամ անձանց ստեղծագործական գործունեության աջակցությանը։
Ֆինանսական, թե կառավարման խնդիրները, հավանաբար, իրենց ծանր կնիքն են դրել նաեւ «Նարեկացի» արվեստի միության վերջին մի քանի տարիների գործունեության վրա, եւ մշակութային ակցիաների փոխարեն մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում ավելի հաճախ հանդիպում ենք այնպիսի հրապարակումների, որոնք հիմնականում ներկայացնում են ֆինանսական դժվարություններ, նույնիսկ գժտությունների հասնող անձնական բախումներ, որոնք սազական չեն մշակութային կենտրոնին։
Ի՞նչ է կատարվում «Նարեկացիի» հետ։
Ինչի՞ց է դժգոհ միության նախագահ Նարեկ Հարությունյանը։
Ի՞նչ ֆինանսական բախումներ են, որ ներքին հարաբերություններից դուրս են հորդել եւ անթաքույց ներկայացվում են հանրության ուշադրությանը։
Մեզանում տխուր ապրելակերպ դարձած ֆինանսական վեճերի ու իրարամեղադրող հարաբերությունների արդյունքում կքանդվի՞ նաեւ այս մշակութային կառույցը։ Կարո՞ղ ենք պահպանել այս ինքնատիպ միությունը, թե՞ սա եւս կտրորվի սովորական դարձած մեր համընդհանուր անտարբերության նախիրային կճղակների տակ։
«Առավոտի» հետ կարճատեւ զրույցի ժամանակ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը նախ ներկայացնելով 2004 թ. Երեւանում իր կողմից հիմնադրած «Նարեկացին», ապա Շուշիում՝ 2006 թ. բացված մասնաճյուղի գործունեությունը, հայտնեց, որ տարաձայնությունները բացարձակ կապ չունեն ստեղծագործական աշխատանքների հետ, դրանք, իսկապես, ֆինանսական բախումներ են՝ արդեն նախկին համախոհ, Հարությունյան ընտանիքի անունից լիազորված անձ Սեւակ Արծրունու հետ. «Իրականում Արծրունու գործողությունների արդյունքում մեր ընտանիքը ոչ միայն շահույթ չի ստացել, այլ կրել է զգալի վնասներ, ընդ որում՝ այս փաստը նա անձամբ հաստատել է իր իսկ ներկայացրած հաշվետվություններում, որոնց հիմքով պահանջել է լրացուցիչ ներդրումներ՝ իբր իրավիճակը շտկելու նպատակով։ Ավելին՝ մեր ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզ» ՍՊԸ-ի արդեն նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը, հանցավոր համաձայնության գալով Արծրունու հետ, հափշտակել է բավականին խոշոր չափի գումար, ինչի առիթով մեր կողմից նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Հայտնի է, որ 2010 թ. սեպտեմբերի 25-ին Արծրունին՝ իր թիկնապահներով, ներխուժեց ընկերության տարածք՝ ջարդուփշուր անելով ամեն ինչ…»։ Պարզեցինք, որ, մի խոսքով, խաթարված են Հարությունյան ընտանիքի վերջին 10 տարում արված ներդրումները Հայաստանում, ինչը թեեւ Ն. Հարությունյանը ուղղակիորեն չի կապում «Նարեկացի» կենտրոնի հետ, սակայն դա չի կարող չանդրադառնալ մշակութային կենտրոնների ստեղծագործական գործունեության վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել